կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-16 13:04
Աշխարհ

ԱՄՆ-ը Ռուսաստանին երաշխիքներ է տվել Իրանի հարցում. Լավրով

ԱՄՆ-ը Ռուսաստանին երաշխիքներ է տվել Իրանի հարցում. Լավրով

Վաշինգտոնը Մոսկվային գրավոր երաշխիքներ է տրամադրել, որ Ռուսաստանի և Իրանի տնտեսական համագործակցությունը չի ընկնի ԱՄՆ պատժամիջոցների տակ։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ հանդիպումից հետո։

«Մենք գրավոր երաշխիքներ ենք ստացել։ Դրանք ներառված են իրանական միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի վերսկսման վերաբերյալ համաձայնագրի տեքստում, և այդ տեքստերը հուսալի պաշտպանություն են ապահովում JCPOA-ով նախատեսված բոլոր նախագծերի և գործողությունների համար, ներառյալ՝ մեր ընկերությունների եւ մասնագետների անմիջական ներգրավվածությունը»,- ասել է Սերգեյ Լավրովը։

Նրա խոսքով՝, երաշխիքների տակ է ընկնում նաեւ Բուշերի ատոմակայանի կառուցումը։ «Ռոսատոմ»-ը կառուցում է երկրորդ էներգաբլոկը և կայանը վառելիքով ապահովում։

Ըստ Լավրովի՝ Ռուսաստանը կողմ է Իրանի հետ միջուկային գործարքի վերսկսմանը շահերի սկզբնական հավասարակշռությամբ, և Մոսկվան արդեն հավանություն է տվել համաձայնագրին։ «Հետևաբար, երբ ամերիկացիներն ասում են, որ մենք դանդաղեցնում ենք այս համաձայնագիրը, դա սուտ է. որոշ մայրաքաղաքներում համաձայնագիրը դեռ վերջնականապես չի հաստատվել, իսկ Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվան դրանց թվում չէ»,- հավելել է նա։

Նախօրեին Ռուսաստանը ԱՄՆ-ից գրավոր երաշխիքներ էր պահանջել, որ Իրանի հետ համագործակցությունը չի ընկնի ԱՄՆ պատժամիջոցների տակ։ The Wall Street Journal (WSJ) թերթը հայտնել է, որ ԱՄՆ-ն այս դեպքում ուսումնասիրում է համաձայնագրի այլընտրանքային տարբերակի հնարավորությունը՝ առանց Ռուսաստանի մասնակցության։