Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Մոտ երկուսուկես ամիս է՝ Արցախում դադարել են պատերազմական գործողությունները, սակայն դա չի խանգարում, որ շարունակենք ապրել ռազմական դրության պայմաններում։ Եվ մի շատ պարզ հարց կարող է առաջանալ՝ լավ, իմաստը ո՞րն է ռազմական դրությունն այսքան երկար պահելու, մանավանդ որ Հայաստանը մեկը մյուսի հետևից, առանց որևէ հակազդման զիջումներ է կատարում Ադրբեջանին։ Պատահական չէ, որ շատերը ռազմական դրությունն այսքան ժամանակ պահելու մոտեցման տակ փնտրում են ներքաղաքական բաղադրիչներ։
Հարցն այն է, որ Հայաստանում ստեղծված իրավիճակը մեծ հաշվով անկանխատեսելի է և ցանկացած պահի հուժկու ընդդիմադիր շարժում կարող է սկսվել, որն իր քայլերով շատ լուրջ վտանգ կարող է ստեղծել իշխանությունների համար։ Իսկ Փաշինյանի մտավախությունները պարտությունից հետո չափազանց շատ են, քանի որ ներքաղաքական օրակարգը խմորվում է իր հեռացման պահանջի շրջանակներում։ Դրանով է պայմանավորված, որ ռազմական գործողությունների ավարտից տևական ժամանակ հետո՝ միայն դեկտեմբերին վերացվեց ռազմական դրության՝ հավաքների կազմակերպման և անցկացման արգելքը։ Սակայն մի շարք սահմանափակումների վերացման հետ մեկտեղ, ռազմական դրության ռեժիմը կարող է օգտագործվել այն գործիքի տեսքով, որով հնարավոր կլինի արդարացնել ընդդիմության նկատմամբ ճնշումները։
Նկատենք, որ նմանատիպ իրավիճակ էր նաև համավարակով պայմանավորված արտակարգ դրության անընդհատ երկարաձգման դեպքում, որի տակ թաքնված էր ընդդիմության քայլերը չեզոքացնելու նպատակադրումը։ Բայց Նիկոլ Փաշինյանի մտավախությունները սրանով չեն ավարտվում։ Վերջինս բոլոր կողմերից իր դեմ դավադրությունների հոտ է առնում։ Նրա մոտ անվստահություն կա անգամ սեփական թիմի նկատմամբ։ Վերջին շրջանում մենք ականատես եղանք, թե ինչպես են մի շարք իշխանական պատգամավորներ դուրս գալիս իրենց հարազատ խմբակցությունից։ Ավելին՝ «Իմ քայլը» խմբակցությունը ներքին տարաձայնությունների պատճառով բզկտված վիճակում է գտնվում։Ուստի այսքանից հետո առաջիկա քաղաքական զարգացումների մասով Փաշինյանն ինչքանո՞վ կարող է վստահ լինել, որ իրեն արդեն քաջածանոթ սցենարը, որ ինքը հրաժարական է տալիս, երկու անգամ չի ընտրվում խորհրդարանի կողմից և արտահերթ ընտրություններ են տեղի ունենում, կարող է իրականություն դառնալ։ Մեծ հաշվով, որևէ վստահություն չկա, թե իշխանական պատգամավորների վարքագիծը տեղավորվելու է այդ սցենարի շրջանակում։ Դրա հետ մեկտեղ, Փաշինյանը մեծապես սարսափում է թեկուզ մեկ օր հրաժարական տվածի կարգավիճակում լինելուց։ Այդ է պատճառը, որ վերջինս շրջանառության մեջ է մտցնում ներքաղաքական ճգնաժամի լուծման մեկ այլ տարբերակ, այն է՝ սահմանադրական փոփոխությունների միջոցով խորհրդարանի ինքնալուծարման մեխանիզմի կիրառումը։
Այսինքն՝ ինքը հրաժարական չի տալիս, Սահմանադրության փոփոխություն է իրականացնում, և խորհրդարանը ստանում է ինքնալուծարման ու արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակելու լիազորություն: Եվ այս դեպքում Փաշինյանը հնարավորություն կստանա նաև մինչև ընտրությունների անցկացումը օգտվել իր պաշտոնական կարգավիճակից և հանուն իր իշխանության վերարտադրության գործի դնել բոլոր լծակները։ Ու ամենակարևորը, գործադիրի ղեկավարի կարգավիճակում նա կպահի ուղիղ ազդեցությունը իրավապահ համակարգի ու հենց իր թիմի նկատմամբ: Պատահական չէ, որ արդեն իսկ շրջանառության մեջ են դրվում տեղեկություններ, որ Փաշինյանն իր թիմակիցների վրա «դոսյեներ» ունի և մեծ մասին հենց դրանցով էլ պահում է իր կողքին:
Իսկ այն, որ անձամբ ինքն է ուզում անցկացնել ընտրություններ, ապացուցում է ևս մեկ վախ ու վստահություն, որ հակառակ դեպքում ոչ մի պարագայում ինքն ու իր թիմը չեն վերարտադրվի: Ըստ այդմ էլ՝ բնական են ընդդիմադիր շրջանակների տեսակետները, որ նրա պաշտոնավարման պարագայում ընտրությունները անպայմանորեն կեղծվելու են և չեն կարող լեգիտիմ համարվել»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: