Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ Հարթակ22-ում հարց տվեցի խմբակիցներիս, թե իրենց կարծիքով որն է բողոքի ցույցերի, երթերի իմաստը, ի՞նչ են դրանք տալիս Հայաստանի այսօրվա խնդիրները լուծելու համար։
Հիմնականում կարծիքն այն է, որ այդ ամենն արդեն անիմաստ է [տարբեր հիմնավորումներով՝ «բան չի փոխվելու»-ից մինչև «ընդդիմությունից հիասթափվել ենք»]։
Այնուամենայնիվ ցույցերն ունեն շատ կարևոր նշանակություն ու շատ վատ է, որ ընդդիմությունը չի կարողանում դա բացատրել նույնիսկ իր աջակիցներին, էլ ուր մնաց ժողովրդի այլ խմբերին։
* * *
Որպեսզի հասկանանք, թե ինչու են պետք բողոքի ակցիաները, նախ՝ հասկանանք, թե ինչի հետ գործ ունենք այսօր։
2 կարևոր բան է պետք հստակ գիտակցել.
Ա) ՆԻԿՈԼԸ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ Է ԿԱՌՈՒՑԵԼ: Ոչ թե «շարժվում է դեպի բռնապետություն», ոչ թե «կառուցում է բռնապետություն», այլ արդեն կառուցել է։ Նիկոլը բռնապետ է, իսկ ավելի ստույգ՝ այսպես կոչված spin dictator [մանրամասները՝ մեկնաբանություններում]։
Բ) ՆԻԿՈԼԸ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹՇՆԱՄԻՆԵՐԻ ՇԱՀԵՐԸ։ [Համարյա ամեն օր այդ փաստը հաստատող օրինակներ բերում եմ։]
Ինձ կհարցնեք. «Հիմա բռնապե՞տ, թե՞ թշնամու գործակալ»։ Իրականում հակասություն չկա։ Ուղղակի գուգլեք «марионеточное государство» / «puppet state» բառերը։
Ըստ էության, ի դեմս Նիկոլի մենք գործ ունենք թուրքական օկուպացիոն վարչակարգի հետ, որը քողարկվում է որպես հայկական իշխանություն, որովհետև այդպես ավելի հեշտ է ձևացնել, թե երկրում ամեն ինչ դեռևս նորմալի սահմաններում է և բթացնել վտանգի զգացումը այն խմբերի մոտ, որոնք կարող էին դիմադրել։
Այդ քողարկման ձևերից են, ի դեպ, պետական համակարգը զավթած օկուպանտների շուրթերից պարբերաբար հնչող կոչերը, թե «Փոխանակ քննադատեք, եկե՛ք համախմբվեք պետության շուրջ»։ Այսինքն պետությունը քանդողները ներկայանում են որպես պետություն։
* * *
Բռնապետները սովորաբար քանդում են բոլոր պետական ու հանրային ինստիտուտները, որոնք կարող են իրենց անձնական իշխանությանը սպառնալ, ու դիմադրության նշույլ ցույց տալ։ Մեր բռնապետը քանդեց բանակը, դատական համակարգը, ավիրեց մեդիադաշտը, շարունակում է խփել Եկեղեցուն և այլն, և այլն։
Մինչև բոլորը կլանված հետևում էին իր և իր մերձավորների կապիկություններին, ծաղրում իր «ապիկարությունը», նա հաջողությամբ վերաձևեց և անձնական օգտագործման գործիք դարձրեց ԱԱԾ-ն, դատախազությունը, ոստիկանությունը, ստեղծեց արդեն իր հրամանները կատարող նոր մարմիններ (օր.՝ առանձին կալանքի դատարան, որը օրվա ցանկացած ժամին, պատրաստ է կալանքի որոշում պեչատել, եթե հրահանգը կա; հիմա ստեղծում է անձամբ իրեն ենթարկվող «ազգային գվարդիա» և այլն, և այլն)։
* * *
Նիկոլին «վճռական գործողություններով» հեռացնելու վերջին շանսը 2021 թվականի փետրվարի 25-ին էր, գեներալների հայտարարության ժամանակ։ Այդ շանսը գեներալներն անփառունակ ձևով մսխեցին։
Դրանից հետո Նիկոլը վերջնականապես ջախջախեց բանակը (ինչը բխում էր նաև Թուրքիայի և Ադրբեջանի շահերից) ու համարյա վերջացրել է անձամբ իրեն սպասարկող ուժայինների մի հսկա համակարգի ստեղծումը, որն, ի դեպ, այլևս ընդհանրապես չի զբաղվելու ՀՀ սահմանների պաշտպանությամբ։
* * *
Նրանք ովքեր իսկապես հասկացել են, թե ինչ կատարվեց վերջին 3–4 տարում Հայաստանում, տխուր կատակում են, թե. «Նիկոլը ցմահ վարչապետ է լինելու»։
Իրականում, բռնապետները անպարտելի չեն, թեպետ իրենց ամբողջ քարոզչամեքենան փորձում է հենց այդպիսի տպավորություն ստեղծել բոլորի մոտ։
Ցանկացած բռնապետի կարելի է իշխանությունից զրկել, իհարկե, համապատասխան նախապատրաստական աշխատանքից հետո։
Այդ մասին գրքեր են գրած, գիտական աշխատություններ ու գործնական ձեռնարկներ։ Այդ մեթոդները փորձարկված են ու վստահաբար աշխատում են։ [Ի դեպ, Նիկոլի թիմում այդ մեթոդներին տիրապետողներ կան]։
Բնական է, որ ֆեյսբուքյան գրառման ձևաչափով չեմ կարողանալու այդ ամեն ինչը բացատրել, և այս պահին դա չէ նպատակս։
Կարևորը հետևյալն է. ցանկացած դիկտատոր փորձում է տպավորություն ստեղծել թե՛ երկրի ներսում, թե՛ արտաքին աշխարհում, որ ունի բնակչության ճնշող մեծամասնության աջակցություն բոլոր հարցերում։
Օրինակ՝ նա ոչ միայն Հայաստանում է խաբում, թե իբր ընտրություններում հաղթելով ստացել է մանդատ Արցախը հանձնելու (դա սուտ է, իրենց նախընտրական ծրագրերում, ինչպես նաև կառավարության ծրագրում նման բան չկար + նա ամեն դեպքում չի ստացել ընտրողների մեծամասնության աջակցությունը), այլև դրսում, այդ թվում Եվրոպայում։
Այո՛, այնպես չէ, թե Եվրոպան միաձայն աջակցում է Արցախը հանձնելու գաղափարին։ Եվրոպայում էլ շատերն առանձնապես ոգևորված չեն Թուրքիայի աննախադեպ հզորացմամբ։
Եւ հենց այդ պատճառով է ԳԵՐԿԱՐԵՎՈՐ միշտ, ցանկացած առիթով հրապարակայնորեն ցույց տալ մեր անհամաձայնությունը բռնապետի քաղաքականության հետ։ Կրկնում եմ, սա գերկարևոր է։
Անկախ ամեն ինչից անհամաձայնության զանգվածային և նույնիսկ անհատական հրապարակային դրսևորումները խնդիրներ են ստեղծում բռնապետների համար, որովհետև թե՛ ներսում, թե՛ դրսում մարդիկ տեսնում են, որ ամեն ինչ այդքան էլ պայծառ չէ, ինչպես ներկայացնում է Նիկոլի Հ1-ը։
Օրինակ՝ եթե վաղվա հանրահավաքը Նիկոլին անհանգստություն չպատճառեր, այսօր չէր ելնի «զբոսանք շոու» անելու, փողոց չէր հանի իր գրպանի նախագահին ու մյուս պաշտոնյաներին, հանպատրաստի չէին որոշի վաղը պետական հիմնարկների աշխատողներին տանել քաղաքից դուրս «ծառատունկի» և այլն, և այլն։
Հենց այդ պատճառով է հույժ կարևոր մասնակցել ցույցերի, բողոքի ակցիաների և այլն։ Հենց այդ պատճառով է կարևոր գնալ ու ներկա լինել քաղբանտարկյալների դատերին, թեկուզ եթե ուղղակի դատարանի բակում կանգնած եք։
Հենց այդ պատճառով է շատ կարևոր այս մասին ԳՐԵԼ ու ԽՈՍԵԼ որտեղ հնարավոր է։ Արցախի դրոշով տիպերը և կրծքանշանները հենց դրա համար են կարևոր։ Եւ այլն, և այլն։
Ու հենց այդ պատճառով էլ վաղվա ցույցին մենք լինելու ենք ընկերներով՝ դրոշներով ու պաստառներով (անգլերեն ու հայերեն), որպեսզի ավելի տեսանելի լինի մեր ասելիքը բոլորին։
Ու եթե ձեր բարեկամները ձեզ հարցնում են. «Լավ, ո՞րն ա այդ ցույցերի ու քայլելու իմաստը», այս գրառումը տվեք, որ կարդան։
Կհանդիպենք վաղը, նոյեմբերի 5-ին, ժ. 15։00, Ֆրանսիայի հրապարակում։
Կարեն Վրթանեսյան
Տեղեկատվական անվտանգության փորձագետ