Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ճգնաժամային իրավիճակները, ենթադրվում է որ, վատ կարող են ազդել ներդրումների վրա, և իրականություն կա դրա մեջ, բայց որևէ փոփոխության կամ ճգնաժամի մեջ նաև կարելի է հնարավորություն տեսնել, եթե ճիշտ ձևով ուսումնասիրվի և ճիշտ քայլեր ձեռնարկվեն՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց «Ռիվիերա կապիտալ» ներդրումային ընկերության հիմնադիր և տնօրեն Կարեն Մկրտչյանը։
«Մենք տեսնում ենք, որ այս ճգնաժամային իրավիճակում տարբեր երկրներից բավականին մեծ ներհոսք կա Հայաստան՝ այստեղ հաստատվելու, ավելի լավ բիզնես-միջավայրի մեջ գործ անելու։ Անշուշտ, ճգնաժամի բացասական երևույթներն էլ իրենց դրսևորելու են ոչ շատ հեռու ժամանակում, բայց եթե խելացի վարվենք՝ այդ բացասական հետևանքները կկարողանանք դրական մասերով լրացնել»,-ասաց Կարեն Մկրտչյանը։
Անկախ նրանից, որ Հայաստանում դիմավորում ենք տարբեր երկրներից եկող գործարարների, որոնք կարող են նաև Հայաստանի հետ արդեն ավելի երկարաժամկետ գործունեություն ունենալ, նշեց նա, կան նաև արտահանման որոշ հնարավորություններ, հավանաբար, համատեղ գործարաններ հիմնադրելու առիթներ, եթե սանկցիաների մասով իրավիճակը երկար տևի։
«Անշուշտ վստահ եմ, որ պետությունը պետք է շատ նուրբ վարվի այն իրողության հետ, որ պետք է ճիշտ հավասարակշռությունը պահվի, որ Հայաստանն էլ որոշ չափով պատժամիջոցների թիրախ չդառնա»,-ասաց Կարեն Մկրտչյանը։
2017 թ-ից սկսած հարկային ու մաքսային բարեփոխումները, նրա խոսքով, բավական դրական ազդեցություն ունեցել են Հայաստանի ներդրումային միջավայրը բարելավելու համար․ այժմ շատ ավելի քիչ են մրցակիցներին ճնշելու կամ ընտրյաներին մաքսային արտոնություններ տալու հնարավորությունները։
«Այդ իմաստով փոփոխություն տեսնում եմ։ Անշուշտ, շատ ավելի հիմնավոր ձևով պետք է այդ ռեֆորմները կայունանան։ Եվ չպետք է լինի ընտրովի որևէ մոտեցում»,-ասաց նա։
Հայաստանն ունի խնդիրներ ներդրումներ ներգրավելու, բայց նաև ունի առավելություններ՝ ասաց Կարեն Մկրտչյանը։ Խնդիրներից է տարածքի փոքրությունը, դեպի ծով ելք չունենալը, սահմանների որոշակի փակվածությունը, կոնֆլիկտային ընդհանուր միջավայրում լինելը, և պետությունը պետք է կարողանա այնպիսի միջավայր ստեղծել, որ շրջանցենք այս խնդիրները կամ գտնենք այն տնտեսությունները, որտեղ ամենաքիչն են այս խնդիրների հետևանքները։
Առավելություններ էլ, իրոք, ունի Հայաստանը․ Հյուսիս-Հարավ ճանապարհի վրա լինելը, ԵԱՏՄ անդամ լինելը, որը, ճիշտ քաղաքականության պարագայում, կարող է այստեղ ներդրումներ բերել այն ընկերությունների համար, որոնք ուզում են մտնել ԵԱՏՄ շուկա, բայց ուզում են ավելի փոքր երկրներում աշխատել, կամ նաև ուզում են հա՛մ Իրանի, հա՛մ Ռուսաստանի ուղղությամբ աշխատել։ Նաև կա այն առավելությունը, որ, քանի որ փոքր երկիր ենք, միջին ներդրողները ստանում են պետք եղած ուշադրությունը պետությունից՝ համեմատած, եթե ավելի մեծ երկրում ներդնեին և իրենց 10 միլիոնանոց ներդրումը կարող էր ավելի փոքր կարևորություն ստանալ այդ պետության համար։
«Սա, իրոք, մեծ առավելություն է, և եթե մենք մեր պետական համակարգը ճիշտ օգտագործենք և կարողանանք շատ էֆեկտիվ ձևով ներդրողներին սպասարկել, կարող ենք ունենալ այնպիսի միջավայր, որտեղ ներդրողներն ուզենան գալ, որովհետև շատ ներդրողների համար էական է ոչ այնքան հարկային քաղաքականությունը, օրինակ, այլ նաև ընթացակարգերի պարզեցումը՝ մաքսային, հարկային, մրցունակության պահպանումը, թափանցիկությունը, արդար դատական համակարգի ստեղծումը։ Այս միջավայրը շատ ավելի էական կարող է լինել, քան աշխարհագրական դիրքը կամ լոգիստիկ դժվարությունները»,-ասաց Կարեն Մկրտչյանը։
Մենք պետք է շատ արագ վերականգնենք մեր պետական համակարգի վստահելիությունը, նշեց նա, դա ներդրողների համար շատ կարևոր է։ Ամենավատ բանը ներդրողի համար անկայունությունն է կամ անկանխատեսելիութունը։
«Սա միայն դրամի կուրսի մասին չէ, այլ նաև ընդհանրապես միջավայրի․ մենք խնդիրներ ունենք պետական մարմինների թուլացման հետ կապված ներդրողների աչքին։ Որևէ ներդրող, երբ նայում է մի նոր երկիր մտնելու համար, ուսումնասիրում է հնարավորությունները, նրա համար նաև կանխատեսելիությունն ու կայունությունն են կարևոր․ ուժեղ պետությունները կարող են տրամադրել այդ կանխատեսելիությունը՝ անվտանգային, թե ներդրումային միջավայրի մասով։ Սա շատ էական է»,-վստահեցրեց Կարեն Մկրտչյանը։
Աննա Բալյան
Ամբողջական հարցազույցը՝ տեսանյութով․