Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) տեսախցիկներն արձանագրել են Կովկասյան հովազի առկայությունը: Այս մասին տեղեկանում ենք հիմնադրամից:
Ըստ տեսախցիկների՝ հայտնաբերվել է արու չափահաս հովազ և հաստատվել որպես նոր առանձնյակ։ Նույն օրվա ընթացքում, ընդամենը երկու ժամվա տարբերությամբ և մոտավորապես երեք կիլոմետր հեռավորության վրա տեսախցիկները Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում արձանագրել են արու Նեո հովազին։ Երրորդ առանձնյակը՝ Նովան, գտնվում է մյուս հովազներից վեց կիլոմետր հեռավորության վրա՝ կրկին Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում։
«Հովազների պոպուլյացիան ամբողջ աշխարհում զգալիորեն կրճատվել է՝ պայմանավորված մարդկային մի շարք գործոններով, մասնավորապես՝ մեր տարածաշրջանում միջսահմանային լարվածությունների, նոր սահմանների, արգելքների հետևանքով։ Այս կենդանատեսակը գտնվում է անհետացման վտանգի եզրին։ 2011 թ․-ից սկսած, ինչ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը գործունեություն է իրականացնում նշված տարածքում, սա հովազի 6-րդ առանձնյակն է, որը նկարահանվել է մեր տեսախցիկների միջոցով»,- նշում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը՝ հավելելով, որ սա այն փաստի վկայությունն է, որ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը պահպանության արդյունավետ ձևաչափն է։
FPWC-ը կարողացել է բացահայտել նոր հովազին շնորհիվ ռեյնջերների, ովքեր արդիականացված գիտելիքներ ունեն հովազներին հետևելու և տեսախցիկների տեղադրման համար լավագույն հնարավոր վայրը գտնելու վերաբերյալ:
Այս համատեքստում շատ կարևոր է նաև իրականացնել ուսումնասիրություն՝ հասկանալու հովազների հավանական պոպուլյացիան, ինչպես նաև այն բոլոր վտանգները, որոնց կարող է հանդիպել հովազը նոր սահմանների և խոչընդոտների առկայության դեպքում՝ անվտանգ տեղաշարժվելու համար։
Նշենք նաև, որ FPWC-ը հայտարարել է մրցույթ՝ հովազին անվանակոչելու վերաբերյալ։
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) գործում է 2002-ից: Հիմնադրամը Բնության պահպանության միջազգային միության (IUCN) անդամ է։ Հիմնադրամի գործունեության առանցքային ուղղությունը Հայաստանի բացառիկ կենդանական և բուսական աշխարհի պահպանությունն է՝ նորագույն տեխնոլոգիաների և ժամանակակից մոդելների կիրառմամբ: