Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մանկահավաքը Օսմանյան կայսրությունում մինչև 17-րդ դարի վերջ կիրառված քաղաքականություն է, որի միջոցով Օսմանյան կայսրության կողմից գրավված հողերում որոշակի չափանիշների համապատասխանող քրիստոնյա տղա երեխաներին հավաքելուց և դաստիարակելուց հետո նրանց պիտանի էին դարձնում Օսմանյան պետությանը ծառայելու համար։ Մեր հոդվածում ամենապարզ ձևով ներկայացնում ենք այդ համակարգը՝ պատասխանելով այն հարցերին, թե ինչ է իրենից ներկայացնում մանկահավաքը, որոնք էին նրա նպատակներն ու առանձնահատկությունները, և ով է հիմնել այդ համակարգը Օսմանյան կայսրությունում։
Մանկահավաքը մեծ դեր է կատարել Օսմանյան կայսրության կյանքում։ Այդ համակարգի շնորհիվ բազմաթիվ ոչ թուրք տղա երեխաներ են ներգրավվել պետական գործերում։ Այդպիսով նրանք Օսմանյան պետության համար հավատարիմ, ուժեղ զինվորական պաշտոնյաներ են դարձել։ Մանկահավաքն ուներ իրեն հատուկ առանձնահատկություններ ու կանոններ և դրան համապատասխան էր գործում։
Ի՞նչ է դևշիրմեն՝ մանկահավաքը
Մանկահավաքը Օսմանյան կայսրության քաղաքականություններից մեկն է եղել և բոլորին հայտնի երևույթ է։
Շատ լավ, իսկ ի՞նչ է մանկահավաքը։ Մանկահավաքի միջոցով Օսմանյան կայսրության կողմից գրավված տարածքներում հավաքում էին ներուժ ունեցող պատանիների և նրանց այնպես էին դաստիարակում, որ օգտակար լինեն պետությանը։ Եթե այդ երեխաները կրթության մեջ առաջադիմում էին, ապա հնարավորություն էին ձեռք բերում բավականին հաջողությունների հասնել ռազմական կամ բյուրոկրատական շրջանակներում։ Մանկահավաքի միջոցով վերցված և բավականին բարձր աստիճանի հասած ամենանշանավոր պաշտոնյաներից են Սուլթան Սուլեյմանի մեծ վեզիր Փարգալը Իբրահիմ փաշան, Սոքուլլու Մեհմեդ փաշան, Ռյուսթեմ փաշան և նման բազմաթիվ այլ մարդիկ։
Մանկահավաքի են ենթարկվել հիմնականում 8-18 տարեկան երեխաները, սակայն տարիքային ամենափոքր շեմը երբեմն իջեցվել է մինչև 6 տարեկան։ Բազմաթիվ տեղեկություններ են արձանագրվել այդ երեխաների ծննդյան թվի, ծննդավայրի, ընտանիքի անդամների, արտաքին տեսքի և այլնի վերաբերյալ։ Այսպիսով՝ հնարավոր փախուստի դեպքում այդ երեխաներին հեշտ էին կարողանում գտնել։ Բացի այդ՝ գրանցվում էր այն ընտանիքի ղեկավարի անունը, որին այդ երեխաներին պահ էին տալիս Օսմանյան պետության տարածքում։ Նման տեղեկություններ պարունակող 3 մատյան հասել է մինչև մեր օրեր։
Մանկահավաքն առաջին անգամ կիրառվել է Ռումելիայում։ Սակայն հետագա տարիներին այդ համակարգի կիրառման աշխարհագրությունն ընդլայնվել է և ընդգրկել Հունաստանը, Բուլղարիան, Ալբանիան, Բոսնիան, Հունգարիան և Սերբիան։
Մանկահավաքը ոչ միշտ է կիրառվել։ Այն գործադրվում էր ժամանակ առ ժամանակ՝ պետության կարիքներին համապատասխան։ Մանկահավաքի գործընթացի պատասխանատուն ենիչերիների աղան էր։ Վերջինս սուլթանական արքունիքին էր դիմում, անհրաժեշտ թվաքանակը հայտնում, թույլտվություն էր ստանում, և այդ մասին հայտարարում էին մանկահավաքի գործադրման տարածքներում։
Ենիչերիների օջախը 16-րդ դարի վերջերին սկսել էր սասանվել, դրա հետ մեկտեղ մանկահավաքի մասին օրենքներն էլ սկսեցին չկիրառվել։ Այդ պատճառով դևշիրմեի համակարգի գործադրմանը վերջ է տրվել մոտ 17-րդ դարի վերջին։
Ո՞վ է հիմնել մանկահավաքի համակարգը
Մանկահավաքի համակարգը հիմնվել է Մուրադ Առաջինի օրոք, սակայն դրա համակարգայնացումը և հայտնի օրենքների կիրառումը կատարվել են Մուրադ Երկրորդի ժամանակաշրջանում։ Այսինքն՝ թեև համարվում է, որ մանկահավաքի համակարգը հիմնվել է Մուրադ Առաջինի օրոք, սակայն Մուրադ Երկրորդն է այն հետագայում վերջնական տեսքի բերել։
Մանկահավաքի նպատակները
Մանկահավաքի նպատակն էր Օսմանյան պետության բանակի զարգացումը։ Արդեն իսկ այդ համակարգով թիրախավորված ոչ թուրք տղա երեխաները դաստիարակվում էին Օսմանյան կայսրությանը օգտակար լինելու նկատառմամբ, այդ երեխաների գոյությունը ամբողջովին կապված էր պետության հետ, և նրանք տեղավորվում էին իրենց ընդունակություններին համապատասխան տեղերում։ Ուժեղ և լավ ռազմիկ դառնալու ներուժ ունեցողներին ռազմական ոլորտ էին ուղարկում, իսկ խելացի և լեզվական հմտություններ ունեցող երեխաներին՝ համապատասխան ոլորտներ։
Մանկահավաքի ենթարկված երեխաները Օսմանյան կայսրությունում բարձր պաշտոններ ստանալու հանարավորություն էին ձեռք բերում։
Մանկահավաքի առանձնահատկությունները
Մանկահավաքը տարիներ շարունակ Օսմանյան կայսրությանը լավ ծառայած համակարգ է։ Այդ համակարգը կարողացել է այդքան ժամանակ սահուն աշխատել իր որոշ առանձնահատկությունների և կանոնների պատճառով։ Մանկահավաքման ենթակա երեխաների չափանիշները հայտնի էին, օրենք էր հրապարակվել այդ մասին, և միայն այդ չափանիշներին համապատասխանող երեխաներին են տարել։ Այդ չափանիշներն էլ մանկահավաքի առանձնահատկություններն են։ Մանկահավաքման ենթակա երեխաները պետք է ունենային այս հատկությունները՝
Միջինը 8-18 տարեկան,
Առողջ տեսք,
Չպետք է տան միակ արու զավակը լինեին,
Քրիստոնյա։ Նրանք չպետք է մուսուլման, հրեա կամ ուղղափառ քրիստոնյա լինեին,
Ամուսնացած չլինեին,
Ճաղատ կամ բեղավոր չլինեին,
Ծննդից հետո թլպատված չլինեին,
Չափազանց բարձրահասակ կամ ցածրահասակ չլինեին,
Չպետք է երկկողմանի կամ միակողմանի որբ լինեին։
Թարգմանեց Անի Մելքոնյանը
Akunq.net