կարևոր
3361 դիտում, 1 տարի առաջ - 2022-11-01 11:35
Քաղաքական

Ըստ ամենայնի Ադրբեջանին հաջողվել է հանել Լեռնային Ղարաբաղի մասին հիշատակումները տեքստից. Աշոտյան

Ըստ ամենայնի Ադրբեջանին հաջողվել է հանել Լեռնային Ղարաբաղի մասին հիշատակումները տեքստից. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է. 

«Սոչիի հանդիպման եզրափակիչ հայտարարությունը հիասթափեցնող է։

Թեպետ մինչ հանդիպումը քաղաքական և տեղեկատվական հոսքերում ինտենսիվորեն շրջանառվում էին Լեռնային Ղարաբաղի որոշակի սուբյեկտայնությանը վերաբերող մտքեր, սակայն հայտարարության բուն տեքստում Լեռնային Ղարաբաղի մասին հիշատակումը բացակայում է իսպառ։

Անգամ այն հատվածում, որը վերաբերում է ռուս խաղաղապահների առաքելությանը, Արցախն անգամ աշխարհագրորեն հիշատակված չէ։

Դրա փոխարեն օգտագործված է «իր (առաքելության) տեղակայման վայրում» ձեւակերպումը։

Ռուսաստանի նախագահը ակնարկեց, որ հայտարարության նախագծից որոշ հատվածներ հանվել են։ Թեպետ, իհարկե,  հետաքրքիր կլիներ տեսնել տեքստի նախնական տարբերակը, սակայն փաստը մնում է փաստ, որ ըստ ամենայնի Ադրբեջանին հաջողվել է հանել Լեռնային Ղարաբաղի մասին հիշատակումները տեքստից։

Իսկ Ալմա-Աթայի 1991 թվականի հռչակագրի հիշատակումը նման փաստաթղթում առհասարակ հասկանալի չէ։ Այս հռչակագրի մասին բազմիցս խոսել ենք և կրկին կխոսենք։

Մենք քանիցս հայտնել ենք, որ կողմ կլինենք կարգավորման այնպիսի տարբերակի, որը խաչ չի քաշի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հեռանկարի եւ հնարավորության վրա։
Մեր ասածն ուժի մեջ է»։