կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-24 11:43
Հասարակություն

Մեզ այլևս անհնար է վախեցնել ու շանտաժի ենթարկել, որովհետև հայ ժողովուրդը տեսել է ամենասարսափելին. Սերժ Սարգսյան

Մեզ այլևս անհնար է վախեցնել ու շանտաժի ենթարկել, որովհետև հայ ժողովուրդը տեսել է ամենասարսափելին. Սերժ Սարգսյան

Ծիծեռնակաբերդում օտարերկրյա պատվիրակությունների և Հայաստան ժամանած չորս նախագահների քայլերթին հաջորդեց Հովհաննես Չեքիջյանի երգչախմբի կողմից ՀՀ օրհներգի կատարումը:

 

Ելույթ ունեցավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նա նշեց, որ 100 տարի առաջ այս օրը Օսմանյան կայսրության մայրաքաղաքում ձերբակալվեցին հազարավոր հայ մտավորականներ, որից հետո կատարվեց քսաներորդ դարի մեծագույն հանցագործություններից մեկը: «Հայ ժողովրդի մի զգալի հատվածը, որը հազարամյակներով ապրել էր իր բնօրրանում, տեղահանվեց ու բնաջնջվեց՝ համաձայն պետականորեն մշակված ծրագրի: Մարդկային լեզուն անզոր է փոխանցել այն, ինչ ապրեց մի ողջ ժողովուրդ: Սոսկ հայ լինելու պատճառով բնաջնջվեց մեկուկես միլիոն մարդ»,- ասաց ՀՀ նախագահը:

 

Նա նաև նշեց, որ երեկ Հայ Առաքելական եկեղեցին սրբադասեց այդ նահատակներին: Ապրիլը սև հետք թողեց ողջ աշխարհի մարդկության վրա, որից հետո եղան ես մի շարք ցեղասպանություններ: «Թող այլևս աշխարհի ոչ մի ծայրում նման հուշահամալիր կանգնեցնելու առիթ չլինի, թող չլինեն պատմության նոր ամոթալի էջեր: Այս պահի ուղերձը, բարձրանալով երկինք ու միանալով պատարագի ելևէջներին, թող ցրի հարյուրամյա ժխտողականության խավարը: Սա է այն պատգամը, որը պարտավոր ենք փոխանցել սերունդներին»,- ասաց ՀՀ նախագահը՝ իր խոսքում կարևորելով ցեղասպանության դեմ պայքարը:

 

Նա հիշեց նաև Հռոմի պապի այն խոսքերը, որ վերքն առանց վիրակապելու արյունահոսում է: Նախագահը շեշտեց, որ պետք է լուծումներ գտնել, քանի դեռ մարդկությունը կրկին մոռացության չի տվել «Այլևս երբեք» խոստումը:

 

«Մեզ այլևս անհնար է վախեցնել ու շանտաժի ենթարկել, որովհետև հայ ժողովուրդը տեսել է ամենասարսափելին»,- ասաց ՀՀ նախագահը: Նա անվանապես շնորհակալություն հայտնեց Հայաստան ժամանած չորս երկրների նախագահներին և նրանց, ովքեր հայ ժողովրդի կողքին են, նաև նրանց, ովքեր կուզենային հայ ժողովրդի կողքին լինել:

 

«Շնորհակալություն Թուրքիայի Թաքսիմ հրապարակում հավաքվածներին, նրանք ուժեղ մարդիկ են և ճիշտ գործ են անում իրենց հայրենիքի համար»,- ասաց Սերժ Սարգսյանը, և նրա այս նախադասությանը ծափահարեցին ներկաները: