Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԵՄ-ն ակտիվորեն ներգրավված է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի բոլոր մակարդակներում, օրերս «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում հայտնել է Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը: Նրա պնդմամբ, դրա վառ վկայություններից է ԵՄ-ի խորհրդի նախագահ Շարլ Միշելի գործունեությունը, ով չորս հանդիպումներ է անցկացրել Բրյուսելում ՀՀ-ի ու Ադրբեջանի առաջնորդների միջև, ինչպես նաև իր սեփական ջանքերն այս ուղղությամբ:
«ԵՄ-ն այստեղ ունի իր շահերը: Սա մեր հարևան տարածաշրջանն է, ուստի ակնհայտ շահագրգռվածություն ունենք խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասում: Դրա համար կարևոր է, որ կարող լինենք կարգավորել հակամարտությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև»,- պնդում է նա:
Ըստ նրա՝ ԵՄ ակտիվության նշաններից է նաև դիտոդական առաքելության տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով:
«Դիտորդական առաքելությունը կմեծացնի մեր աջակցման կարողությունը: Բացի այդ, այստեղ ԵՄ ֆիզիկական ներկայության տեսանկյունից, այն ի ցույց է դնում մեր հանձնառությունը խաղաղությանն ու կայունությանն այստեղ, ինչպես նաև այն լրջությունը, որով ԵՄ-ը մոտենում է իր առաքելությանը՝ օգնելու Հայաստանին և Ադրբեջանին հասնել համապարփակ կարգավորմանը»,- նշում է նա:
Տոյվո Կլաարն ակնկալում է, որ դիտորդական առաքելությունն ավելի լավ կտեղեկացնի Բրյուսելին տեղում իրավիճակի ու առկա մարտահրավերների մասին, որի միջոցով հնարավոր է ավելի արդյունավետ նպաստել խաղաղ գործընթացին: Նա ընդգծում է՝ առաքելության ժամկետը երկու ամիս է: Միջոցները տրամադրվել են Վրաստանում դիտորդական առաքելության բյուջեից: Մենք կարող ենք անել դա կարճ ժամանակահատվածի համար, բայց ոչ երկրարաժամկետի, հայտնում է եվրոպացի դիվանագետը:
«Կարճ ժամանակահատվածի համար մենք կարող ենք որոշակի միջոցներ տրամադրել Վրաստանի դիտորդական առաքելությունից՝ առանց վտանգելու ԵՄ դիտորդական առաքելությունների կարողությունները և այսպիսով դիտորդներ տեղակայել Հայաստանում»,- ընդգծում է նա:
Խոսելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների ընթացքում պատերազմական հանցագործությունների մասին տեղեկության վերաբերյալ՝ եվրոպացի դիվանագետը նշում է, որ իր տեղեկությամբ երկու կողմերում էլ ընթանում են հետաքննություններ այս տեղեկության մասին: Ապացուցման դեպքում, Բրյուսելն ակնկալում է, որ երկրների համապատասխան մարմինները իրավական ընթացակարգային քայլեր կձեռնարկեն՝ մեղավորներին պատժելու համար, քանի որ նրանք ստանձնել են համապատասխան պարտավորություններ:
Տոյվո Կլաարը վստահ է՝ ղարաբաղյան հակամարտությունը բացասաբար է անդրադառնում Հարավային Կովկասի բոլոր երկրների վրա: Երեք երկրներն էլ կորցնում են տնտեսական հնարավորություններ այս հակամարտության պատճառով, այդ թվում՝ Վրաստանը, ուստի Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորումը, սահմանների, հաղորդակցության վերաբացումը, առևտրի վերականգնումը ձեռնտու է Հարավային Կովկասի բոլոր երեք հանրապետություններին:
Իսկ ինչպիսի՞ ազդեցություն ունի ուկրաինական պատերազմը Հարավային Կովկասի վրա: Տոյվո Կլաարը նշում է, որ այստեղ կան շրջանակներ, ովքեր կարծում են, որ միգուցե այս վիճակում հնարավոր է անել ավելին, քան նախկինում ռազմական գործողությունների առումով, սակայն, ըստ նրա, Հարավային Կովկասում մեծամասամբ գերիշխում է անհանգստություն այս կապակցությամբ:
«Անհանգստության զգացումն առկա է շարունակվող պատերազմի, այդ պատերազմի ազդեցության և այն ամենի վերաբերյալ, ինչը կարող է պատահել պատերազմից հետո»,- ասում է նա:
Եվրոպացի դիվանագետը գտնում է, որ Հարավային Կովկասում համակարծիք են ուկրաինական պատերազմի ազդեցության վերաբերյալ, ըստ որի՝ այս պատերազմը բացասաբար է անդրադառնում Ռուսաստանի հարևանների վրա: