կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-06-17 12:32
Քաղաքական

Պարոն Վանեցյան, մի արեք այնպես, որ ձեր սերունդները ձեզանից ամաչեն. Մանվել Գրիգորյանի կողմնակիցները վճռական են

Պարոն Վանեցյան, մի արեք այնպես, որ ձեր սերունդները ձեզանից ամաչեն. Մանվել Գրիգորյանի կողմնակիցները վճռական են

Արդեն երրորդ օրն է` ինչ Էջմիածնում պահպանվում է լարված ներքաղաքական վիճակը: Նույն քաղաքում միաժամանակ տեղի են ունենում բողոքի ցույցեր Էջմիածնի քաղաքապետի կողմնակիցների և նրա հրաժարականը պահանջողների մասնակցությամբ: Երեկ ցույցերին զուգահեռ ԱԱԾ բերման ենթարկեց, ապա ձերբակալեց Արթուր Ասատրյանին` Դոն Պիպոյին և ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանին:

Վերջինիս որդին` Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը նստացույց սկսեց Էջմիածնի կենտրոնական հրապարակում: Երեկ ուշ երեկոյան Մանվել Գրիգորյանի կողմնակիցները հավաքվել էին ԱԱԾ շենքի մոտ` բողոքի ակցիա իրականացնելով ու պահանջելով Մանվել Գրիգորյանին ազատ արձակել: Անգամ փոքր ընդհարում եղավ ոստիկանների ու ցույցի մասնակիցների միջև, քանի որ վերջիններս փորձեցին փողոցները փակել:

 ՀՀԿ-ն և ԵԿՄ-ն հանդես եկան հայտարարություններով, որտեղ դատապարտեցին ԱԱԾ գործողությունները` համարելով դրանք հակասական և ոչ իրավաչափ, իսկ Մանվել Գրիգորյանին առաջադրված մեղադրանքը` շինծու:

Այսօր բողոքի ցույցերը վերսկսվել են Էջմիածնում և Երևանում` ԱԱԾ շենքի դիմաց: ԱԱԾ դիմաց ընդհարում տեղի ունեցավ ցուցարարների և ոստիկանների միջև, որից հետո բողոքի ակցիայի մասնակիցները քայլերթ սկսեցին:

Մանվել Գրիգորյանի կողմնակիցները բարձրախոսով դիմեցին ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանին:

«Պարոն Վանեցյան, մի արա այնպես, որ քո սերունդը քեզանից ամաչի: Կեցցե սիրո և հանդուրժողական հեղափոխության 37 թվականը,  կեցցե սովետական ԿԿԲ-ի ռեժիմը: Կեցցե բռնություն իրականացնող ոստիկանը: Դավիթ Սանասարյան կոչվածը երեկ  իրեն թույլ տվեց հայտարարություններ հնչեցնել: Դու ի՞նչ իրավունք ունես քո խիթը խոթել այդ գործերի մեջ : Ազատություն գեներալին, ազատություն Արցախի հերոսին»,- նշեցին նրանք:

Մանվել Գրիգորյանի աջակիցները փակեցին Նալբանդյան փողոցը: Ապա կարճ ժամանակ անց նրանք բացեցին փողոցը և բողոքի քայլերթ իրականացրեցին: