կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-17 15:22
Հասարակություն

Նման հիմար միջադեպերով մեզ չեն կարող վախեցնել ու կաշկանդել. Թագուհի Թովմասյան

«Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանը պատրաստվում է վիճարկել ռազմական ոստիկանության և քննչական կոմիտեի ՀԿԳ ավագ քննիչ Գ. Խաչիկյանի գործողությունները` կապված օրաթերթի լրագրող Քնար Մանուկյանին բերման ենթարկելու փորձի հետ:

Հիշեցնենք, որ այսօր ռազմական ոստիկանության աշխատակիցները եղել են «Ժողովուրդ» օրաթերթի լրագրող Քնար Մանուկյանի բնակարանում և փորձել նրան բերման ենթարկել: Պատճառն, ըստ օրաթերթի գլխավոր խմբագրի, եղել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի անվտանգության պետի` Սերգեյ Հայրապետովի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի մասին տեղեկությունները «Ժողովուրդ» օրաթերթի կողմից հրապարակվելը:

Քննիչ Գ. Խաչիկյանը Քննչական կոմիտեի զինվորական քննչական վարչությունում քննվող քրեակաա գործով անհրաժեշտ քննչական գործողություններ կատարելու համար օրաթերթի լրագրող Քնար Մանուկյանին գրություն էր ուղարկել` առաջարկելով նրան ներկայանալ ՀԿԳ քննության վարչություն: Նույն օրը օրաթերթի գլխավոր խմբագիրը պատասխանել էր քննիչին` նշելով, որ «Սեյրան Օհանյանի անվտանգության պետը մարդ է ծեծել» հրապարակման խնդրո առարկա հարցի վերաբերյալ իրենց հայտնի տեղեկությունները զետեղված են հրապարակման մեջ, ուստի լրացուցիչ տեղեկություններ չեն կարող հայտնել:

Խմբագիրը հայտնել էր, որ գործով հրավիրված լրագրողը որևէ դատավարական կարգավիճակ չունի, ըստ այդմ` չի կարող ներկայանալ, իսկ ինչ վերաբերում է «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկատվության աղբյուրները բացահայտելուն, ապա, համաձայն ՀՀ «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 5-րդ հոդվածի, լրագրողը և լրատվամիջոցը պարտավոր չեն տեղեկատվության աղբյուրը հրապարակել:

Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Թ. Թովմասյանը նշեց, որ քննիչ Խաչիկյանի որոշումներն ապօրինի են, քանի որ նա որևէ լիազորություն չուներ լրագրողին բերման ենթարկելու որոշում կայացնելու: «Այս ամենը մենք դիտարկում ենք որպես հստակ ճնշում «Ժողովուրդ» օրաթերթի, նրա լրագրողի նկատմամբ, որպեսզի այսուհետ Քնար Մանուկյանը չհամարձակվի հրապարակել պաշտպանության նախարարի, նախարարի թիկնազորի, ՊՆ-ում առկա կոռուպցիոն ռիսկերի, քննիչների կողմից իրականացված ապօրինի գործողությունների և այլ գործընթացների մասին, սակայն ուզում եմ հիասթափեցնել համապատասխան պաշտոնյաներին, քանի որ մենք ունենք պայքարի փորձ, այսքան տարիների ընթացքում թրծվել ենք, մեզ էսպիսի հիմար միջադեպերով չեն կարող վախեցնել ու կաշկանդել: Մենք շարունակելու ենք աշխատել այնպես, ինչպես մինչև հիմա ենք աշխատել»,- ասաց նա:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում