կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-10 11:37
Քաղաքական

Ֆրանսիայում բազմաշերտ օրակարգ ենք ունեցել. Նիկոլ Փաշինյան

Ֆրանսիայում բազմաշերտ օրակարգ ենք ունեցել. Նիկոլ Փաշինյան

Գիշերը մենք վերադարձել ենք պատվիրակությամբ Ֆրանսիայի մայրաքաղաքից, որտեղ մասնակցել ենք Ֆրանսիայի կառավարության հետ համատեղ կազմակերպված հայ-ֆրանսիական ֆորումին՝ նվիրված մեր երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին: Այս մասին այսօր՝ մարտի 10-ին, կառավարության նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Կարծում եմ՝ մենք հիմա պետք է, այդ համաժողովն օգտագործելով, նոր լիցք հաղորդենք Ֆրանսիայի եւ Հայաստանի տնտեսական ու ոչ միայն տնտեսական համագործակցությանը, որովհետեւ մեր պատվիրակության կազմում էին նաեւ առողջապահության նախարարը, ԿԳՄՍ նախարարի 2 տեղակալները, նաեւ ՏԿԵ նախարարը, ԱԳ նախարարը: Նկատի ունեմ՝ մենք բազմաշերտ օրակարգ ենք ունեցել: Պետք է կենտրոնանանք այդ օրակարգի իրականացման վրա, նաեւ տնտեսական կապերն աշխուժացնելու ուղղությամբ աշխատենք»,- ասաց նա:

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը Ելիսեյան պալատում հանդիպում էր ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Զրուցակիցները կարևորել էին ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում և 44-օրյա պատերազմից հետո ստորագրված եռակողմ հայտարարությունների իրականացումը:

Նիկոլ Փաշինյանը Փարիզում ոչ ֆորմալ հանդիպում էր ունեցել նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Անդրադարձ էր կատարվել Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին: Վարչապետը ներկայացրել էր Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին առկա իրավիճակն ու անթույլատրելի համարել Ադրբեջանի կողմից վերջին օրերին շարունակվող սադրիչ գործողությունները: