Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԼՂ կարգավիճակի հարցն, ըստ էության, 2016-ի դրությամբ դուրս է եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով տեղի ունեցող բանակցությունների տիրույթից․ Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«1998 թվականի իրադարձությունների լեյտմոտիվն ի՞նչ էր, որ Լևոն Տեր-Պետրոսյանը կարծում էր, որ հարցը պետք է լուծվի փուլային տարբերակով, Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, նաև Արցախի այն ժամանակվա իշխանություններն ասում էին՝ ոչ, չեն ընդունում դա, և հարցը պետք է ընդունվի փաթեթային տարբերակով: Եվ սա դարձավ լեյտմոտիվը», - ասաց նա:
«Բոլոր գաղափարներն էլ կարող ենք ունենալ, բայց Ղարաբաղի հարցի ամբողջությունը 2018 թվականի դրությամբ այնքան է կտրտված եղել, այն փուլային տարբերակ չէր, հիպերփուլային տարբերակ էր, այսինքն՝ 1998-ի փուլային տարբերակից եկել, հասել ենք 2016-ի հիպերփուլային տարբերակի»,- ասաց Փաշինյանը:
«Ներկայացնելուց 2 ամիս հետո տեղի է ունենում ապրիլյան պատերազմը, որից հետո հուլիսին ներկայացվում է 2-րդ փաթեթը, որտեղ արձանագրվում է, որ էլի Ղարաբաղը միջանկյալ կարգավիճակ չի ունենալու: Օգոստոսին ներկայացվում է երրորդ փաթեթը, որտեղ բանակցային թղթերին ավելանում է նոր կոմպոնենտ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի նախագիծ»,- մանրամասնեց Փաշինյանը:
Նա հիշեցրեց 2017-ին առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ հարցազրույցում հնչեցրած միտքը, որ Ղարաբաղի կարգավիճակը որոշելու է միջազգային հանրությունը:
«Մեծ հավանականությամբ, Լևոն Տեր-Պետրոսյանը հենց սա նկատի ուներ, այսինքն՝ ԼՂ կարգավիճակի հարցն, ըստ էության, 2016-ի դրությամբ դուրս է եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով տեղի ունեցող բանակցությունների տիրույթից, այդ հարցն այլևս միջազգային հանրությունը պետք է լուծի, բայց միջազգային հանրությունն էլ պետք է լուծի մի քանի անառարկելի սկզբունքների շրջանակում, որ Ղարաբաղում 88-ի դրությամբ եղել են նաև ադրբեջանցիներ, որոնք հեռացել են: Միջազգային հանրության ընկալմամբ՝ հնարավոր չէ այդ հարցը հասցեագրել՝ առանց ԼՂ-ի ադրբեջանցիների իրավունքների պաշտպանության և, ըստ էության, բանակցային փաթեթում այդ ամեն ինչը կա», - ասաց վարչապետը՝ նշելով, որ Մադրիդյան սկզբունքներում էլ դա կա։
Վարչապեն անդրադարձավ ընդդիմության՝ իշխանության ուղղված հարցադրմանը, թե ինչպե՞ս եղավ, որ 2019-ին թակարդն ընկան:
«Թակարդն ընկնելն էլ ի՞նչն է, որ մի բանակցային փաթեթ է հայտնվում, որով Հայաստանից ակնկալվում է, որ 7 շրջանը հանձնվի Ադրբեջանին: Սերժ Սարգսյանն ասում է՝ ո՞նց եղավ, որ թակարդի մեջ ընկանք. մենք թակարդի մեջ չենք եղել, այդ թղթում արձանագրվել է այն, ինչի մասին Սերժ Սարգսյանն անոնս է արել այս ամբիոնից, դա իր վերջին բանակցությունների արդյունքն է եղել, որովհետև 2019-ի դրությամբ մենք բանակցություն սկսած էլ չենք եղել: 2019-ի դրությամբ, երբ այդ փաստաթուղթը մեր սեղանին դրվել է, մենք այդ պահին դեռ բովանդակային բանակցությունների մասին չենք խոսել ընդհանրապես», - հայտարարեց նա:
Հարցին՝ կարո՞ղ էինք կանխել պատերազմը, վարչապետը պատասխանեց. «Կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում մենք կունենայինք այս նույն վիճակը, իհարկե՝ առանց զոհերի: Այս նույն վիճակը՝ բոլոր հարցերով, բոլոր նրբություններով: Բաներ կան, որ ես հիմա չեմ կարող հրապարակային ասել, որովհետև դրանով մեր ապագա բանակցություններին կվնասեմ»: