Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացը կարևոր հանգրվանի է մոտեցել, և կա իրական վտանգ, որ խնդիրը կարող է լուծվել ամբողջությամբ հօգուտ Ադրբեջանի։ Այս մասին է վկայում թեկուզ միայն այն փաստը, որ ՀՀ իշխանություններն անընդունելի ոչինչ չեն տեսնում Ադրբեջանի առաջ քաշած հայտնի հինգ առաջարկներում, որոնք պետք է ընկած լինեն բանակցային գործընթացի հիմքում։
Ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Եվրոպական կողմի նախաձեռնած եռակողմ այս հանդիպումը, ինչպես հայտնի է, տևել է ավելի քան 4.5 ժամ։ Այդ ընթացքում հակամարտող կողմերի ներկայացուցիչները քննարկել են հարցերի լայն շրջանակ, ձեռք բերել մի շարք պայմանավորվածություններ։ Հանդիպումից անմիջապես հետո Շառլ Միշելը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ թե՛ Փաշինյանը, թե՛ Ալիևը ցանկանում են արագ կնքել խաղաղության համաձայնագիր։ Նա հայտարարել է, որ Ալիևն ու Փաշինյանը պայմանավորվել են մինչև ապրիլի վերջ ստեղծել սահմանային հանձնաժողով, որի մանդատի շրջանակում կլինի երկու հարց՝
1. սահմանազատել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը,
2. ապահովել անվտանգային կայուն իրադրություն սահմանագծի երկայնքով և մերձակայքում (1):
Շառլ Միշելը նաև հայտնել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները հանձնարարել են իրենց արտաքին գործերի նախարարներին աշխատել խաղաղության պայմանագրի նախապատրաստման ուղղությամբ։ Եվրոպայի խորհրդի նախագահի հայտարարության մեջ հիշատակված էին նաև հումանիտար մի շարք հարցեր, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հեռանկարները և այլն։ Ընդհանուր առմամբ պետք է նշել, որ Շառլ Միշելը գրեթե հիացական տոնով էր խոսում Ալիևի և Փաշինյանի բրյուսելյան հանդիպման արդյունքների մասին, ինչը, եթե հաշվի առնենք Արցախում մինչ այդ ստեղծված իրավիճակն ու այդ պահին ծավալվող գործընթացները, բավական տարօրինակ էր։
Բրյուսելում Ալիևի հետ հանդիպումից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարության նիստում կրկին հայտարարել է, որ Ադրբեջանի առաջարկներում հայկական կողմի համար անընդունելի ոչինչ չկա, «սակայն դրանք չեն ամբողջացնում խաղաղության օրակարգի հարցերը, և մեզ համար սկզբունքային նշանակություն ունեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխիքները, նրանց իրավունքների և ազատությունների պաշտպանությունը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի ճշգրտումը» (2)։ ՀՀ ղեկավարը, սակայն, չի մանրամասնում, թե ինչ է հասկանում, օրինակ, «Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակ» ասելով։ Նկատի ունի՞ արդյոք, որ Արցախը պետք է անկախ լինի, թե՞ իր համար ընդունելի է նաև Արցախի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում։ Նույնը վերաբերում է «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի» անվտանգության երաշխիքներին ու իրավունքներին։ Ի՞նչ նկատի ունի պաշտոնական Երևանն այդ դեպքում։ Ցավոք, հստակ պատասխաններ չկան։ Ավելի ճիշտ՝ այդ առնչությամբ Փաշինյանի ու նրա թիմակիցների մեկնաբանությունները լավատեսություն չեն ներշնչում։
Բոլոր այս գնահատականներում և ընդհանրապես ստեղծված իրավիճակում կարևորագույն հանգամանքն այն է, որ Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունները խաղաղության պայմանագիր կնքելու աշխատանք են սկսում, և դրա հիմքում, ըստ ամենայնի, Ալիևի վարչակազմի մշակած հինգ, այսպես կոչված, առաջարկներն են՝
– ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության և միմյանց քաղաքական անկախության փոխադարձ ճանաչում,
