կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-31 15:46
Հասարակություն

Մահացել է «Ալիք» օրաթերթի երկար տարիների գլխաւոր խմբագիր Նորայր Էլսայեանը

Մահացել է «Ալիք» օրաթերթի երկար տարիների գլխաւոր խմբագիր Նորայր Էլսայեանը

Խորը վշտով տեղեկացանք, որ երէկ՝ մարտի 30-ին Երեւանում մահացել է իրանահայ վաստակաւոր ազգային-հասարակական եւ կրթական գործիչ, գաղափարական նւիրեալ եւ «Ալիք» օրաթերթի երկար տարիների գլխաւոր խմբագիր Նորայր Էլսայեանը։

Նորայր Էլսայեանը ծնւել է 1934 թւականին Արաք քաղաքում։ Տարրական եւ միջնակարգ կրթութիւնը ստացել է իր ծննդավայրում, իսկ բարձրագոյն կրթութիւնը Թեհրանի պետական համալսարանի պատմութեան ֆակուլտետում՝ մանկավարժական թեքումով։

Դեռեւս պատանի տարիքից ակտիւ մասնակցութիւն է ունեցել ազգային-հասարակական կեանքին եւ ելնելով իր գաղափարական դաստիարակութիւնից անդամագրւել է Հայ Յեղափոխական Դաշնակցութեանը եւ իր ողջ կեանքի ընթացքում եղել է կուսակցութեան գաղափարների անխոնջ կրողն ու հաւատարիմ զինւորը։

Իր բեղմնաւոր ազգային-հասարակական կեանքի ընթացքում եղել է Թեհրանի Հ.Մ. «Սիփան», «Ռոստոմ» եւ Հայ ուսուցիչների միութեան հիմնադիր անդամներից։

Երկար տարիներ զբաղւել է մանկավարժութեամբ եւ նւիրւել է մատաղ սերնդի դաստիարակութեան գործին։ Որպէս հայոց լեզւի եւ պատմութեան ուսուցիչ, փոխտեսուչ եւ տեսուչ պաշտօնավարել է Արարքի հայոց տարրական դպրոցում եւ Թեհրանի հայոց ազգային «Ռոստոմ», «Թունեան», «Նոր Անի» եւ «Աբրահամ Սողոմոնեան» դպրոցներում։ Եղել է նաեւ Թեհրանի հայոց թեմի հայերէնագիտական երեկոյեան դասընթացների տեսուչ եւ հայոց պատմութեան դասախօս։

1984-93 թթ. եղել է «Ալիք» օրաթերթի գլխաւոր խմբագիրը։

1993-95 թթ. բնակութիւն է հաստատել Հայաստանում, ապա երեք տարով վերադարձել է Թեհրան, որից յետոյ կրկին տեղափոխւել է Հայաստան եւ վերջնականապէս հաստատւել հայրենիքում՝ շարունակելով իր ազգային-հասարակական եւ գաղափարական-կուսակցական գործունէութիւնը։

2002 թւականին Լոս Անջելէսում, Հ.Մ.Ը.Մ. Բրբանքի «Սիփան» մասնաճիւղի նախաձեռնութեամբ, նշւել է նրա ազգային-հասարակական եւ կրթական գործունէութեան 50-ամեակը։

2013 թւականին Հ.Մ. «Սիփան» միութեան 50-ամեակի առիթով, միութեան դահլիճն անւանակոչւել է Նորայր Էլսայեանի՝ որպէս միութեան հիմնադիր անդամի անունով։

«Ալիք» հաստատութեան, «Ալիք» օրաթերթի եւ «Ալիքօնլայն»-ի խմբագրակազի ու աշխատակիցների անունից ցաւակցում եւ վշտակցում ենք Նորայր Էլսայեանի ընտանիքի անդամներին, բարեկամներին, հարազատներին եւ գաղափարական ընկերներին՝ անդառնալի կորստի առիթով։

Խաղաղութիւն նրա հոգուն։

alikonlie.ir