կարևոր
4183 դիտում, 2 տարի առաջ - 2022-11-15 16:02
Քաղաքական

«Պատիվ ունեմ» խմբակցությունը երբևէ չի էլ դադարեցրել խորհրդարանական աշխատանքը․ Հայկ Մամիջանյան

«Պատիվ ունեմ» խմբակցությունը երբևէ չի էլ դադարեցրել խորհրդարանական աշխատանքը․ Հայկ Մամիջանյան

«Պատիվ ունեմ» խմբակցությունը բազմիցս նշել է, որ փողոցային պայքարը և խորհրդարանական աշխատանքը իրար բացառող գործընթացներ չեն։ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

«Մենք դա ասել ենք՝ արտահերթ ընտրություններից հետո մանդատը վերցնելիս, շարունակում ենք մնալ նույն կարծիքին։ Մենք թույլ չենք տա, որպեսզի հակահայկական այս կամ այն զարգացումները կանխելու, իրացնելու գործիքներ չունենանք, ուստի խորհրդարանական ընդդիմությունը, մասնավորապես՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունը երբևէ չի էլ դադարեցրել խորհրդարանական աշխատանքը։ Նույնիսկ ամենաթեժ ցույցերի պահերին՝ ապրիլ, մայիս, հունիս ամիսներին այս կամ այն պատգամավորները միջազգային ձևաչափերում կամ, օգտագործելով վերահսկողական այս կամ այն գործիքը, աշխատում էին խորհրդարանում»,- նշեց Մամիջանյանը։

Ըստ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարի՝ ընդդիմության գործելաոճում էական փոփոխություն տեղի չի ունեցել՝ խոսքն ընդամենը լիագումար նիստերի դահլիճ մուտքի մասին է։

«Վստահ եմ, որ ռադիկալ ընդդիմություն լինելը ասելով չի, ուստի ես ինչքան էլ ասեմ, որ մենք շարունակում ենք մնալ ռադիկալ ընդդիմություն, վստահ եմ, որ մեր քաղաքացիները կգնահատեն մեր գործողությունները, որոնք սպասեցնել չեն տա»,- եզրափակեց Մամիջանյանը։