կարևոր
3490 դիտում, 1 տարի առաջ - 2023-05-23 18:19
Հասարակություն Քաղաքական

Իշխանական թիմ, կանգնեցրեք ձեր առաջնորդին, հանձնողի խարանը մաքրելու հնարավորություն չեք ունենալու. Աբրահամյան

Իշխանական թիմ, կանգնեցրեք ձեր առաջնորդին, հանձնողի խարանը մաքրելու հնարավորություն չեք ունենալու. Աբրահամյան

Փաշինյանի մտադրությունը և հստակ խոստովանությունը Արցախի հանձնման վերաբերյալ, Հայաստանում և Արցախում նոր իրավիճակ է ստեղծել: Այս մասին, այսօր՝ մայիսի 23-ին, ԱԺ հայտարարությունների ժամին հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Նրա կարծիքով՝ Փաշինյանի վերջին հայտարարությունը պատասխանն էր բոլոր այն անձանց, ովքեր մինչև հիմա կասկածում էին, կամ չէին ուզում հավատալ, որ Փաշինյանի բանակցությունների հիմքում Արցախն ադրբեջանացման տանելու գաղափարն է:

Նշելով, որ հարցին այլ դիտանկյունից անդրադառնալու անհրաժեշտություն կա՝ պատգամավորն ասաց. «Երբ մեկ տարի առաջ Փաշինյանը հայտարարում էր Արցախի հարցով նշաձողն իջեցնելու մասին, իշխանական պատգամավորներից ոմանք  ջանասիրաբար ձայնակցում էին, հայտարարում, որ Արցախը կարող է ապագա ունենալ Ադրբեջանի կազմում, սակայն որոշներն էլ փորձում էին համոզել, որ իրենց ղեկավարի հայտարարությունների հիմքում Արցախի կամ Հայաստանի բնակավայրերի հանձնումը չէ:

Ոմանք իշխանության ներսում շարունակում էինք պնդել, որ հանձնման հարց օրակարգում չկա։ Երբ հիմա Փաշինյանը պարզ ու հստակ հայտարարում է, որ պատրաստ է ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում, ապա ավելի վաղ էլ  ասում, որ չի վիրավորվում, երբ իրեն դավաճան են ասում, իրավիճակը այլ բնույթ է ստանում»,- ասաց նա։

«Իշխանական թիմից ցանկացած ներկայացուցիչ՝ պատգամավոր, նախարար, քաղաքական պաշտոն զբաղեցնող անձ, իշխանական քաղաքական, քարոզչական դաշտ ներկայացնող դեմք պետք է հստակ ընտրություն կատարի՝ մեկ բան է քաղաքական կոլեկտիվ պատասխանատվության տակ մտնելը, մեկ այլ բան՝ անհատապես գիտակցելը, որ պատմության մեջ ես մտնում որպես անձ, ով իր համաձայնությունն է տվել Արցախի հանձնմանը»,-հայտարարեց պատգամավորը:

Հայտնելով, թե կարևոր չէ, թե ԱԺ ամբիոնից ինչպես իշխանությունը կպաշտպանվի և ով, ինչ ջանասիրությամբ կկիսի այս խարանը՝ Տիգրան Աբրահամյանը հավելեց. «Պետք է գիտակցեք, որ դուք կամ ձեզանից ոմանք ընտրություն կատարելու հնարավորություն դեռևս ունի: Հիշեք՝ ոստիկանությամբ, քննիչներով, դատախազներով, դատավորներով կամ ուղղակի գնդակահարությամբ միայն կարող եք միայն ժամանակ ձգել, սակայն պատմությունը սրբագրելու և հանձնողի խարանը ջնջելու հնարավորություն չեք ունենալու:

Կանգնեք ու կանգնեցրեք ձեր այն առաջնորդին, ով մի քանի տարի առաջ, ձեզ, հասարակությանը, բոլորին համոզում էր, որ Արցախը Հայաստան է, և վերջ: Նախընտրական արշավի հիմքում դնում էր Արցախի ինքնորոշման իրավունքը, սակայն այսօր ձեզ, մեզ, բոլորիս ստում է՝ հայտարարելով, որ գնում է Արցախը և արցախցիներին դվաճանելու ճանապարհով: Գործեք քանի դեռ ուշ չէ հակառակ դեպքում այս դաժան քաղաքական որոշման հետևանքը և  ծանր դատավճիռը անընդհատ  հետապնդոլու  է ձեզ և ձեր սերունքներին»: