կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-15 13:03
Հասարակություն

Սփիւռքի գլխաւոր «Յանձնակատար»ի նոր յանձնարարութիւնը

Սփիւռքի գլխաւոր «Յանձնակատար»ի նոր յանձնարարութիւնը

Հայաստանի ներկայ իշխանութիւնների քաղաքական այրերը առանձնանում են մի քանի յատկանիշներով. Ստախօսութիւն, երեսպաշտութիւն, տրամաբանութեան բացակայութիւն,…։ Այդ յատկանիշները վերջին շրջանում համալրուել է նաեւ մէկով՝ երախտամոռութեամբ: Իսկ այդ ամբողջի հաւաքական կենդանի ապացոյցն ու վկայութիւնը ՀՀ Սփիւռքի գլխաւոր յանձնակատար Զարեհ Սինանեանը կարող է լինել:

Սփիւռքի գլխաւոր յանձնակատարը վերջին օրերին յատուկ յանձնարարութեամբ մեկնել էր Դամասկոս, Հալէպ ու Բէյրութ, որտեղ հանդիպումներ պիտի ունենար սփիւռքի համայնքային, հոգեւոր մշակութային կառոյցների ներկայացուցիչների հետ ու պիտի քննարկէր յառաջիկայ ծրագրերում նրանց ակտիւ մասնակցութեանը վերաբերող հարցեր:

Այցերի մասին յանձնակատարի գրասենեակի սեղմ ու համառօտ լրատուութիւնից կարելի է կռահել, որ Զարեհ Սինանեանի սիրիական ու լիբանանեան այցերն այդքան էլ հարթ չեն անցել, ինչի պատճառով էլ Սփիւռքի գլխաւոր յանձնակատարն իր վրայից ճամբի փոշին դեռ թափ չտուած շտապել է իր մշտական խօսափողը հանդիսացող յայտնի հակադաշնակցական Արման Բաբաջանեանին պատկանող «Առաջին լրատուական» ու ինչպէս կարելի է ակնկալել փորձել է այցի ձախողման համար պատասխանատուութեան սլաքը կրկին ուղղել Դաշնակցութեան դէմ:

Ինչպէս պարզւում է այցերի մասին լրատուութիւնից Սիրիայում ու Լիբանանում Զարեհ Սինանեանը հիմնականում հանդիպել է հոգեւոր առաջնորդներին, հանդիպումներից բացակայել են երկու երկրների Դաշնակցութեան կառոյցների ներկայացուցիչներն ու խորհրդարանների դաշնակցական պատգամաւորները, իսկ համայնքային սահմանափակ հանդիպումների ժամանակ էլ իրենց սուր հարցումներով ու քննադատութիւններով նրան «պատշաճ» կերպով դիմաւորել են դաշնակցական երիտասարդները:

«Առաջին լրատվական»-ին տուած Զարեհ Սինանեանի հարցազրոյցը կարելի է ապերախտութեան ու երեսպաշտութեան լաւագոյն օրինակ համարել:

Զաւեշտական է նաեւ այն պարգան, որ Յանձնակատարը Հայաստանի պետական շահերի դէմ աշխատելու ու դաւաճանութեան մէջ մեղադրում է մի կառոյցի, որին պարտական է իր քաղաքական ողջ ռեզումէն ու նաեւ ինչ-որ կերպով այսօր զբաղեցրած պաշտօնը:

Զարեհ Սինանեանի համոզմամբ Հայաստանի ներկայ իշխանութիւնների դաւաճանութեան ու հողավաճառութեան դէմ պայքարելը «համարուում է Հայաստանի պետական շահերի դէմ աշխատել ու դաւաճանութիւն»: Իսկ ի՞նչ էր համարուում ժամանակին Հայաստանի նախկին իշխանութիւնների դէմ ուղղուած իր պայքարն ու քննդատութիւնը, որոնք ի դէպ, իրենց բոլոր թերութիւններով հանդերձ ոչ դաւաճան էին ու ոչ էլ հող վաճառող, չէին կորցրել Արցախն ու 5000 երիտասարդի կեանք չէին խլել:

Ժամանակին Սփիւռքի նախարարութիւն հիմնելու գլխաւոր նպատակներից մէկը եղել է Սփիւռքի ներուժի համախմբումն ու դա յօգուտ Հայաստանի ու Արցախի ծառայեցնելը: Ներկայ իշխանութիւնների օրօք Սփիւռքի նախարարութիւնը փոխարինուեց Սփիւռքի գործերի յանձնակատարով, որի առաքելութիւնն ինչպէս բազմիցս ապացուցուել է ոչ թէ Սփիւռքի միաւորումն է, այլ ընդհակառակը յօգուտ մէկ անձի իշխանութեան գոյատեւման դրա պառակտումը:

Իր հարցազրոյցում Զարեհ Սինանեանը կորցնելով չափն ու կշիռն ու նաեւ շփոթելով իր զբաղեցրած պաշտօնի գործառոյթները համարձակութիւն է ցուցաբերում որոշել, թէ Դաշնակցութեան անունից ներկայացող որ կառոյցն է լեգիտիմ, որը՝ ոչ: Իհարկէ այս հարցում Զարեհ Սինանեանի գայթակղութիւնը կարելի է մասամբ հասկանալի թուալ նկատի առնելով ՀՅԴ շարքերից հեռացուած որոշ անձանց հետ իր վաղեմի բարեկամութիւնը, նաեւ հոգեւոր ու չի բացառւում նաեւ ֆինանսական կապերը: Սա արդէն Սինանեանի երկրորդ նմանատիպ յայտարարութիւնն է, որ նաեւ լոյս է սփռում այն իրողութեան վրայ թէ Արեւմտեան ԱՄՆում ՀՅԴ անունից հանդէս եկող ՀՅԴ շարքերից արտաքսուած անջատողականների խմբակը որտեղի՞ց է սնւում եւ ո՞ւմ է ծառայում: 

Ի դէպ, երեքամեայ ուշացումով Զարեհ Սինանեանի միջինարեւելեան այցերի շարանը յառաջիկայ շաբաթ աւարտուելու է Իրանով:

Ելնելով նախորդ երկու այցերի փորձից խելօք մարդն ինչ-որ կերպով կհրաժարուէր Թեհրան ու Սպահան այցելելուց, որտեղ նկատի առնելով ազգային միասնական կառոյցն ու ղեկավարութիւնը հաստատ շատ աւելի լուրջ անակնկալներ են նրան սպասելու: Այն որ Զարեհ Սինանեանը խելօք գտնուելով կհրաժարուի Իրան այցելելուց, թէ համայնքում մերժուած որոշ յայտնի ուժերի գայթակղութեանը տրուելով հերթական ձախողումը կունենայ, դա արդէն ժամանակը ցոյց կտա: Բայց մինչ այդ Սփիւռքի գլխաւոր «յանձնակատար»-ին անհրաժեշտ է յիշեցնել տզրուկի օրինակը: Տզրուկը ծծելով մէկ այլ մարմնի արիւնը տռզում ու ուռչում է ու երբեմն էլ կորցնելով չափի զգացողութիւնը՝ պայթում է: Իսկ նրան սնուցող մարմինը դրանից ոչ թէ վնասւում, այլ առողջանում է:     

Ռոբերտ Մարգարյան

Քաղաքագետ-իրավաբան