Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օգտվելով այն հանգամանքից, որ Ռուսաստանի ուշադրությունը շեղված է դեպի Ուկրաինա եւ Եվրոպա, Թուրքիան կփորձի ստեղծված իրավիճակից օգտվել՝ ամրապնդել ու կտրուկ ուժեղացնել իր ազդեցությունը Հարավային Կովկասում, այնուհետեւ՝ իրագործել Հայաստանի նկատմամբ ունեցած նպատակները․ Yerkir.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։
Թուրքիայի հարմար դիրքավորումը Հարավային Կովկասում կհանգեցնի նրան, որ հայ-ադրբեջանական սահմանին կտրուկ կավելանան ադրբեջանական կողմի սադրանքները: Թուրքագետը նշեց, որ հավանական պատերազմի մասին կանխատեսումներ պետք է արվեն լուրջ հետազոտությունից հետո։ Բայց այն, որ Ռուսաստանի զբաղվածությունից Թուրքիան կօգտվի եւ սադրանքների միջոցով, դրդելով եւ օգտագործելով Ադրբեջանին, կփորձի Հայաստանի վրա ճնշումն էլ ավելի ուժեղացնել, միանշանակ է։
Բավական լարված են ռուս-թուրքական հարաբերությունները
Ռուս-թուրքական հարաբերությունները կոշտ հռետորաբանության փուլ են մտել այն բանից հետո, երբ Թուրքիան փոխեց իր դիրքորոշումը եւ Ռուսաստանի հարձակումն Ուկրաինայի վրա անվանեց «պատերազմ», ապա խոստացավ կատարել Մոնտրյոյի համաձայնագրի մասերը, որոնք սահմանափակում են ռուսական ռազմանավերի անցումը Միջերկրական ծովից դեպի Սեւ ծով: Ռուսաստանն արձագանքել է Թուրքիայի կողմից այս հռետորաբանության փոփոխմանը, բայց, Սաֆրաստյանի խոսքով, պարզ չէ, թե որքանով Թուրքիան կկիրառի Մոնտրյոյի համաձայնագրի կետերը։ Անկարայում ՌԴ դեսպանատանը դեռեւս չեն ստացել պաշտոնական որեւէ հաղորդագորություն առ այն, որ Թուրքիան մտցրել է Մոնտրյոյի պայմանագրով ենթադրվող սահմանափակումները։
«Գուցե Թուրքիան սա որպես հռետորաբանություն է օգտագործում, որոհետեւ մենք տեսնում ենք, որ Էրդողանն ամեն կերպ փորձում է Ռուսաստանի հետ հարաբերությունները չվատթարացնել: Իհարկե, բավական լարված են ռուս-թուրքական հարաբերությունները, եթե նայենք, թե երեկ ինչ հաղորդագորություն եղավ ռուսական կողմից Լավրովի եւ Չավուշօղլուի հեռախոսազրույցի մասին։ Հիմա Ռուսաստանը շատ ավելի չոր վերաբերմունք է ցուցաբերում Թուրքիայի նկատմամբ»,- նշեց թուրքագետը
Էրդողանի այն հայտարությունը, թե Ուկրաինայի հարցում ՆԱՏՕ-ն պետք է լինի վճռական, այլ ոչ թե բավարարվի՝ խորհուրդներ տալով, Ռուսաստանը կարո՞ղ է դիտարկել որպես սադրանք:
«Իհարկե, կարող է դիտարկվել։ Էրդողանը դեռ մինչեւ այդ հայտարարությունն ասել է, որ անհրաժեշտության դեպքում Թուրքիան կգործի այնպես, ինչպես պահանջվում է ՆԱՏՕ-ի անդամ պետությունից: Այսինքն՝ Թուրքիան, եթե կարիքը լինի, անվերապահորեն կգործի որպես ՆԱՏՕ-ի անդամ: Միաժամանակ, Էրդողանը նաեւ փորձում է խուսանավել, միջնորդի դեր ստանձնել եւ այլն: Հիմա տեսնենք, թե Ռուսաստանի կոշտ վերաբերմունքը Թուրքիայի նկատմամբ ինչպես կդրսեւորվի քաղաքականության մեջ»,- ասաց թուրքագետը:
