կարևոր
3424 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-12 14:30
Քաղաքական

Փաշինյանը հերթով, կարգով «մաքրում է» Պապիկյանի հավատարիմներին

Փաշինյանը հերթով, կարգով «մաքրում է» Պապիկյանի հավատարիմներին

Նիկոլ Փաշինյանը՝ ներկուսակցական բախումները, սեփական վախերը հնարավորինս կոծկելու համար զգուշավորությամբ, առանց շտապելու պետական կառավարման համակարգում առանցքային պաշտոններ ունեցող Սուրեն Պապիկյանի թիմակիցներին հեռացնում է ասպարեզից։ 

Ամեն ինչ սկսվեց ՔՊ վարչության կեղծված ընտրությունից, որը, բնականաբար, անհետեւանք չէր մնալու։ Այսօր հայտնի դարձավ, որ մոտ երկու ամիս անց Փաշինյանը Պապիկյանի հավատարիմներից առաջինը «պատժում» է փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանին։ 

MediaHub-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Փաշինյանին մտահոգում է պաշտպանության նախարարի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում օր-օրի աճող ռեյտինգը, ինչի մասին է վկայում նաեւ Փաշինյանի՝ վարչության նախագահի պաշտոնին վերադարձը։ Նոյեմբերի սկզբին ՔՊ կուսակցության 6-րդ համագումարի ժամանակ նա վերցրեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ կուսակցության ղեկավարի «տիտղոսը», այդպիսով ինքն իրեն ապահովագրելով «դասալիք» ՔՊ-ականներից։

Համբարձում Մաթեւոսյանի գլխին «սեւ ամպեր» էին կուտակվել դեռ վարչության կեղծված ընտրությունից հետո, երբ պարզ դարձավ, որ կուսակցության ներսում ներքին հրահանգ էր եղել ամեն ինչ անել, որ ՔՊ վարչության անդամությունում իր պատվավոր տեղը ունենա նաեւ Մաթեւոսյանը։ Վարչության խորհրդում ի սկզբանե չէին ընտրվել ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը, արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը։

Օրեր անց, երբ պարզվեց, որ ընտրությունը կեղծվել է, վերահաշվարկի արդյունքում Համբարձում Մաթեւոսյանը դուրս մնաց վարչության կազմից։ Հետագայում պարզվեց, որ վարչության կեղծված ընտրությունները կոորդինացրել էին, այսպես կոչված, Սուրեն Պապիկյանի թիմակիցները՝ Արփի Դավոյանը, Վիլեն Գաբրիելյանը, Տրդատ Սարգսյանը եւ փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանը։ Այս խումբն այնպիսի հանդգնություն էր ունեցել, որ կեղծել էր անգամ Փաշինյանի քվեները՝ սկզբում նա ունեցել էր 941 ձայն, հետո պարզվեց, որ Փաշինյանը հավաքել է 945 ձայն։ 

Ընտություններից հետո երկար քննարկման հիմք է հանդիսացել հատկապես այն, որ Արփի Դավոյանը ավելի շատ ձայն է հավաքել քան երկրի երկրորդ դեմքը՝ Ալեն Սիմոնյանը, որն ԱԺ նախագահի աթոռին նստած, օրն ի բուն «հայհոյում է» ընդդիմադիրներին՝ այսպիսով հաստատելով իր հավատարմությունը «հեղափոխության արժեքներին»։ Պապիկյանի մանդատակիր թիմին՝ Արփի Դավոյանին, Տրդատ Սարգսյանին եւ Վիլեն Գաբրիելյանը Փաշինյանը հապաղում է «ձեռք տալ»՝ պայմանավորված Սահմանադրական փոփոխություններով։ Մեր աղբյուրի խոսքով՝ նա վստահ է, որ վերեւում նշված անձինք ավելի շուտ ՔՊ-ից դուրս կգան, բայց ոչ մի գնով մանդատները վայր չեն դնի, իսկ սահմանադրական փոփոխությունների ժամանակ, Փաշինյանը գիտի, որ պատգամավորական յուրաքանչյուր քվե որոշիչ նշանակություն է ունենալու։