Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տիգրան Չանդոյան
Հայոց ցեղասպանության ուսումնասիրության գործում անգնահատելի նշանակություն ունեն հատկապես այն հուշագրությունները, որոնք գրվել են Ցեղասպանությունը վերապրածների կողմից: Այս վավերագրերը արժեքավոր են ոչ միայն ցեղասպանագիտական նկատառումներով, այլևս որպես ուսումնասիրության աղբյուր կարող են հանդես գալ նաև այլ գիտակարգերի համար, ինչպիսիք են ազգագրությունը, բարբառագիտությունը, սոցիոլոգիան և այլն:
Այս առումով մեծ արժեք ունեն Պողոս Գույուճյանի՝ բոլորովին վերջերս ի հայտ եկած հուշերը, որոնք նա գրառել է դեսթանի տեսքով 1921 թ. Կահիրեում։
Դեսթանը արևելյան բանավոր և գրավոր պոեզիայում վիպական բնույթի ծավալուն չափածո ստեղծագործություն է և, որպես կանոն, կազմված է քառյակներից, որոնց վերջին տողերը հիմնականում հանգավորվում են միանման հանգերով: Դեսթանները Օսմանյան Կայսրության ժողովուրդների մեջ մեծ տարածում ունեին ինչպես մուսուլման, այնպես էլ քրիստոնյա բնակչության շրջանում:
Պողոս Գույուճյանը ծնվել է 1893 թ. Կեսարիա (ներկայիս Կայսերի) քաղաքում: Վաղ հասակում համաճարակի պատճառով կորցրել է ծնողներին և որդեգրվել ընտանիքին մտերիմ հայերի կողմից:
1914 թ. ամուսնանում է և, տեղեկանալով սպասվելիք արհավիրքների մասին, կնոջ, քենու և նրանց մոր հետ բռնում է գաղթի ճանապարհը: 1921 թ. հաստատվում է Կահիրեում, որտեղ և գրի է առնում իր ապրած դժվարությունների և ապրումների մասին պատմող դեսթանը: Վախճանվել է 1963 թ. Կահիրեում:
Դեսթանի հայերեն թարգմանության և տպագրման գաղափարը թուրքագետ Սերգեյ Մանվելյանինն է: Պողոս Գույուճյանի որդին՝ Հակոբ Գույուճյանը, գտնելով դեսթանի ձեռագիրը, դիմում է Ս. Մանվելյանին՝ դրա ինչ լինելը պարզելու նպատակով և, ծանոթանալով վերջինիս, հոր հիշատակը հավերժացնելու նպատակով որոշում է հրատարակել այն:
«Տառապանքիս Ուղին Հաւատի Լոյսով. Պօղոս Գույուճեան» վերնագրով գիրքը լույս տեսավ այս տարի Ավստրալիայի Սիդնի քաղաքում, որտեղ ներկայում բնակվում է հեղինակի որդին՝ Հակոբը: Գիրքը բաղկացած է հեղինակի կենսագրական տեղեկություններից, նախաբանից, դեսթանի արևմտահայերեն, արևելահայերեն և անգլերեն թարգմանություններից, լուսանկարներից:
Դեսթանը բնագրից հայերեն է թարգմանել Սերգեյ Մանվելյանը, արևմտահայերեն՝ Նայիրի Մկրտիչյանը, իսկ անգլերեն՝ Նոյեմի Գույուճյանը:
Ինչպես նշվեց, դեսթանի բնագիրը շարադրված է թուրքերենի Կայսերիի բարբառով և հայերեն տառերով: Հայատառ թուրքերենը Օսմանյան Կայսրության տարածքում բնակվող հայության որոշ շրջաններում տարածված էր. դրանով տպագրվում էին գրքեր, հրատարակվում էր մամուլ և այլն: Այն նաև կիրառվում էր առօրյա գրավոր հաղորդակցման մեջ, և դա փաստող վավերագրերից մեկն էլ այս դեսթանն է:
Հետաքրքրական է նաև հեղինակի կողմից հուշերի շարադրման համար այս ձևի ընտրությունը, որը իր տեսակի մեջ մեզ հայտնի դեռևս միակ օրինակն է:
Ցեղասպանությունը վերապրածների շրջանում սեփական վիշտն ու կրած տառապանքները ստեղծագործական ճանապարհով ներկայացնելու օրինակներ շատ կան: Դրանց մեծագույն մասը մեզ են հասել երգերի տեսքով, հիմնականում թուրքերեն լեզվով: Սակայն այս ժանրով հուշագրություն ցարդ հայտնի չէ:
Հետազոտողի համար այս դեսթանը հարուտ տեղեկություններ է հաղորդում մինչև Ցեղասպանությունը հայ ազգային-հասարակա-մշակութային կյանքի, կենցաղի, սովորույթների, ավանդույթների, բանահյուսության և այլնի մասին:
Դեսթանի տեքստը նաև հարուտ բարբառային նյութ է տրամադրում թուրքերեն լեզվի Կեսարիայի բարբառի վերաբերյալ: Հատկապես օսմաներեից ժամանակակից թուրքերենի անցման բարեփոխումներից հետո գրավոր բարբառային նմուշներ, այն էլ հայատառ, գտնելը հեշտ չէ: