Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայկական համընդհանուր իրողութիւնների ու մերօրեայ մարտահրաւէրների շուրջ «Ալիք»-ը խնդրել է ՀՅԴ Բիւրոյի անդամ, ճրտգ. Վիգէն Բաղումեանի մեկնաբանութիւնները, որոնք սիրելի ընթերցողին է ներկայացւում հարց- պատասխանի ձեւաչափով:
Հ.-Վերջերս Երեւանում կայացաւ այսպէս ասած Համաշխարհային հայկական գագաթաժողով, որին, սակայն, չմասնակցեցին Համահայկական տարողութեամբ կառոյցներ՝ ի դէմս երկու կաթողիկոսութիւնների եւ Հայկ. աւանդական կուսակցութիւնների եւ այլ կազմակերպութիւնների:
Ըստ Ձեզ, նման պայմաններում տւեալ գագաթաժողովը արդարացնելո՞ւ է իրեն:
Պ.-Այսպէս կոչւած «Համաշխարհային հայկական գագաթաժողովը», որը տեղի ունեցաւ հոկտեմբերի աւարտին, ոչ միայն ազգի եւ հայրենիքի համար օգտակար դեր չունեցաւ, այլեւ մեզ աւելի եւս պառակտեց:
Այս իշխանութիւնների հետեւողական եւ անփոփոխ նպատակը՝ Սփիւռքի Համահայկական կառոյցների չէզոքացնելն է: Եւ ոչ միայն Սփիւռքի, այլեւ հայութեան, այդ թւում Հայաստանի, սկսած Հայ Առաքելական Եկեղեցուց, Հայոց Բանակից, Հայոց լեզւի ու մշակոյթի ինստիտուտներից մինչեւ դատական համակարգ ու բարձրագոյն ուսումնական հաստատութիւններ: Քանդել ու քանդել:
Մենք անցնող աւելի քան 20 տարիների ընթացքում ունեցել ենք բազմաթիւ Հայաստան-Արցախ-Սփիւռք համաժողովներ՝ նկատառելի ձեռքբերումներով: Համաժողովները ընդգրկել են թէ՛ աւանդական Սփիւռքը, թէ՛ Ռուսաստանի եւ նախկին համայնավարական երկրների հայկական համայնքներ, եւ թէ՛ նորակազմ համայնքները (Շւէյցարիա, Հոլանդիա եւ այլն): Իրագործւել են բազմապիսի մարզական, կրթական, մշակութային եւ առեւտրա-տնտեսական միջոցառումներ: Ի՞նչ եղան այդ ամբողջ ձեռքբերումները: Այս իշխանութիւնների պառակտիչ եւ ատելութեամբ լի գործունէութեան արդիւնքում՝ մեծապէս քայքայւեցին:
Համագործակցութիւնն իր տեղը զիջեց թշնամանքի ու ատելութեան: Խաղաղ համագործակցութեան հասցէատէրը ներազգային կեանքից փոխադրւեց դուրս՝ դէպի Թուրքիա եւ Ադրբեջան:
Ի՞նչ էր նշանակում համաժողով անցկացնել առանց Արցախի կարգավիճակի համահայկական քննարկման եւ եզրայանգման օրակարգի: Ի՞նչ էր նշանակում Հայաստանի գոյապայքարի եւ ստայօդ «խաղաղութեան» հարցի խորքային քննարկման անտեսումը: Եւ այս բոլորը առանց Հայ Առաքելական Եկեղեցու եւ Սփիւռքի կազմակերպւած ուժերի մասնակցութեան, որոնք դէմ էին պառակտւած եւ կեղծ մթնոլորտում նման համաժողովի անցկացմանը: Համաժողով, որը եթէ անհրաժեշտ էր, ապա պիտի կազմակերպւէր համազգային առաւելագոյն վստահութիւնն վայելող եւ անկողմնակալ կառոյցների կողմից, օրինակ՝ երկու կաթողիկոսութիւնները: Իշխանութիւնները, երբ հասկացան, որ կաթողիկոսութիւնները եւ Սփիւռքի խոշոր կազմակերպութիւնները նպատակայարմար չեն գտնում նման անհեթեթ ու ձեւական համագումարի մասնակցել՝ ճարպիկութիւն ցուցաբերելով՝ համաժողովին հրաւիրեցին միայն իրենց համակրող սակաւաթիւ անհատներին:
Հ.- Պրն. Բաղումեան, աշխարհատարած հայկական համայնքներում տեղի են ունենում ՀՅԴ 132-րդ տարեդարձի ժողովրդական հանդիսութիւններ: Կը խնդրեմ Ձեր բնութագիրը նախ 132-ամեակի առթիւ, ապա՝ մերօրեայ այն մարտահրաւէրների մասին, որոնց պատրաստւում է դիմագրաւել ՀՅԴ-ն իր սեփական կառոյցներով ու իր շուրջ համախմբւած ժողովրդականութեան նեցուկով:
Պ.- Թէեւ Հայաստանում, Արցախում եւ Սփիւռքում հանրային տրամադրութիւնները մեղմ ասած լաւ վիճակում չեն, սակայն ազգային-հայրենասիրական ուժերը իրենց առաւելագոյնն են անում, որպէսզի հոգեբարոյական ճգնաժամը յաղթահարւի եւ ինքնավստահութիւնը վերահաստատւի:
Ինչպէս միշտ Դաշնկացութեան գլխաւոր նպատակակէտը մեր ազգային շահերի պաշտպանութիւնն է: Սա առաջնային է:
Ցաւօք, այսօր մենք յայտնւել ենք բիրտ սպառնալիքների տակ, եւ գործող իշխանութիւնները, անկարող են կամ չեն ցանկանում լրջօրէն կանգնել հայկական շահերի պաշտպանութեան դիրքերի վրայ:
44-օրեայ պատերազմի դաւադիր պարտութեան եւ հետագայ անփառունակ նահանջողականութեան արդիւնքում Հայաստանի եւ Արցախի Հանրապետութիւնները կանգնել են վտանգաւոր իրավիճակի դէմ - յանդիման:
Այսօր իրավիճակը բարդ է նաեւ ամբողջ տարածաշրջանում: Օրինակ, Ռուսաստանի եւ Իրանի թէկուզ ժամանակաւոր բացակայութիւնը Կովկասեան բեմից, Հայաստանին եւ Արցախին կը դնեն գոյութենական սպառնալիքի առջեւ:
Հետեւաբար, մեր առաջնային նպատակն է՝ կանխել անցանկալի զարգացումները եւ կարճ ժամկէտներում հասնել՝
ա)Համահայկական միասնականութեան եւ վերականգնել Հայաստան-Արցախ-Սփիւռք խաթարւած եռամիասնութիւնը:
բ)Հնարաւորինս բազմաթիւ արտաքին դաշնակիցների օժանդակութեան ապահովմանը՝ առաջնութիւն տալով Իրանին եւ Ռուսաստանին:
գ)Արցախի ինքնորոշման միջազգային ճանաչմանը:
դ)Հայաստանի Հանրապետութեան նախապատերազմական սահմանների վերականգնմանն ու գերիների եւ նահատակների աճիւնների վերադարձմանը:
ե)Հայոց Բանակի հզօրացմանը:
Այս բոլորի իրագործման համար անհրաժեշտ է պարտւած եւ անճարակ իշխանութեան անցնցում հեռացումը:
Ինչպէս անցեալում, այսօր աւելի շեշտակի ՀՅԴ-ն ամբողջական զօրաշարժի ենթարկելով իր տարբեր կառոյցները, բազմաթիւ երկրներում՝ ԱՄՆ-ից մինչեւ ՌԴ, Եւրոպա, Հարաւային Ամերիկա, Կանադա եւ Միջին Արեւելք, այդ թւում Իրան, օտար շրջանակների մօտ լաբբինգով են զբաղւած: Գործադիր իշխանութիւններ, պառլամենտներ, ոչ-կառավարական եւ միջազգային ինստիտուտներ եւ քաղաքական դէմքեր մեր կառոյցների շփումների եւ քարոզչութեան թիրախն են հանդիսանում:
Նմուշներ չեմ յիշատակում, քանզի գրեթէ ամէն օր հայկական լրատւութիւնը այդ գործունէութեան մասին վկայութիւններ է հրապարակում:
Հ.-Վերջին ժամանակաշրջանում Թուրքիան ամենաբարձր մակարդակով թիրախաւորում է Սփիւռքը, որին համարում է նախ որպէս հակաթուրքական լաբբինգի գործօն, եւ միւս կողմից՝ հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական հաշտեցման խոչընդոտ:
Նման հակահայկական թիրախաւորումը չէզոքացնելու ի՞նչ կարելիութիւններ ու հնարաւորութիւններ ունի Սփիւռքը եւ մասնաւորապէս ՀՅԴ:
Պ.-Այս ծանր պայմաններում ՀՀ իշխանութիւնները պարտւել են ոչ միայն ռազմական, այլեւ՝ դիւանագիտական ասպարէզում: Եւ փոխարէնը՝ փորձում են յաղթել միայն սեփական ժողովրդին՝ Հայաստանում, Արցախում եւ Սփիւռքում, նրանց հանելով միմեանց դէմ եւ պառակտել իւրաքանչիւրին իր ներսում:
Ահա, այսպիսի իրավիճակում, դժբախտաբար հայկական որոշակի շրջանակներ Հայաստանի իշխանութիւնների գլխաւորութեամբ հեշտութեամբ հրաժարւելով մեր ազգային կենսական շահերից, առաջ են տանում վտանգաւոր քաղաքական ուղղութիւն եւ տարածում ամօթալի քարոզչութիւն:
Հայ-թուրքական խաղաղութեան կեղծ դրօշի ներքոյ, Հայաստան-Ադրբեջան հաշտութեան անւան տակ իշխանութիւնները ահաւոր զիջումների են գնում Արցախի եւ Հայաստանի Հանրապետութեան սուվերեն տարածքների հաշւին: Սրանք ոչ թէ խաղաղութիւն եւ հաշտութիւն կը բերեն՝ այլեւ դիմացինների մօտ նոր ախորժակներ գրգռելու դուռ կը բացեն: Արդէն բացել են…
Ի տես այս դիրքորոշումների, բնական է, որ Թուրքիան եւ Ադրբեջանը ՀՅԴ-ն դիտում են որպէս իրենց թիւ 1 թշնամին:
ՀՅԴ-ն մերկացնում է պանթուրանական նպատակների իրագործմանը միտւած, բացայայտ եւ թաքուն ծրագրերը: Եւ, միւս ազգային ուժերի եւ հաստատութիւնների հետ փորձում է կանխել եւ չէզոքացնել թուրքերին յանձնւելու բոլոր վտանգներով լի «խաղաղասիրական» ծրագրերը:
Իհարկէ, մենք ոչ միայն դէմ չենք խաղաղութեան, այլեւ առաջիններից ենք, որ ձգտում ենք իրական խաղաղութեան՝ որը հասանելի է բացառապէս վստահութեան եւ արդարութեան ճամբով, եւ որի իրական երաշխիքներն են մեր համար՝ Հզօր Հայաստանն ու Արցախը, Հայոց աննկուն բանակով: