Փոխարժեքներ
13 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.17 |
EUR | ⚊ | € 423.33 |
RUB | ⚊ | ₽ 4.03 |
GBP | ⚊ | £ 505.68 |
GEL | ⚊ | ₾ 142.05 |
Հայկական համընդհանուր իրողութիւնների ու մերօրեայ մարտահրաւէրների շուրջ «Ալիք»-ը խնդրել է ՀՅԴ Բիւրոյի անդամ, ճրտգ. Վիգէն Բաղումեանի մեկնաբանութիւնները, որոնք սիրելի ընթերցողին է ներկայացւում հարց- պատասխանի ձեւաչափով:
Հ.-Վերջերս Երեւանում կայացաւ, այսպէս ասած, Համաշխարհային հայկական գագաթնաժողով, որին, սակայն, չմասնակցեցին համահայկական տարողութեամբ կառոյցներ՝ ի դէմս երկու կաթողիկոսութիւնների եւ հայկ. աւանդական կուսակցութիւնների եւ այլ կազմակերպութիւնների:
Ըստ Ձեզ, նման պայմաններում տւեալ գագաթնաժողովը արդարացնելո՞ւ է իրեն:
Պ.-Այսպէս կոչւած «Համաշխարհային հայկական գագաթնաժողովը», որը տեղի ունեցաւ հոկտեմբերի աւարտին, ոչ միայն ազգի եւ հայրենիքի համար օգտակար դեր չունեցաւ, այլեւ մեզ աւելի պառակտեց:
Այս իշխանութիւնների հետեւողական եւ անփոփոխ նպատակը՝ Սփիւռքի համահայկական կառոյցների չէզոքացումն է: Եւ ոչ միայն Սփիւռքի, այլեւ հայութեան, այդ թւում Հայաստանի, սկսած Հայ Առաքելական Եկեղեցուց, Հայոց Բանակից, Հայոց լեզւի ու մշակոյթի ինստիտուտներից մինչեւ դատական համակարգ ու բարձրագոյն ուսումնական հաստատութիւններ: Քանդել ու քանդել:
Մենք անցնող աւելի քան 20 տարիների ընթացքում ունեցել ենք բազմաթիւ Հայաստան-Արցախ-Սփիւռք համաժողովներ՝ նկատառելի ձեռքբերումներով: Համաժողովները ընդգրկել են թէ՛ աւանդական Սփիւռքը, թէ՛ Ռուսաստանի եւ նախկին համայնավարական երկրների հայկական համայնքներ, եւ թէ՛ նորակազմ համայնքները (Շւէյցարիա, Հոլանդիա եւ այլն):
Իրագործւել են բազմապիսի մարզական, կրթական, մշակութային եւ առեւտրա-տնտեսական միջոցառումներ: Ի՞նչ եղան այդ ամբողջ ձեռքբերումները: Այս իշխանութիւնների պառակտիչ եւ ատելութեամբ լի գործունէութեան արդիւնքում՝ մեծապէս քայքայւեցին:
Համագործակցութիւնն իր տեղը զիջեց թշնամանքի ու ատելութեան: Խաղաղ համագործակցութեան հասցէատէրը ներազգային կեանքից փոխադրւեց դուրս՝ դէպի Թուրքիա եւ Ադրբեջան:
Ի՞նչ էր նշանակում համաժողով անցկացնել առանց Արցախի կարգավիճակի համահայկական քննարկման եւ եզրայանգման օրակարգի: Ի՞նչ էր նշանակում Հայաստանի գոյապայքարի եւ ստայօդ «խաղաղութեան» հարցի խորքային քննարկման անտեսումը: Եւ այս բոլորը առանց Հայ Առաքելական Եկեղեցու եւ Սփիւռքի կազմակերպւած ուժերի մասնակցութեան, որոնք դէմ էին պառակտւած եւ կեղծ մթնոլորտում նման համաժողովի անցկացմանը: Համաժողով, որը եթէ անհրաժեշտ էր, ապա պիտի կազմակերպւէր համազգային առաւելագոյն վստահութիւնն վայելող եւ անկողմնակալ կառոյցների կողմից, օրինակ՝ երկու կաթողիկոսութիւնների: Իշխանութիւնները, երբ հասկացան, որ կաթողիկոսութիւնները եւ Սփիւռքի խոշոր կազմակերպութիւնները նպատակայարմար չեն գտնում նման անհեթեթ ու ձեւական համագումարի մասնակցել՝ ճարպկութիւն ցուցաբերելով՝ համաժողովին հրաւիրեցին միայն իրենց համակրող սակաւաթիւ անհատներին:
Հ.- Պրն. Բաղումեան, աշխարհատարած հայկական համայնքներում տեղի են ունենում ՀՅԴ 132-րդ տարեդարձի ժողովրդական հանդիսութիւններ: Կը խնդրեմ Ձեր բնութագիրը նախ 132-ամեակի առթիւ, ապա՝ մերօրեայ այն մարտահրաւէրների մասին, որոնց պատրաստւում է դիմագրաւել ՀՅԴ-ն՝ իր սեփական կառոյցներով ու իր շուրջ համախմբւած ժողովրդական նեցուկով:
Պ.- Թէեւ Հայաստանում, Արցախում եւ Սփիւռքում հանրային տրամադրութիւնները մեղմ ասած լաւ չեն, սակայն ազգային-հայրենասիրական ուժերն իրենց առաւելագոյնն են անում, որպէսզի հոգեբարոյական ճգնաժամը յաղթահարւի եւ ինքնավստահութիւնը վերահաստատւի:
Ինչպէս միշտ Դաշնկացութեան գլխաւոր նպատակակէտը մեր ազգային շահերի պաշտպանութիւնն է: Սա առաջնային է:
Ցաւօք, այսօր մենք յայտնւել ենք բիրտ սպառնալիքների տակ, եւ գործող իշխանութիւնները, անկարող են կամ չեն ցանկանում լրջօրէն կանգնել հայկական շահերի պաշտպանութեան դիրքերում:
44-օրեայ պատերազմում դաւադիր պարտութեան եւ հետագայ անփառունակ նահանջողականութեան հետևանքով Հայաստանի եւ Արցախի Հանրապետութիւնները կանգնել են վտանգաւոր իրավիճակի դէմ – յանդիման:
Այսօր իրավիճակը բարդ է նաեւ ամբողջ տարածաշրջանում: Օրինակ, Ռուսաստանի եւ Իրանի թէկուզ ժամանակաւոր բացակայութիւնը Կովկասեան բեմից, Հայաստանին եւ Արցախին կը դնեն գոյութենական սպառնալիքի առջեւ:
Հետեւաբար, մեր առաջնային նպատակն է՝ կանխել անցանկալի զարգացումները եւ կարճ ժամկէտներում հասնել՝
ա) Համահայկական միասնականութեան եւ վերականգնել Հայաստան-Արցախ-Սփիւռք խաթարւած եռամիասնութիւնը:
բ) Հնարաւորինս շատ արտաքին դաշնակիցների օժանդակութեան ապահովմանը՝ առաջնութիւն տալով Իրանին եւ Ռուսաստանին:
գ) Արցախի ինքնորոշման միջազգային ճանաչմանը:
դ) Հայաստանի Հանրապետութեան նախապատերազմական սահմանների վերականգնմանն ու գերիների եւ նահատակների աճիւնների վերադարձմանը:
ե) Հայոց Բանակի հզօրացմանը:
Այս բոլորի իրագործման համար անհրաժեշտ է պարտւած եւ անճարակ իշխանութեան անցնցում հեռացումը:
Ինչպէս անցեալում, այսօր աւելի շեշտակի ՀՅԴ-ն, ամբողջական զօրաշարժի ենթարկելով իր տարբեր կառոյցները, բազմաթիւ երկրներում՝ ԱՄՆ-ից մինչեւ ՌԴ, Եւրոպա, Հարաւային Ամերիկա, Կանադա եւ Միջին Արեւելք, այդ թւում Իրան, օտար շրջանակների մօտ լաբբինգով են զբաղւած: Գործադիր իշխանութիւններ, պառլամենտներ, ոչ-կառավարական եւ միջազգային ինստիտուտներ եւ քաղաքական դէմքեր մեր կառոյցների շփումների եւ քարոզչութեան թիրախն են հանդիսանում:
Նմուշներ չեմ յիշատակում, քանզի գրեթէ ամէն օր հայկական լրատւութիւնը այդ գործունէութեան մասին վկայութիւններ է հրապարակում:
Հ.-Վերջին ժամանակաշրջանում Թուրքիան ամենաբարձր մակարդակով թիրախաւորում է Սփիւռքը, որին համարում է նախ որպէս հակաթուրքական լաբբինգի գործօն, եւ միւս կողմից՝ հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական հաշտեցման խոչընդոտ:
Նման հակահայկական թիրախաւորումը չէզոքացնելու ի՞նչ կարելիութիւններ ու հնարաւորութիւններ ունի Սփիւռքը եւ մասնաւորապէս ՀՅԴ-ն:
Պ.-Այս ծանր պայմաններում ՀՀ իշխանութիւնները պարտւել են ոչ միայն ռազմական, այլեւ՝ դիւանագիտական ասպարէզում: Եւ փոխարէնը՝ փորձում են յաղթել միայն սեփական ժողովրդին՝ Հայաստանում, Արցախում եւ Սփիւռքում, նրանց հանելով միմեանց դէմ եւ պառակտելով իւրաքանչիւրին իր ներսում:
Ահա, այսպիսի իրավիճակում, դժբախտաբար հայկական որոշակի շրջանակներ, Հայաստանի իշխանութիւնների գլխաւորութեամբ, հեշտութեամբ հրաժարւելով մեր ազգային կենսական շահերից, առաջ են մղում վտանգաւոր քաղաքական ուղղութիւն եւ իրականացնում են ամօթալի քարոզչութիւն:
Հայ-թուրքական խաղաղութեան կեղծ դրօշի ներքոյ, Հայաստան-Ադրբեջան հաշտութեան անւան տակ, իշխանութիւնները ահաւոր զիջումների են գնում Արցախի եւ Հայաստանի Հանրապետութեան սուվերեն տարածքների հաշւին: Սրանք ոչ թէ խաղաղութիւն եւ հաշտութիւն կը բերեն՝ այլեւ դիմացինների մօտ նոր ախորժակներ գրգռելու դուռ կը բացեն: Արդէն բացել են…
Ի տես այս դիրքորոշումների, բնական է, որ Թուրքիան եւ Ադրբեջանը ՀՅԴ-ն դիտում են որպէս իրենց թիւ 1 թշնամին:
ՀՅԴ-ն մերկացնում է պանթուրանական նպատակների իրագործմանը միտւած, բացայայտ եւ թաքուն ծրագրերը եւ, միւս ազգային ուժերի եւ հաստատութիւնների հետ փորձում է կանխել եւ չէզոքացնել թուրքերին յանձնւելու բոլոր վտանգներով լի «խաղաղասիրական» ծրագրերը:
Իհարկէ, մենք ոչ միայն դէմ չենք խաղաղութեանը, այլեւ առաջիններից ենք, որ ձգտում ենք իրական խաղաղութեան՝ որը հասանելի կլինի բացառապէս վստահութեան եւ արդարութեան ճամբով, եւ որի իրական երաշխիքներն են մեր համար՝ Հզօր Հայաստանն ու Արցախը, Հայոց աննկուն բանակով: