Փոխարժեքներ
17 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.25 |
EUR | ⚊ | € 410.42 |
RUB | ⚊ | ₽ 3.9 |
GBP | ⚊ | £ 491.99 |
GEL | ⚊ | ₾ 142.19 |
Ռուսաստանը փորձում է փոխել եվրոպական անվտանգության կոնֆիգուրացիան․ Ուկրաինան խաղադաշտն է՝ Yerkir.am-ի հետ հացազրույցում ասաց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։
Նրա համոզմամբ, այս կոնֆլիկտը Ուկրաինայի հետ չէ և անգամ Ուկրաինայի մասին չէ, այս կոնֆլիկտը Ռուսաստանի և կոլեկտիվ Արևմուտքի միջև է՝ Ռուսաստանի ու Վաշինգտոնի, Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի, սա կոնֆլիկտ է, որով Ռուսաստանը փորձում է փոխել եվրոպական անվտանգության կոնֆիգուրացիայի կառուցվածքը։
Ուկրաինան խաղադաշտն է, տեղը, տարածքը, որտեղ զարգանում են իրողությունները։
Պարտադիր չէ հավատալ քաղաքական գործիչներին, լսել նրանց խոսքը, ասաց նա, բայց երբեմն նունիսկ քաղաքական գործիչները դա ասում էլ են․ Պուտինն այս մասին ասաց։
«Ուկրաինան բավականին տոքսիկ ռեսուրս է այսօր և՛ Արևմուտքի, և՛ Ռուսաստանի համար։ Եվ կարծել, թե Ռուսաստանը պայքարում է Դոնեցկի ու Լուգանսկի համար համահունչ չէ իրավիճակին»,-նշեց Ալեքսանդր Իսկանդարյանը։
Կոնֆլիկտի այսօրվա փուլը սկսվել է դեռ անցյալ տարվա նոյեմբեր-դեկտեմբերին, ասաց նա, դրանից հետո այն թեժացել է և աստիճանաբար ավելի ու ավելի փոխվել է իրավիճակն ու սրվել։
«Խաղադրույքները մշտապես ավելացել են ու վաբանկ գնացել․ սկզբում Արևմուտքին հայտ էր ներկայացված, որ խոսի Ռուսաստանի հետ եվրոպական անվտանգության կառուցվածքի մասին, հետո հայտ ներկայացվեց, որ գործողությունների դիպլոմատիա կիրառվի, այսինքն ոչ միայն խոսքեր, հայտարարություններ, այլ նաև զորաշարժեր լինեն և այլն, հետո սպառնալիքների լեզուն էր՝ ամբողջ այդ ինֆորմացիոն հոսքը և երբեմն համարյա անպարկեշտ հայտարարությունները, որ անում էին երկրների ղեկավարները, մամուլի քարտուղարները և այլն, հետո Դոնեցկի ու Լուգանսկի Հանրապետությունների ճանաչումը տեղի ունեցավ Ռուսաստանի կողմից, և ամեն փուլում ակնկալվում էր պատասխան»,-ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը։
Վերջին կաթիլը, նրա դիտարկմամբ, հավանաբար, Մակրոնի խոսակցությունն էր Պուտինի հետ, նա հիմք ունի կարծելու, որ դա Բայդենի միջնորդավորված կոնտակտն էր Պուտինի հետ։ Իսկ Պուտինը, ըստ նրա, մտադիր չէ խոսել ոչ միայն Կիևի հետ, այլև Բեռլինի ու Փարիզի հետ, մտադիր չէ խոսել Վաշինգտոնի հետ։
«Այդ մակարդակում քաղաքականությունն այնպես է դասավորված, որ որպեսզի քեզ լսեն, պարզապես խոսքերը բավարար չեն․ համենայն դեպս, այդպես որոշեցին Կրեմլում։ Եվ ահա տեղի է ունենում այն, ինչ տեղի է ունենում»,-ասաց Իսկանդարյանը։
Առաջիկայում, նրա կանխատեսմամբ, զարգացումների շատ տարբեր ուղղություններ կարող են լինել․ արդեն դժվար թե պահպանվեն այն սահմանները, որ վերահսկում են այսօր, և ամեն ինչ վերջանա, դրա համար կարիք չէր լինի անել այն, ինչ արվում է՝ հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքներին, կա տարբերակ հասնել մինչև Դոնեցկի ու Լուգանսկի շրջանների սահմաններին և այնտեղ կանգնել, բայց այստեղ էլ յուրաքանչյուր տարբերակում կան տասնյակ ենթատարբերակներ։ Կա նաև տարբերակ առաջ գնալ․ Պուտինի հռետորաբանության մեջ դա Ուկրաինայի դենացիֆիկացիայի մասին հայտարարությունն էր, ոչ թե Դոնեցկի ու Լուգանսկի, իսկ սա արդեն հայտ է ամբողջ Ուկրաինային։ Այստեղ էլ հարց է՝ մինչև ուր։ Հաջորդ տարբերակը, ըստ Իսկանդարյանի, իշխանության փոփոխությունն է, այսինքն, ինչ-որ տեխնիկական ճանապարհով Զելենսկուն հեռացնելը, որ նա, ասենք, փախչի, ընտրություններ, նոր Ուկրաինա և այլն։
«Կարծում եմ՝ ոչ միայն ես, հենց գործող անձինք դեռ չգիտեն ինչպես կզարգանան իրողությունները, քանի որ դա կախված է նրանից, թե իրենց գործողությունների պատասխաններն ինչպիսին կլինեն, և պատասխանողը ոչ թե Կիևն է, այլ եվրոպական անվտանգության համակարգի կառուցվածքը»,-ասաց նա։
Արդյո՞ք Թուրքիան կօգտվի իրավիճակից Արցախում սրացում հրահրելու և Ռուսաստանին դուրս մղելու համար՝ Իսկանդարյանը համոզված է, որ ոչ։
«Ոչ, դա լուրջ չէ, այդ հարցին կարելի է կարճ պատասխանել։ Թուրքիան կարձագանքի այնպես, ինչպես պարտավոր է արձագանքել իբրև ՆԱՏՕ-ի անդամ, Ուկրաինայի մասին Թուրքիան միշտ միանման է արտահայտվում, հատուկ և լուրջ հետաքրքրություն Ուկրաինայի հանդեպ նա չունի։ Կլինի որոշակի հեռացում, տարածության վրա մնալու փորձեր, բայց առաջ գնալ այնքան, որ օգտվել պահից ու Կովկասից սարքել երկրորդ ճակատ Ռուսաստանի դեմ կռվելու համար՝ ոչ մեկը չի անի»,-ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը։
Որովհետև, նրա համոզմամբ, ռիսկերը չափազանց մեծ են։ Եվ նաև՝ ինչի՞ համար։
Աննա Բալյան
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով․