կարևոր
3694 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-15 16:55
Քաղաքական

Համոզված եմ, որ մենք կստանանք այնքան, ինչքան ինքներս մեզ գնահատում ենք․ Արթուր Թովմասյան

Համոզված եմ, որ մենք կստանանք այնքան, ինչքան ինքներս մեզ գնահատում ենք․ Արթուր Թովմասյան

Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը՝ Արցախում ստեղծված իրավիճակի մասին։

Ստորեւ ներկայացնում ենք նր հայտարարությունը. «Արդեն 3-րդ օրացուցային օրն է, ինչ Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ մայրուղին փակ է:

Անկեղծ ասած, ցավ ապրեցի, երբ ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ ԱԺ խմբակցություններն առանձին-առանձին հանդես եկան հայտարարություններով:

Այս պայմաններում, երբ Արցախը կանգնած է հումանիտար աղետի առջև, երբ Արցախում ապրող ժողովուրդը զրկված է գազամատակարարումից, երբ առողջական ծանր խնդիրներով հիվանդները զրկված են անհրաժեշտ դեղորայքից և առողջապահական ծառայություններից, պարենային և առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարումից, երբ մանկապարտեզներում ու դպրոցներում կասեցվել է բնականոն աշխատանքը, կարծում եմ՝ ՀՀ խորհրդարանի բոլոր խմբակցությունները միասնական հայտարարությամբ պետք է արտահայտեին Արցախի հանդեպ Ադրբեջանի հրահրած վերջին սադրանքների մասին իրենց մտահոգություններն ու դատապարտող կոչերը:

Անիմաստ ենք համարում անընդհատ կրկնել 2020 թվակնաի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի դրույթները, որոնց Ադրբեջանը ոչ միայն հավատարիմ չի մնում, այլև ցանկացած անհիմն պատրվակի տակ կոպտորեն խախտում և խաթարում է Արցախում ապրող ժողովրդի խաղաղ ու անվտանգ կյանքը:

ԱՀ պետնախարար Ռուբեն Վարդանյանը «Կոմերսանտ » թերթին տված հարցազրույցում անհրաժեշտ է համարում «օդային միջացք»-ի բացումը և Ստեփանակերտի օդանավակայանի գործարկումը: Նման պայմաններում, երբ փակ է միակ ցամաքային ճանապարհը, «օդային միջանցք»-ի բացումը լավագույն այլընտրանքն է հումանիտար աղետի կանխման համար:

Փոքրիկ Արցախը իրենից վտանգ չի ներկայացնում, սակայն վտանգված է նրա ժողովրդի ապրելու և կյանքի իրավունքը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ևս մտահոգություն է հայտնել Հայաստանը Արցախին կապող միակ մայրուղու  փակման կապակցությամբ: Նա կողմերին կոչ է անում միջանցքով ապահովել անխափան երթևեկությունը՝ համաձայն ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների:

Քաղաքակիրթ աշխարհին պետք է մտահոգի այն, ինչ այսօր տեղի է ունենում Արցախում: Հումանիտար աղետի առջև կանգնած Արցախի ժողովուրդը, մեծ հաշվով, հասցեական հայտարարությունների կարիք ունի:

Ցեղասպանությունից տառապել և տառապում են աշխարհի տարբեր ժողովուրդներ, ազգեր ու ազգություններ, իսկ հայ ժողովրդի համար այն անցյալն է, ներկան, բայց ո´չ ապագան: Համայն հայությունը պետք է հասկանա՝ ինչ է կորցնում և ինչ է շահելու:

Արցախի ժողովուրդը կայացրել է իր հերոսական որոշումը՝ կառուցել ժողովրդավարական երկիր և ապրել արժանապատիվ խաղաղության պայմաններում, բայց ոչ պարտադրված խաղաղության:

Երախտապարտ ենք աշխարհի տարբեր երկրներին և միջազգային  կառույցներին՝ Արցախում առկա հումանիտար ճգնաժամի առիթով հնչեցրած  կոչերի ու դատապարտող հայտարարությունների համար, սակայն մտահոգություններն ու կոչերը քիչ են, մեզ անհրաժեշտ են գործուն ու տեսանելի քայլեր:

Կարծում եմ՝ տեղին է ասված՝ կարևոր չէ, ով է քեզ դեմ, կարևոր է՝ ով է կողքիդ: Մեր կողքին գտնվող մարդիկ, կամ կազմակերպությունները, կամ դաշնակիցները, կամ ՀՀ մեր քույրերն ու եղբայրները, համահայկական սփյուռքը պետք է գիտակցեն, որ արցախյան հակամարտությունը վերածվել է մահաբեր հակամարտության:

Սիրելի´ հայրենակիցներ

Արցախը չպետք է փնտրել տարածաշրջանի և օտար պետությունների մեջ: Արցախը բոլորիս մեջ է. սա պետք է հասկանանք ամենքս: Եվ եթե յուրաքանչյուրս մեզանում այդ արժանապատիվ աշխարհատարածքը փնտրենք, հայտնաբերենք, ոչ ոք չի կարող ստիպել ապրել պարտադրված երկրում:

Արցախի իշխանությունն ու ընդդիմությունը մի ամբողջական մարմին է, ինչքան էլ մեզ մաշեն, սպառնան, ահաբեկեն, այս սուրբ հողում ապրել և ապրելու են մարդիկ, ովքեր արժանի են ուշադրության և հարգանքի:

Համոզված եմ, որ մենք կստանանք այնքան, ինչքան ինքներս մեզ գնահատում ենք:

Երջանիկ եմ, որ  ապրում եմ Արցախում: Ամեն մի աշխատանքային օր ինձ համար բացվում է այն զգացողությամբ,որ այն վերջինն է իմ երկրային կյանքում: Այս պահին իմ ներաշխարհում  նույնականացված են հայրենիքի համար ապրելու  և նահատակվելու զգացողությունները:

Կյանքը բումերանգ է և պայքար: