կարևոր
3523 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-07 17:19
Քաղաքական

Չեմ կարող ասել, որ որևէ կոնկրետ արդյունք ունենք․ Փաշինյանը՝ փոխվարչապետերի եռակողմ հանդիպման մասին

Չեմ կարող ասել, որ որևէ կոնկրետ արդյունք ունենք․ Փաշինյանը՝ փոխվարչապետերի եռակողմ հանդիպման մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց դեկտեմբերի 6-ին Մոսկվայում կայացած Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հանդիպման արդյունքները։ ԱԺ-ում Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ Փաշինյանն ասաց, որ եռակողմ հանդիպման ժամանակ քննարկվել է Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերակառուցման հարցը։

«Ցավոք, չեմ կարող ասել, որ որևէ կոնկրետ արդյունք ունենք, բայց ուզում եմ վերահաստատել, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է և շահագրգռված է այդ ծրագրի իրականացմամբ։ Մեր առաջարկը շարունակում է մնալ ուժի մեջ, և Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է օր առաջ սկսել երկաթուղու վերականգնումը։ Մենք նախկինում բարձրաձայնել ենք մեր պատկերացումները։ Այդ պատկերացումների շուրջ ընդհանրության արձանագրման պահից պատրաստ ենք սկսել երկաթուղու վերականգման աշխատանքները»,- ասաց Փաշինյանը՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ երկաթուղին և ճանապարհը պետք է գործեն Հայաստանի Հանրապետության օրենսդրության շրջանակներում, ինչը պետք է արձանագրվի փաստաթղթի վրա։

2022 թվականի դեկտեմբերի 6-ին Մոսկվայում կայացել էր Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի 11-րդ նիստը:

Կողմերն ընդգծել էին Ռուսաստանի Դաշնության դրական դերը Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև նրանց միջև տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման ուղղությամբ ջանքերի գործադրման հարցում:

Նիստի ընթացքում քննարկվել են հարցեր` կապված Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ու տարածաշրջանում երկաթուղու կառուցման, երկաթուղային հաղորդակցության զարգացման և փոխադրումների կազմակերպման հետ։