– պետությունների՝ միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունենալու և ապագայում նման պահանջներ չներկայացնելու իրավական պարտավորության փոխադարձ հաստատում,
– զերծ մնալ միջպետական հարաբերություններում միմյանց քաղաքական անկախության և տարածքային ամբողջականության դեմ սպառնալիք և ուժ կիրառելուց, միմյանց անվտանգությանը սպառնացող, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին հակասող այլ գործողություններից,
– սահմանազատում և սահմանագծում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում,
– տրանսպորտի և այլ հաղորդակցությունների բացում, այլ հաղորդակցությունների հաստատում և համագործակցություն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։
Ուշադիր ընթերցողը, իհարկե, հեշտորեն կնկատի, որ ադրբեջանական կողմի ներկայացրած 5 առաջարկներն իրականում լուծում են Ադրբեջանի համար երկու կարևոր խնդիր՝ Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության (ներառյալ Արցախը) ճանաչումն ու ՀՀ ինքնիշխան տարածքներին անխոչընդոտ հասանելիությունը։ Պարզ է, որ սրանք իրենց էությամբ ոչ թե Հայաստանին ուղղված առաջարկներ են, այլ պահանջներ, որոնք, եթե հաշվի առնենք նաև Ադրբեջանի ագրեսիվ գործողություններն Արցախում ու Սյունիքում, շատ նման են վերջնագրի։
Ադրբեջանի ու Հայաստանի իշխանությունների միջև սկսված այս նոր սիրախաղը, բնական է, չէր կարող անտարբեր թողնել հայ հանրությանը։ Երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններն արդեն իսկ բավական էին, որ ընդդիմությունը գործընթացը կասեցնելուն ուղղված հանրային ճնշման գործողություններ նախապատրաստեր։ Ապրիլի 5-ին՝ բրյուսելյան հանդիպման նախօրեին, Երևանում տեղի ունեցավ առաջին հանրահավաքը, որը լուրջ ազդակ փոխանցեց Նիկոլ Փաշինյանին, ինչպես նաև մեր տարածաշրջանում աշխարհաքաղաքական շահեր հետապնդող կենտրոններին, որ Ադրբեջանի հետ հաշտության պայմանագիր կնքելու գործընթացն այնքան էլ հեշտ չի լինելու։ Իսկ երբ ապրիլի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարեց, որ միջազգային հանրությունը հորդորում է «իջեցնել Արցախի կարգավիճակի նշաձողը» (3), հանրային դժգոհությունը միանգամայն այլ որակ ստացավ, և ժողովուրդը դուրս եկավ փողոց։
Ապրիլի 19-ին Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնեց Ռուսաստան (4)։ Չնայած այն հանգամանքին, որ այցի ընթացքում երկու երկրների տարբեր գերատեսչությունների միջև ստորագրվել են համագործակցության մի շարք համաձայնագրեր, ինչպես նաև ՌԴ և ՀՀ ղեկավարների կողմից 30 կետից բաղկացած հայտարարություն է ընդունվել, Արցախի խնդրի վերաբերյալ որևէ լուրջ արձանագրում այդ այցի ընթացքում չի եղել։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը միայն նշել է, որ հարցի կարգավորման համար պետք է առաջնորդվել 2020 թ. նոյեմբերի 9-ին, 2021 թ. հունվարի 11-ին և 2021 թ. նոյեմբերի 26-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ընդունված երեք համատեղ հայտարարությունների դրույթներով (5)։ Բրյուսելի թեման Ռուսաստանում շրջանցվեց։ Փորձագիտական և լրատվական մակարդակներում միայն նշվել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովներ ստեղծելու մասին պայմանավորվածություն ձեռք է բերվել նաև նոյեմբերի 26-ի հիշատակված հանդիպման ընթացքում, և կողմերը պայմանավորվել են այդ հանձնաժողովը ստեղծել մինչև 2021 թ. ավարտը։ Սակայն դա տեղի չի ունեցել։ Ի դեպ, այդ նույն հանձնաժողովը հայկական կողմը չստեղծեց նաև մինչև 2022 թ․ ապրիլի ավարտը, ինչը նախատեսված էր արդեն բրյուսելյան պայմանավորվածությամբ։ Եվ դրա պատճառը, ամենայն հավանականությամբ, Երևանում ու մարզերում սկիզբ առած բողոքի ակցիաներն են, որոնք լուրջ անհանգստություն են առաջացրել Փաշինյանի կառավարությունում։
Մոսկվա՞, թե՞ Բրյուսել։ Ո՞վ կլինի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ու Արցախի խնդրի լուծման գլխավոր հովանավորը։ Ահա այս հարցն է ներկայումս ամենաշատը քննարկվում քաղաքական և փորձագիտական շրջանակներում: Ընդ որում, կարևոր է նաև այն հանգամանքը, որ միջազգային քաղաքական ընկալումներում արցախյան խնդիրը փոխկապակցվել է Ուկրաինայում ընթացող զարգացումների հետ։ Այս փաստը զգալիորեն նվազեցնում է հայկական կողմի հնարավորությունները՝ ազդելու մեզ համար կենսական նշանակություն ունեցող այդ խնդրի կարգավորման գործընթացի վրա։ Պատճառը պարզ է․ Հայաստանը տարածաշրջանային քաղաքականության սուբյեկտից վերածվել է միջազգային առևտրի մանրադրամի։
Այս ամենի հետ պետք է նշել կարևոր ևս մեկ հանգամանք․ այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական հատուկ գործողությունն արագ ավարտ չի ունենա, Արցախում իրավիճակ փոխվեց։ Ալիևի վարչակազմն օգտվեց հարմար առիթից և, մինչ Մոսկվայի ուշադրությունն ամբողջությամբ կենտրոնացած էր Ուկրաինայի վրա, նախաձեռնեց մարտի 24-ի հայտնի հարձակումը ԼՂՀ Ասկերանի շրջանի ուղղությամբ։
Դրան հաջորդած զարգացումներն ամբողջությամբ բացահայտեցին երկու կարևոր իրողություն․ նախ՝ թուրք-ադրբեջանական դաշինքը տհաճ անակնկալներ է պատրաստել Ռուսաստանի համար մեր տարածաշրջանում, և երկրորդ՝ Ռուսաստանը, պայմանավորված մեկ այլ տարածաշրջանում առկա լրջագույն խնդիրներով, չի կարող առաջնորդվել իր կամքը պարտադրելու քաղաքականությամբ և փորձում է դրա փոխարեն որոշ հարցերի շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել հակառակորդի հետ։ Ռուսական քաղաքական և փորձագիտական շրջանակները հասկանում են, որ վերջին շաբաթներին Ադրբեջանի գործողություններն Արցախում ուղղված են մի կողմից հայկական պետությունների, իսկ մյուս կողմից էլ՝ հենց Ռուսաստանի դեմ։ Նրանք նույնիսկ բարձրաձայնում են այդ մասին, սակայն բոլոր գնահատականներում նաև նշում, որ այս պահին Մոսկվայի հիմնական խնդիրը Ուկրաինայում ընթացող ռազմական գործողություններն են։ Ակնարկվում է այն մասին, որ Ռուսաստանի համար այս փուլում կարևոր է Թուրքիայի չեզոքությունն Ուկրաինայում։
Թուրքիայի հետ լեզու գտնելու Ռուսաստանի փորձերը, իհարկե, արդյունավետ չեն։ Մինչ այս պահը Մոսկվային հաջողվել է միայն մասամբ զսպել Էրդողանի ախորժակը։ Դա փոքր զիջումների միջոցով ժամանակ շահելու մարտավարություն է։ Իսկ այդ ժամանակը Ռուսաստանին անհրաժեշտ է բացառապես մեկ բանի համար, որպեսզի լուծի Ուկրաինայում առաջացած խնդիրները։ Անկարայում էլ են լավ հասկանում, որ ուկրաինական ճգնաժամի հանգուցալուծումից հետո Ռուսաստանի զիջողականության աստիճանն ու զիջումներ անելու պատրաստակամությունը զգալիորեն կնվազեն։ Հետևաբար Անկարայում որոշել են, որ հիմա է հարմար պահը, և փորձում են առավելագույնս օգտվել դրա ընձեռած հնարավորություններից։ Մեր տարածաշրջանում, օրինակ, դա Արցախի ու Ադրբեջանի հետ անխափան և մեկ այլ տերության կողմից չվերահսկվող ցամաքային կապ ստեղծելու խնդիրն է։ Եվ այն պահին, երբ Թուրքիան հասկացավ, որ Ուկրաինայում Ռուսաստանի ծրագրերը շեղվել են նախապես պլանավորված ընթացքից, Արցախի ուղղությամբ ակտիվացրեց ադրբեջանական գործոնը։
Ողբերգությունն այն է, որ Հայաստանը, որը մեր տարածաշրջանում թուրք-ադրբեջանական ազդեցությունը զսպելու պատմական, քաղաքական և նույնիսկ քաղաքակրթական առաքելություն է մշտապես ունեցել, աշխարհաքաղաքական դրության վերափոխման այս փուլում, փաստորեն, հրաժարվել է իր կարևորագույն գործառույթից և Թուրքիայի ու Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու բանակցություններ սկսել։ Ընդ որում, պաշտոնական Երևանը դա անում է ոչ միայն ի վնաս նույն Ռուսաստանի, Իրանի կամ թեկուզ եվրոպական որոշ երկրների, հատկապես Ֆրանսիայի ու Գերմանիայի տարածաշրջանային շահերի, այլև ի հաշիվ մեր ժողովրդի կենսական ներուժի։
Եվ իսկապես, այն պահին, երբ հայկական երկու պետությունները «ատամները սեղմած» պետք է սպասեին Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության ավարտին, հնարավոր և անհնար բոլոր միջոցներով խոչընդոտեին Արցախի վերաբերյալ թուրք-ադրբեջանական դաշինքի բոլոր ծրագրերը, Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ Արցախը կարող է մնալ Ադրբեջանի կազմում, որտեղ արցախահայությունը իբր թե լավ հեռանկարներ ունի։ Համաձայնեք՝ ավելի մեծ նվեր Հայաստանի իշխանությունները երբեք չէին կարող մատուցել թուրք-ադրբեջանական դաշինքին։ Միանշանակ է նաև, որ այս կեցվածքով պաշտոնական Երևանը խնդիրներ է ստեղծում նաև իր բնական դաշնակիցների՝ Ռուսաստանի, Իրանի, ինչպես նաև Չինաստանի համար։
Թե ինչու է ՀՀ փաստացի ղեկավարը երկրի համար օրհասական այս կարևոր պահին սպասարկում թուրք-ադրբեջանական օրակարգը, հուսով ենք՝ հետաքննությունը հետագայում կպարզի։ Հիմա կարող ենք միայն արձանագրել, որ թե՛ Էրդողանը, թե՛ Ալիևը մեծ տեմպ էին հաղորդել Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու գործընթացին, և Նիկոլ Փաշինյանը ոչ մի վայրկյան ետ չէր մնում թշնամու այդ տեմպից, ավելին՝ ինքն էլ իր հերթին արագացնում էր բոլոր այդ գործընթացները, համենայնդեպս մինչ այն պահը, երբ ժողովուրդը Հայաստանում փողոց դուրս եկավ։
Հիմա, երբ ես գրում եմ այս տողերը, Հայաստանի քաղաքներում ու գյուղերում շարունակվում է Արցախի ապագայի համար մղվող պայքարը։ Իհարկե, այդ պայքարում բազում կողմեր կան՝ հայկական ընդդիմությունը, Փաշինյանի կառավարությունը, բոլոր այս գործընթացների վրա ձեռքեր տաքացնող աշխարհաքաղաքական կենտրոնները և այլն։ Բայց մի չափազանց կարևոր խնդիր հանրահավաքների ու բողոքի ցույցերի դուրս եկած մեր ժողովուրդն արդեն լուծել է․ ինքն է դարձել Հայաստանի ու Արցախի համար մղվող պայքարի ամենակարևոր կողմը։ Ժողովուրդը վերագտել է իր սուբյեկտայնությունը, և այդ փաստի հետ բոլորը հիմա պարտավոր են հաշվի նստել։ Այս կարևոր իրողությունը նաև հույս է ներշնչում, որ անկախ նրանից, թե ով կլինի արցախյան հիմնախնդրի կարգավորման հիմնական հովանավորը՝ Մոսկվա՞ն, թե՞ Բրյուսելը, հայ ժողովրդի շահն այլևս չի անտեսվի։
__________________________________-
Հղումներ
1. Տե՛ս Շառլ Միշել. Փաշինյանն ու Ալիևը ցանկանում են արագ խաղաղ համաձայնագիր կնքել, 07.04.2022, https://mediamax.am/am/news/foreignpolicy/47035 (մուտք՝ 10․2022)։
2. Վարչապետն ամփոփել է ապրիլի 6-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման արդյունքները, 07.04.2022, https://www.primeminister.am/hy/press-release/item/2022/04/07/Cabinet-meeting-Speech/ (մուտք՝ 10․2022)։
3. Հորդորում են իջեցնել Արցախի կարգավիճակի նշաձողը. Փաշինյան, 13.04.2022, https://www.youtube.com/watch?v=IbKBhhj61MA (մուտք՝ 10․2022)։
4. Տե՛ս Վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Ռուսաստանի Դաշնություն, 19.04.2022, https://www.primeminister.am/hy/foreign-visits/item/2022/04/19/Nikol-Pashinyan-visit-to-Russia/ (մուտք՝ 10․2022)։
5. Տե՛ս 19 апреля состоятся переговоры Владимира Путина с Премьер-министром Армении Николом Пашиняном, 19.04.2022, http://kremlin.ru/catalog/countries/AM/events/68229 (մուտք՝ 10․2022)։
Հրանտ Մելիք-Շահնազարյան