2022 թվականի փետրվարի 22-ին Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիեւի միջեւ ստորագրված՝ ՌԴ եւ Ադրբեջանի դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիրը, Սաֆրաստյանի խոսքով, չի սահմանափակում ադրբեջանական կողմի սադրանքները առ Հայաստան եւ չի ստորադասում ադրբեջանա-թուրքական հարաբերությունները, քանի որ Ադրբեջանում ռուսական ազդեցությունն այնքան մեծ չէ, որ կարողանա փոխել Ադրբեջանի ավելի խոր ինտեգրման գործընթացը Թուրքիայի հետ:
«Ավելի լուրջ է Ադրբեջանի կլանումը Թուրքիայի կողմից, որը կշարունակվի: Մոսկովյան այդ հայտարարությունը ձեւական բան էր, գուցե Ռուսաստանին հաջողվի ժամանակավորապես թուլացնել Ադրբեջանի եւ Թուրքիայի ինտեգրումը, բայց, ընդհանուր առմամբ, դա չի փոխվի»,-հավելեց նա:
Չի բացառվում, որ Թուրքիան սպառազինություն է մատակարարում Ուկրաինային
Զելենսկին նախօրեին հրաժարվեց Բելոռուսում ռուսական կողմի հետ բանակցությունների գնալ, առաջարկեց հանդիպել իր նախընտրած քաղաքներում, որոնց թվում էին Անկարան եւ Բաքուն: Ինչո՞ւ է Զելենսկին անվերապահորեն վստահում Էրդողանին եւ Ալիեւին, եթե նրանք, ինչպես ցույց են տալիս, անկողմնակալ են իրենց քաղաքականության մեջ ռուս-ուկրաինական պատերազմում։
Թուրքագետի պարզաբանմամբ՝ Ուկրաինան ունի շատ խոր համագործակցություն Թուրքիայի հետ, այդ թվում՝ ռազմական բնագավառում: Այդ համագործակցությունը գնալով ավելի է խորանում: Ուկրաինան ոչ միայն «Բայրաքթար»-ներ է գնում Թուրքիայից, այլ նաեւ սկսելու են համատեղ արտադրություն:
«Երեկ մի հաղորդագրություն եղավ, որն ինձ բավականին մտահոգում է։ Ըստ ինքնաթիռների տեղաշարժը վերահսկող կազմակերպությունների հաղորդագրության՝ Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության ինքնաթիռը թռել էր Թուրքիայից դեպի Ուկրաինա: Հայտնի է նաեւ, որ այն օգտագործվում է Թուրքիայի հետախուզական ծառայության ղեկավարի կողմից, երբ նա գնում է տարբեր երկրներ: Սա նշանակում է, որ Թուրքիայն կարող է գաղտնի բանակցությունների մեջ է մտել Ուկրաինայի հետ՝ նրան օգնություն ցույց տալու համար: Թուրքիայի, այսպես կոչված, հումանիտար օգնությունը իրականում նաեւ ընդգրկում է «Բայրաքթար»-ներ»,- ասաց նա:
Հայաստանն այս իրավիճակում ի՞նչ դիրքորոշում պետք է ունենա, ո՞րը պետք է լինի քայլերի հերթականությունը։
«Մենք ներկա պայմաններում, հաշվի առնելով այն, որ Թուրքիան եւ Ադրբեջանը մեզ համար ուղղակի վտանգ են ներկայացնում, պետք է առաջին հերթին շատ ուժեղ մոնիթորինգ անենք տարածաշրջանում եւ պատրատ լինենք, որ Ադրբեջանի կողմից գուցե սադրանքներ լինեն: Պետք է նաեւ շարունակենք մեր զինված ուժերի եւ անվտանգային համակարգի հզորացմանն ուղղված քայլերը, պատրաստ լինենք ամեն տեսակի սադրանքների այդ երկու պետությունների կողմից»,-եզրափակեց Սաֆրաստյանը:
Լիանա Սարգսյան