կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-22 14:27
Աշխարհ

Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին տեղի է ունեցել Պուշկինի արձանի բացման հանդիսավոր արարողությունը

Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին տեղի է ունեցել Պուշկինի արձանի բացման հանդիսավոր արարողությունը

Ապրիլի 22-ին Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի Պուշկինի ոլորաններ կոչվող հատվածում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մասնակցել է Ալեքսանդր Պուշկինի արձանի բացման հանդիսավոր արարողությանը․ տեղեկացնում է ԱԺ կայքը։

Ներկա են եղել ՀՀ ԱԺ և ՌԴ ԴԺ միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամներ, երկու երկրների դիվանագիտական կորպուսները ներկայացնող դեսպաններ Վաղարշակ Հարությունյանը և Սերգեյ Կոպիրկինը, ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, ռուսական համայնքի ներկայացուցիչներ:

Այս տարի լրանում է Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Այդ հոբելյանի շրջանակում է անցկացվում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 34-րդ նիստը, որն այս անգամ տեղի է ունենում Ստեփանավանում:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, հայ-ռուսական համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հակոբ Արշակյանը ողջույնի խոսքում ընդգծել է, որ արձանի բացումը վկայում է Հայաստանի և Ռուսաստանի մշակութային կապերի, հարուստ ավանդույթների և բարեկամական սերտ հարաբերությունների մասին: Նա համոզմունք է հայտնել, որ Պուշկինի ստեղծագործությունը համաշխարհային ժառանգություն է, նրա պատվին հուշարձաններ տեղադրված են աշխարհի շատ քաղաքներում: Հայաստանում հուշարձաններ են կանգնեցված Երևանում, Գյումրիում, Ստեփանավանում: 1937թ. գործում է Պուշկինի անվան դպրոցը, մայրաքաղաքի կենտրոնական փողոցներից մեկը կրում է մեծ բանաստեղծի անունը: 

«Մեծ է այսօր արձանի բացման նշանակությունը: Դա հաստատվում է Ռուսաստանի մեծ զավակի հանդեպ հարգանքով և վառ վկայությունն է բարեկամության ու փոխըմբռնման դարավոր ավանդույթների, որոնք ձևավորվել են մեր ժողովուրդների միջև: Խորհրդանշական է, որ արձանը կանգնեցվում է մեր երկրների համար նշանակալից այս տարում»,- ընդգծել է Հակոբ Արշակյանը:

Բացման խոսքում ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Վիկտոր Բոնդարևը խորհրդանշական է համարել արձանի բացումը՝ նշելով, որ այն երկու ժողովուրդների դարավոր բարեկամության ևս մեկ խոսուն վկան է:

Վերջին երեք տարիների ընթացքում հուշարձանի բացման անհրաժեշտության մասին բազմիցս բարձրաձայնել էր ՀՀ ԱԺ պատգամավոր, ռուսական համայնքի ներկայացուցիչ Ալեքսեյ Սանդիկովը: Նա երախտագիտություն է հայտնել հուշարձանի քանդակագործ 90-ամյա Շավարշ Հովհաննիսյանին ստեղծագործ մտքի և Պուշկինի կերպարի ճշգրիտ վերարտադրման համար:

Այնուհետև աշակերտներն արտասանել են նշանավոր բանաստեղծի ստեղծագործություններից, որից հետո ներկաները ծաղիկներ են խոնարհել մեծանուն բանաստեղծի հուշարձանի մոտ:

Ի նշան երկու ժողովուրդների բարեկամության՝ Հակոբ Արշակյանը և Վիկտոր Բոնդարևը ծառ են տնկել հուշարձանին հարող տարածքում: