Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի գրասենյակում այսօր տեղի է ունեցել ակումբի «Արցախի, անվտանգության և արտաքին հարաբերությունների» հանձնաժողովի նախաձեռնած հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են վերջերս հրապարակված «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարություն» փաստաթուղթը, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանին հուլիսի 12-ից ծավալված ռազմական գործողությունները։
Մասնակիցները քննարկել են ՀՀ ազգային անվտանգության նոր Ռազմավարության դրույթները, բացահայտել փաստաթղթում առկա խնդրահարույց կետերն ու մոտեցումները ինչպես արտաքին, այնպես էլ ներքին քաղաքականության ոլորտներում։ Մասնավորապես նշվել է, որ Ռազմավարության մեջ բացակայում են Հայաստանին և Սփյուռքին վերաբերող մի շարք մարտահրավերների գնահատականներ և դրանց հաղթահարման համար առաջարկներ։ Ուշադրություն է դարձվել այն հանգամանքին, որ նոր Ռազմավարության մեջ անդրադարձ չկա Հայաստանի հանդեպ ոչ բարեկամաբար տրամադրված պետությունների (օրինակ՝ Պակիստան, Սաուդյան Արաբիա) քաղաքականությանը հակազդելու ծրագրերին ու մոտեցումներին։ Բացակայում են նաև Չինաստանի հետ փոխգործակցության, հայ-չինական հարաբերությունների ապագային և Չինաստանի կողմից մշակված աշխահաքաղաքական ու տնտեսական կարևոր նշնակություն ունեցող «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծին վերաբերող դրույթներ ու նպատակներ։
Խնդրահարույց են համարվել նաև Ռուսաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ Հայաստանի հարաբերությունների և նպատակադրումների վերաբերյալ Ռազմավարության համապատասխան հատվածները։ Հատուկ ընդգծվել է, որ արտաքին հարաբերությունների ոլորտում հրապարակված փաստաթղթի տրամաբանությունը ոչ միանշանակ է և ակնհայտորեն հակասական։
Նշվել է, որ ընդհանուր պարզունակ բառակազմը հարիր չէ նման փաստաթղթի, և պատկերազարդ այս «Ռազմավարությունը» մասնագիտական ընկալման լրջության խնդիր ունի:
Քննարկման երկրորդ հատվածը նվիրված է եղել Ռազմավարության ներհայկական և ներհայաստանյան իրողություններին վերաբերող դրույթներին։ Ընդգծվել է այն փաստը, որ իշխանական թիմի պատրաստած փաստաթուղթն արհամարհում է հայ ժողովրդի պատմական փորձառությունից և ավանդույթներից ժառանգած արժեքները, հարվածում է Հայ Առաքելական եկեղեցու բացառիկ դերին, իր գնահատականներում ու եզրահանգումներում առաջնորդվում է 2018 թ. Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո ձևավորված քաղաքական մոտեցումներն արժևորելու նպատակադրմամբ։ Ըստ այդմ, նշվել է, որ Ռազմավարությունն իր այդ տեսքով դարձել է ոչ թե Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության և հայ ժողովրդի պետական և ազգային շահերը, այլ բացառապես ՀՀ ներկայիս իշխանությունների նեղ քաղաքական շահերը պաշտպանելուն միտված փաստաթուղթ։
Խիստ մտահոգիչ է համարվել, որ ՀՀ ազգային անվտանգության հրապարակված նոր Ռազմավարության մեջ իսպառ բացակայում են «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» կամ «Արցախի Հանրապետություն» ձևակերպումերը, ինչն ակնհայտ ետքայլ է նախկինում գոյություն ունեցող սկզբունքներից ու մոտեցումներից։ Այս համատեքստում ընդգծվել է, որ չկա նաև Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման պահանջ, և սա էական հարված է Արցախի Հանրապետության սուբյեկտայնությանն ու բացահայտում է բանակցությունների ներկայիս տրամաբանությանը: Անընդունելի է համարվել, որ Արցախի Հանրապետությունը, որպես այդպիսին, ներառված չէ ազգային արժեքների ցանկում, և ստացվում է, որ այդկերպ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը բացահայտել է Արցախի Հանրապետության հանդեպ ունեցած իր իրական նպատակները։
«Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի «Արցախի, անվտանգության և արտաքին հարաբերությունների» հանձնաժողովի անդամներն անդրադարձել են նաև Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանին ս.թ. հուլիսի 12-ից տեղի ունեցող ռազմական գործողություններին, դրանց նախորդող իրադարձություններին և իրավիճակի հետագա զարգացման հնարավոր սցենարներին։
Մասնավորապես նշվել է, որ անցած երկու տարիների ընթացքում Ադրբեջանի իշխանությունները ռազմական ագրեսիան նախապատրաստելու հետևողական աշխատանք են տարել, որի արդյունքում միջազգային ընկալումների տեսակետից ստացել են բարենպաստ պայմաններ և անարգել գործելու հնարավորություն։
Ցավով արձանագրվել է, որ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը, հայկական դիվանագիտությունը Ադրբեջանի արտաքին քաղաքական այդ ակտիվությանը ոչինչ չեն հակադրել, ինչի պատճառով պաշտոնական Բաքվի ագրեսիվ քաղաքականության հետևանքները չեզոքացնելու ողջ բեռը մնացել է ՀՀ ԶՈՒ ուսերին։
Քննարկման մասնակիցներն ընդգծել են Հայկական բանակի գործողությունների բարձր արդյունավետությունը, կարծիք հայտնել, որ այդ կերպ մեր զինվորականները ստիպել են Ադրբեջանի իշխանություններին վերանայել իրենց մոտակա ռազմաքաղաքական ծրագրերը։
«Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբ