Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ դատախազությունում ուսումնասիրվել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը կասեցնելու եւ Սահմանադրական դատարան ուղարկելու որոշումը և ներկայումս նախապատրաստվում է ՀՀ վերաքննիչ դատարան ներկայացվելիք բողոքը։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
«Պարզաբանման կարգով տեղեկացնեմ, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 10.1-րդ կետի իմաստով քրեական գործի վարույթը կասեցնելու մասին դատարանի որոշումը հանդիսանում է գործն ըստ էության չլուծող դատական ակտ:
Չնայած այն հանգամանքին, որ օրենսգրքի 427-րդ հոդվածի առաջին մասի համաձայն առաջին ատյանի դատարանի` գործն ըստ էության չլուծող դատական ակտն ուժի մեջ է մտնում կայացման պահից, սակայն նույն օրենսգրքի 376.1 հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանների՝ գործով վարույթը կասեցնելու որոշումները վերաքննության կարգով բողոքարկման ենթակա են:
Այս իմաստով 2008թ. մարտի 1-ին և 2-ին կատարված իրադարձությունների վերաբերյալ անջատված և դատարան ուղարկված քրեական գործի վարույթը կասեցնելու և ՍԴ դիմելու վերաբերյալ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելն իրավաչափ է:
ՀՀ դատախազությունում ուսումնասիրվել է նշված դատական ակտը և ներկայումս նախապատրաստվում է վերջինիս դեմ ՀՀ վերաքննիչ դատարան ներկայացվելիք բողոքը»,- ասված է նրա գրառման մեջ: