Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» թերթը գրում է.
Հայաստանում ռուսական գործոնի ակտիվություն է նկատվում հատկապես այն բանից հետո, երբ մոտ 20 օր առաջ բացահայտվեց այն գաղտնի ու վտանգավոր փաստաթուղթը, որն Արեւմուտքի միջնորդությամբ Հայաստան-Ադրբեջան բանակցությունների հիմքում է դրվել եւ ստացել «խաղաղության պայմանագիր» անունը։ Ընդգծեք, որ ՀՀ իշխանությունները մինչ օրս չեն հերքել այդ փաստաթղթի բովանդակությունը, ինչը նշանակում է, որ այն իրական է։
Փաստաթղթի ամենավտանգավոր կետը, սահմանագծումից ու սահմանազատումից առաջ, միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումն է։ Արցախի մասին գրված է հետեւյալը․ «Ադրբեջանի կառավարությունը կառաջադրի ներկայացուցիչ, ով կաշխատի համանման ներկայացուցչի հետ՝ նշանակված ԼՂ-ի հայկական էթնիկ համայնքի կողմից՝ ԼՂ-ի բնակիչների իրավունքների եւ անվտանգության քննարկումներ անցկացնելու համար: Ներկայացուցիչները կապահովեն իրենց քննարկումների թափանցիկությունը միջազգային հանրությանը: Կողմերը կշարունակեն դիտարկել միջազգային դիտորդի հնարավոր կարգավիճակը, առանց Ադրբեջանի ինքնիշխանության միջամտության՝ նպատակ ունենալով ապահովել վստահություն ԼՂ-ում ապրող ազգային փոքրամասնության խմբերի պաշտպանության նկատմամբ»:
Սա նշանակում է Արցախի վերջնական հանձնում, այդ համատեքստում՝ ՌԴ զորքերի՝ Արցախից դուրսբերում, փոխարենը թուրքական` ՆԱՏՕ-ական զորքերի տեղակայում։ Սակայն Հայաստանում ու Արցախում այդ վտանգավոր փաստաթուղթը պատշաճ ուշադրության չարժանացավ: Փոխարենը` աննախադեպ ակտիվացան աշխարհաքաղաքական այն կենտրոնները, որոնց շահերին ինչ-որ կերպ առնչվում է այն։ Մասնավորապես` ռուսական տեղեկատվական դաշտը, հեռուստաընկերությունները ողողված են «բացատրական» ելույթներով-հոդվածներով, թե ինչի կարող է հանգեցնել Հայաստանում արտաքին վեկտորի փոփոխությունը, եթե ռուսական գործոնը փոխարինենք թուրքականով։ Հընթացս թեթեւ շանտաժներ են արվում ռուս պաշտոնյաների շուրթերով` եթե չընդունվի ռուսական տարբերակը, ինչ սանկցիաներ կսպասվեն Հայաստանին։
Օրերս ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի արեւմտյան երթուղին Հայաստանի փոխարեն կարող է անցնել Ադրբեջանով եւ Իրանով, եթե երկիրը չլուծի տրանսպորտային շրջափակման հարցը։
Ռուսական ալիքները հայտնում են, որ առաջիկայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կհանդիպեն Ռուսաստանում, հավանաբար` Սոչիում, եւ եռակողմ բանակցություններ կվարեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ ու միջնորդությամբ։ Հանդիպումը հնարավոր է կայանա հոկտեմբերի 31-ին։ Հանդիպմանն ընդառաջ ՌԴ-ն Հայաստանում «մտրակի եւ բլիթի» քաղաքականություն է վարում, մի կողմից՝ տեղեկատվական պրոպագանդան է ողջ թափով աշխատում, պաշտոնյաներն են սպառնալից հայտարարություններ անում, մյուս կողմից՝ ռուսական ազդեցության տիրույթում գտնվող քաղաքական-հասարակական-գործարար միջավայրն է ակտիվացել, ներդրումների մասին է խոսվում, նախօրեին էլ հայտնի դարձավ, որ «Եվրասիական գործարար ակումբ» է ստեղծվել, եւ այն գլխավորելու է Դոն Պիպոն` Արթուր Ասատրյանը։
Հայաստան-Արեւմուտք սերտ գործակցությունը՝ անվտանգային խնդիրներով պայմանավորված, մտահոգում է նաեւ Թեհրանին, Պեկինին։ Պատահական չէ, որ անցած շաբաթ Կապանում բացվեց Իրանի հյուպատոսություն, մենք գրել էինք, որ իրանական կողմն այնքան է շտապում, որ հյուպատոսության շենքի շինաշխատանքները չավարտած՝ շտապեց բացում անել։ Չինաստանի, ՌԴ-ի հայաստանյան դեսպաններն են հանդիպումներ ունենում ընդդիմադիր գործիչների հետ։
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի գնահատմամբ՝ ոչ միայն ՌԴ-ից, այլեւ բոլոր կողմերից է ակտիվություն նկատվում: «Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի կողմից պետք է ասել, որ արդեն ռազմական ակտիվություն է դրսեւորվում»,- նկատում է քաղաքագետը։
«Ամբողջ խնդիրն այն է, որ, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի ռուսական եւ արեւմտյան տարբերակները ֆունդամենտալ հակադրության մեջ են, այսինքն` խնդիրը հյուսիս-հարավ, արեւելք-արեւմուտք ուղիների վերահսկմանն է վերաբերում։ Բազմիցս է խոսվել, որ Արեւմուտքն ուզում է, որ Արցախի հարցը վերջնականապես լուծվի` ՌԴ-ն հեռանա տարածաշրջանից, որի հետեւանքով գլոբալ աշխարհաքաղաքականություն է փոխվելու՝ Միջին Ասիայից մինչեւ Արեւելք: Արեւմուտքը հնարավորություն կստանա ներթափանցել մինչեւ Ռուսաստանի հարավ, մինչեւ Չինաստան, որը հետագայում կբերի Հյուսիսային Կովկասի եւ ռուսական-թուրքական հանրապետությունների անջատմանը, այսինքն՝ Ռուսաստանի փլուզմանը, մյուս կողմից՝ կբերի Իրանի փլուզմանը եւ այլն։ Բնականաբար, առաջին հերթին Ռուսաստանը, նաեւ Իրանը աշխատում են սա թույլ չտալ»։ Աշխարհաքաղաքական կենտրոնների հակամարտությունը ներկայում թեպետ խաղաղ տեսք ունի, սակայն, քաղաքագետի գնահատմամբ, կարող է «տաք» փուլ մտնել, առաջին ծիծեռնակներն արդեն նկատելի են՝ ի դեմս Ադրբեջանում, Թուրքիայում, Իրանում անցկացվող զորավարժությունների։
Ինչ վերաբերում է Հայաստանի իշխանությունների քայլերին․ «Դրանց տրամաբանությունն ինձ համար դժվար է բացատրել։ Փորձում եմ քիչ թե շատ տրամաբանություն գտնել եւ կարծում եմ, որ իշխանություններն ուզում են բոլոր կողմերին ներգրավել այս հակամարտությանը եւ բերել նրան, որ այդ կենտրոնների միջեւ հակասություններն այնքան խորանան, որ իրենք հայտարարեն, թե խաղաղության պայմանագիրը չեղարկում են, որ դա հնարավոր չէ կնքել, քանի որ հակասությունները ոչ թե մեր ու Ադրբեջանի մեջ են, այլ՝ ձեր, որ մենք ամեն ինչի պատրաստ ենք, այդ կենտրոնները՝ ոչ։ Բայց այդ տրամաբանությունը կարող է հանգեցնել նրան, որ, ի վերջո, բոլոր սլաքներն ուղղվեն Հայաստանի վրա, բոլոր կողմերը Հայաստանին մեղադրեն գործընթացը տապալելու հարցում։ Հիմա այդ պրոցեսը մենք տեսնում ենք Ռուսաստանի կողմից, երեւի Արեւմուտքն էլ կսկսի մեղադրել: Իրանի համար քանի որ կենսական հարց է իր գոյության հարցը՝ մասնատման հարցը, չի մեղադրում, այլ գործուն քայլեր է անում, նախահարձակ է լինում՝ ուշադրություն չդարձնելով ՀՀ վարած քաղաքականության վրա։ Սա է իրավիճակը»։
Այսինքն՝ ՀՀ իշխանությունները Հայաստանի արտաքին վեկտորի փոփոխության ճանապարհին չեն, իրականում փորձում են մեծ խառնակչություն ստեղծել ու շահա՞ծ դուրս գալ։ «Ես վստահորեն չեմ կարող ասել, որովհետեւ չգիտեմ, թե իրականում ինչ է կատարվում, բայց գոնե ինձ մոտ նման տպավորություն կա: Գուցե ես սխալվում եմ»։
Ամբողջությամբ հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում