Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն 9-րդ օրն է՝ ադրբեջանցի էկո-սադրիչները փակված են պահում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը, ինչի հետևանքով Արցախի Հանրապետությունում հումանիտար և անվտանգային ճգնաժամ է ստեղծվել: Իսկ ՀՀ իրավապահ մարմիններն այդ ընթացքում առանց հապաղելու արձագանքում են ֆեյսբուքյան էջերի գրառումներին և ընդդիմախոսների նկատմամբ քրեական հետապնդումներ իրականացնում:
Օրեր առաջ տեղեկացանք, որ Oragir.news լրատվական կայքի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված արարքի համար, այն է՝ «Անձի կամ անձանց խմբի նկատմամբ ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութ կամ առարկա տարածելը հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ»։
Քրեական գործ հարուցելու և մեղադրանք առաջադրելու համար հիմք է հանդիսացել լրատվական կայքի գլխավոր խմբագրի ֆեյսբուքյան գրառումը, այն է՝ «Ի նշան բողոքի՝ պետք է հրապարակի տոնածառը վառել»։
Իհարկե, առնվազն պետք է վառ երևակայություն ունենալ, որպեսզի կարողանալ Գևորգ Էմին-Տերյանի գրառումը հարմարեցնել նրան առաջադրած քրեական օրենսգրքի վերը նշված հոդվածի տրամաբանությանը: Կասկածից վեր է, որ «տոնածառը» ոչ անձ է, ոչ անձանց խումբ և ոչ էլ ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագում ունեցող:
Սակայն առավել մտահոգող ու անհանգստացնող է իրավապահ մարմինների երկակի չափանիշներով գործելաոճը: Սոցիալական ցանցերում արդեն առնվազն 4 տարի հրապարակվող գրառումներից ընտրել են հենց այս մեկը և առանց իրավիճակը պարզելու, առանց նյութերն ուսումնասիրելու՝ անմիջապես դիմել են կոնկրետ գործողությունների:
Գևորգ Էմին-Տերյանի հետևից իրավապահները գնացել են նրա բնակարան, երբ նա տանը չի եղել, և սա այն դեպքում, երբ Էմին-Տերյանը հրապարակային անձնավորություն է, ու նրան դժվար չէր մեկ զանգով կամ հաղորդագրությամբ հրավիրել ոստիկանության համապատասխան բաժին: Փոխարենը՝ գերադասել են անհանգստություն պատճառել խմբագրին, հետո նաև ընտանիքի անդամներին՝ հընթացս վախի մթնոլորտ ստեղծելով:
Գևորգ Էմին-Տերյանին ոստիկանության բաժնում նաև հիշեցրել են, որ նա 10 000 հետևորդ ունի՝ հավանաբար այդպիսով փորձելով տպավորություն ստեղծել, թե այդ 10 000 անձինք անհապաղ նետվելու էին Հանրապետության հրապարակի տոնածառը վառելու:
Բայց այդ նույն իրավապահները, չգիտես ինչու, նույն փութաջանությամբ չէին գործում, երբ 2020թ. նոյեմբերի 10-ին 1 միլիոն ֆեյսբուքյան հետևորդ ունեցող Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին կոչ էր անում պատրաստվել վրեժի, «որովհետև մեր զինվորների վրեժը մենք դրանցից պետք է հանենք: Մեր կորսված հայրենիքի վրեժը մենք դրանցից պետք է հանենք»: Կամ, երբ նույն թվականի նոյեմբերի 16-ին առաջնագծի զինվորներին սպասում էր Երևանում՝ «վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը»:
Արդյո՞ք այս դրվագները քաղաքացիական պատերազմի կոչ չէին: Բայց, հասկանալի պատճառներով, նրա այդ գրառումն ու ֆեյսբուքյան ուղիղ եթերը չարժանացան իրավապահների ուշադրությանը, քրեական գործեր չհարուցվեցին, Նիկոլ Փաշինյանի ՍԷԿՏ-ն էլ չփակեցին, ինչպես դա արել են հիմա՝ Oragir.news լրատվական կայքի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանի պարագայում:
Հայաստանի ժուռնալիստների միությունն իր խորը մտահոգությունն ու վրդովմունքն է արտահայտում մեր ժողովրդի համար այս ողբերգական օրերին ընդդիմախոս լրագրողների, լրատվամիջոցների նկատմամբ քաղաքական բնույթի քրեական հետապնդումների նոր ալիք սկսելու առնչությամբ և իշխանություններին ու, մասնավորապես, իրավապահ մարմիններին ցանկանում ենք հիշեցնել, որ երեկ Արցախում մարդ է մահացել, որովհետև նրան չեն կարողացել Երևան տեղափոխել Լաչինի միջանցքի փակ լինելու պատճառով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