կարևոր
3664 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-12 23:14
Քաղաքական

Դա հրապարակային խոստովանություն է, ցուցմունք թե սեփական թիմի նկատմամբ, թե՝ իր. Լիլիթ Գալստյան

Դա հրապարակային խոստովանություն է, ցուցմունք թե սեփական թիմի նկատմամբ, թե՝ իր. Լիլիթ Գալստյան

«Հրապարակի» հարցերին պատասխանում է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը:

- Դուք գրառում էիք արել Հովիկ Աղազարյանի՝ մեր թերթին տված հարցազրույցի հետ կապված, որ ասել էր՝ եթե ընդդիմադիրները խոլոք մնան, իրենք ընդդիմադիրներին այլևս չեն ծեծի: Աղազարյանի այս «մեծահոգությունը» զայրացրել էր Ձեզ:

- Սա ոչ թե «մեծահոգության», այլ քաղաքական տգիտության և տհասության նշան է՝ վարկաբեկող ոչ միայն սեփական թիմն, այլև Հայաստանի քաղաքական համակարգն առհասարակ։ Բայց սա իրականություն է, շատ ցավալի իրականություն, ինչի մեջ թաղված է երկիրը։ Խոսել ժողովրդավարությունից, բայց գործել փողոցայինի, հոտային արարածի վարքով։ Ես, վստահ եմ, որ սա անգամ քննարկման չի արժանանա ՔՊ-ում։ Ի վերջո, արժեքային այս համակարգով և ցեղախմբային այս մտածողությամբ իր քարոզարշավն անցկացրեց նրանց քաղաքական առաջնորդը։

- Խոսել էիք իրավապաշտպան ՀԿ-ների լռության մասին: 2018-ից առաջ այդ նույն ՀԿ-ները չէին լռում, երբ նմանաբնույթ դեպքեր էին տեղի ունենում: Նրանց լռությունն այժմ ինչո՞վ կբացատրեք:

- Այս խնդրին անդրադառնալու առիթ էլի եմ ունեցել։ Պարզվեց՝ Հայաստանում գործող, մանավանդ դրսից սնվող ՀԿ-ների ճնշող մեծամասնությունն, ընդամենը վարձկաններ էին․ երկրի հիմքերը թուլացնող վարձկաններ։ Նրանց թիրախում ոչ թե իրական ժողովրդավարությունն էր կամ քաղաքացիական հասարակության ձևավորումն, այլ այդ արժեքների ներքո ներազգային համերաշխությունը փսորելու գործիք, ազգային պետականությունը նսեմացնելու և իրապես առկա թերությունները հրեշայնացնելու քարոզչական հնարքներով սեփական երկրից ու արժեհամակարգից հասարակությանը օտարեցնելու միջոց։ Նրանց ազգային, պետական շահը չի հետաքրքրել։ Պարզվում է նրանք օտար շահեր սպասարկող գործակալներ էին՝ հմտորեն թաքնված ժողովրդավարության շղարշի տակ․․․. Կոռուպցիան, բռնությունն ու ամենաթողությունը համատարած են, նրանք չկան․․․. որոշները ԱԺ-ում են։

- Ստացվում է, որ Աղազարյանն ընդունում է իշխանությունների ծեծող լինելու հանգամանքը: Ընդդիմադիրներն այս մասով ի՞նչ քայլեր են պատրաստվում ձեռնարկել:
 
- Ըստ էության, այո, դա հրապարակային խոստովանություն է, ցուցմունք թե սեփական թիմի նկատմամբ, թե՝ իր։ Այս մարդիկ այնքան հեռու են իրական քաղաքական և ազգային արժեքներից, պետություն կառուցելու գիտակցումից, քաղաքական մարդու խոսքի պատասխանատվությունից։ Քաղաքական բոլշևիզմը  հավանաբար գլխապտույտ է առաջացրել, այս քստմնելի վարքագիծը համատարած է․  ուրանալ, մերժել, ստել, անվերջ ստել․․․. ամեն օր ենք բախվում սրան։  Սրանք բարոյական արժեքներ ու կարմիր գծեր չունեն։ Ցավալին նաև այն է, որ հասարակությունն էլ է անտարբեր դարձել քաղաքական այս ամբարո վարքագծին։ Բայց պատմությունը հո արձանագրում է։ Ըստ էության, իրենց համար հավանաբար կարևորը շեֆին հաճո լինելն է։  Սրանք նաև հայտարարություններ են անում հայ-ադրբեջանական համատեքստում, որոնք ավելի քան վտանգավոր են, ադրբեջանական նարատիվին ծառայող։ Անկեղծ վստահ չեմ, թե «քաղաքական մտքի այդ գիգանտի կապակցությամբ» քայլեր կձեռնարկենք․․․ախր այս  պահին անվտանգային այնպիսի առաջնահերթությունների ենք բախված, ներառյալ պատերազմի սպառնալիքը։

- ԿԳՄՍ նախարարն իր դիմումի համաձայն հեռացավ պաշտոնից: Ժաննա Անդրեասյանը հավակնում է նախարար դառնալ: Այս փոփոխությունն ի՞նչ կարող է տալ մեզ:

- Լավ է, որ Դումանյանը հեռացավ կամ հեռացրին։ Մի քաղաքական աղետ էլ այս մտածողությամբ, կասեի ոչ համարժեք, ադեկվատ պատասխանատվությամբ, նախարարի գոյությունն էր։ Ոչ մի անձնական վիրավորանք չեմ ուզենա հնչեցնել։ Բայց նրա հետ իմ բոլոր շփումները մի եզրակացության են հանգեցրել․ ողբերգություն է, երբ երկրիդ մշակութային /կրթական/ քաղաքականության և մշակութային ժառանգության պահպանման թիվ մեկ պատասխանատուն չի գիտակցում, չի հասկանում, չի ընկալում /անգամ, եթե ձևացնում է, թե չի հասկանում/ ոլորտները։ Չեմ կարծում, թե աշխատանքից ազատելու պատճառը մասնագիտական է․․․ Կարծում եմ թե՛ Դումանյանի, թե՛ Համբարձում Մաթևոսյանի պաշտոնանկությունները պայմանավորված են Բրյուսովի համալսարանի ձախողված օպերացիայով: Մեկը ԿԳՄՍ նախարար էր, մյուսը՝ բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահ:

Ասեմ, նաև, որ Հայաստանի պես երկրի համար ռազմավարական սխալ է մշակույթի և կրթության ոլորտների միացումը մեկ տանիքի տակ։ Մշակույթը բոլորովին արհամարհված է՝ մնացորդային գիտակցումով և վերաբերմունքով։

Իրականում, ինչ էլ լինի, սա քաղաքական նշանակում է և ապագա նախարարը թիմի արժեքային համակարգի կրողը կամ կիսողն  է լինելու։ Համակարգ, որը կառուցված է ազգային արժեքներն ուրանալու կամ մերժելու վրա։ Ես լավատես չեմ։

Աղբյուրը՝  hraparak.am