կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-30 14:37
Հասարակություն

Դատական նիստը նշանակված էր կես ժամ ռեժիմով. Փաշինյանի դեմ բողոքի քննությունը կրկին հետաձգվեց

Դատական նիստը նշանակված էր կես ժամ ռեժիմով. Փաշինյանի դեմ բողոքի քննությունը կրկին հետաձգվեց

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը,  նախագահությամբ դատավոր Կարեն Բիշարյանի, այսօր՝ մայիսի 30-ին, դռնփակ ռեժիմով քննվող՝ վարչապետ Նիկոլ  Փաշինյանի դեմ պետական դավաճանության հոդվածով քրեական գործ չհարուցելու որոշման դեմ բողոքը հետաձգել է։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը լրագրողների հետ զրույցում պատմեց, որ դատական նիստը նշանակված էր կես ժամ ռեժիմով։

«Դրա վերաբերյալ մեզ դատավորը տեղեկացրեց նիստը սկսվելուց հետո, երբ արդեն անցել էր 15-20 րոպե։ Այս նիստի ընթացքում դատախազներին տրվեց խոսք, որպեսզի դատախազներն արտահայտեն իրենց տեսակետը տուժողների հարազատներին որպես շահագրգիռ անձ ներգրավելու վերաբերյալ»,- հայտնեց նա։

Արծվիկ Մինասյանն ասաց, որ միջնորդել է դատարանին՝ այդ քննությունն անցկացնել դռնբաց ռեժիմով։

«Ես միջնորդեցի, քանի որ նախորդ դատական նիստում կայացվել է անսպասելի որոշում, որի արդյունքում խաթարվել է իրական արդարադատությունը, իրական շահը, հասարակության՝ տեղեկացվության իրավունքը, հաշվի առնելով գործի առանձնահատկությունը, հրատապ կարգով քննության առարկա դարձնել նախորդ դատական նիստում կայացված որոշումը վերացնելու եւ դատական նիստը բաց անցկացնելու հնարավորությունը։ Դատավորն առանց որեւէ բառ ասելու նայեց ժամին եւ ասաց, որ դատական նիստն այսօր ավարտվում է եւ հաջորդ նիստը նշանակվում հունիսի 1-ին՝ 12։30-ին»,- նշեց նա։

Ըստ պատգամավորի՝ ակնհայտ էր, որ ինչպես դատախազները, այնպես էլ դատավորը տրամադրված չէին, որպեսզի բողոքի քննությունն անցկացվի հրապարակային։  «Մենք առաջ ենք տանելու այն թեզը, որ ոչ միայն, որպես շահագրգիռ անձ, մեր հայրենակիցները ներգրավվեն այս գործում այլև նիստերն անցնեն բաց, հրապարակային»,- նշեց Արծվիկ Մինասյանը։

Հիշեցնենք, որ 2021 թվականի հունիս ամսին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը եւ փաստաբան Հակոբ Մարտիրոսյանը հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել, մասնավորապես, պահանջելով քրեական գործ հարուցել Նիկոլ Փաշինյանի կողմից կատարված առերեւույթ պետական դավաճանության փաստի առթիվ։

Ներկայացված հանցագործության մասին հաղորդումն առանձին քննության առարկա չի դարձվել, մասնավորապես, դատախազությունը հաղորդումը «մասնատել» է եւ մի մասով ուղարկել է ԱԱԾ քննչական դեպարտամենտ՝ Շուշիի անկման եւ Արցախի հարավային ուղղությամբ կատարված իրադարձությունների վերաբերյալ քրեական գործի, իսկ մի մասով՝ ՀՔԾ-ում քննվող՝ Մովսես Հակոբյանի կողմից ասուլիսում արված հայտարարությունների առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։

Դատախազության կողմից հաղորդմանը պատշաճ կարգով ընթացք չտալու հանգամանքը դիտարկվել է որպես անգործություն եւ դատախազության անգործության դեմ փաստաբանը բողոք է ներկայացրել դատարան։ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ,  մերժել էր բողոքը։ Դատարանի այս որորշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել, որը մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն Բիշարյանին։

Այս գործով նիստերն անցնում են բավականին լարված մթնոլորտում։ Ի սկզբանե բողոքաբերները դատավոր Բիշարյանին ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել, ինչը դատարանը մերժել էր։ Բողոքի քննության ընթացքում զոհված զինծառայողների ծնողներին որպես երրորդ կողմ ներգրավվելու միջնորդություն էին ներկայացրել բողոքաբերները, ինչը դատարանը նույնպես մերժել էր։ Դատական նիստերին զոհվածների հարազատները պարբերաբար դիրքորոշում էին հայտնում, եւ դատարանը որոշեց նիստերն անցկացնել դռնփակ ռեժիմով, ինչից ծնողները դժգոհ էին եւ նիստերի դահլիճից դուրս չէին գալիս։ Զոհվածների ծնողները նաեւ բողոքի ակցիա էին կազմակերպել ԲԴԽ-ի մոտ, նրանք հանդիպել էին ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանի հետ։ Ծնողներն իրենց դժգոհություններն էին ներկայացրել Ջհանգիրյանին, վերջինս հորդորել էր դատավարական գործիքակազմն օգտագործել եւ միջնորդել, որպեսզի նիստերն անցկացվեն դռնբաց ռեժիմով։