կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-11-14 20:19
Քաղաքական

«Մենքը» ԱԺ-ում լինելու է գաղափարական ընդդիմախոս իշխանություններին

«Մենքը» ԱԺ-ում լինելու է գաղափարական ընդդիմախոս իշխանություններին

«Մենք» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակը բաղկացած է 144 հոգուց: Դաշինքի ցուցակը գլխավորում է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, 2-րդ տեղում «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանն է, 3-րդ տեղում «Ազատ դեմոկրատների» փոխնախագահ Անժելա Խաչատրյանը, 4-րդ տեղում՝ Արտակ Զեյնալյանը, 5-րդ տեղում՝ Բորիս Նազարյանը:

Դաշինքի փաստաթղթերը ԿԸՀ հանձնելուց հետո լրագրողների հետ զրույցում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ Անժելա Խաչատրյանը հիշեցրեց, որ նախորդ ընտրություններն անցել են տոտալ կեղծիքներով, իսկ այսօր ունենք օրենքի ուժով լուծարված ԱԺ և նշանակված արտահերթ ընտրություններ:

«Նախորդ ընտրություններին արձանագրված քվեները վավեր չենք համարում, քաղաքացին ևս այդ քվեները չի ընդունել: Իսկ այսօր մեր դաշինքը ներառական և ուժեղ ցուցակ է ներկայացրել: Մեր ցուցակում ներառված են իրենց ոլորտներում պրոֆեսիոնալներ, որոնք նորանկախ ՀՀ-ում իրենց ներդրումն են ունեցել» - հավելեց նա:

Ընդդիմություն է արդյոք լինելու «Մենք» դաշինքը, պատգամավորի թեկնածուն նշեց, որ եթե իշխանություն չես, ապա ըստ քաղաքագիտական աքսիոմայի համարվում ես ընդդիմություն: Նա հավելեց, որ իրենք ոչ թե կոնկրետ տեղի, այլ ՀՀ քաղաքացու քվեի համար են պայքարելու.

«Չեմ ուզում նշել, թե որ տեղի համար ենք պայքարում` երկրորդ, երրորդ, մենք պայքարում ենք, որ ՀՀ ԱԺ-ում լինի հստակ գաղափարական ընդդիմախոս իշխանություններին, որը ոչ միայն հակառակորդ կլինի, այլ կօգնի իշխանությանը` կատարելու հեղափոխության հանձնառությունները»:

Yerkir.am-ի հարցին ի պատասխան Անժելա Խաչատրյանը նշեց, որ իրենք Հայաստանը պատկերացնում են եվրոպական մոդելի երկիր, որը կունենա մրցունակ տնտեսություն, կլինի քաղաքակիրթ: