կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-14 15:11
Քաղաքական

Իրենք են երկրի ղեկավարը, չեն կարող ասել՝ պատասխանատու է Չինգիզ Խանը․ Արթուր Խաչատրյանը՝ ԱԺ քննիչ հանձնաժողովի մասին

Իրենք են երկրի ղեկավարը, չեն կարող ասել՝ պատասխանատու է Չինգիզ Խանը․ Արթուր Խաչատրյանը՝ ԱԺ քննիչ հանձնաժողովի մասին

Այս իշխանությունը շահագրգիռ կողմ է և ակնհայտ է, որ «44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովն» ստեղծվում է պատերազմի ավարտից տարի ու կես հետո, որպեսզի կոծկեն իրականությունը և մեղավոր կարգեն բոլորին, բացի իրենցից՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Աժ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանը։

Հանձնաժողովի առաջին նիստին այսօր ընդդիմությունը չի մասնակցել և հայտարարել է, որ չի մասնակցելու հանձնաժողովի աշխատանքին ընդհանրապես։

Արթուր Խաչատրյանը համոզված է, որ պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու գործառույթը պետք է վերապահվեր ընդդիմությանը կամ, թեկուզ, չեզոք, անաչառ մասնագետների։

«Իրենք տարի ու կես ձգեցին․ կարծեմ այս ընթացքում նրանք պարապ նստած չեն եղել՝ եղել են խրախուսումներ, պարգևատրումներ, քրեական գործեր, համաներման մասին ակնարկներ․․․ Հիմա իրենք այդ հանձնաժողովում մեծամասնություն են։ Այս պայմաններում ընդդիմության գնալ և մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին՝ կանխավ դատապարտված է և լեգիտիմացնում է այդ հանձնաժողովի գործունեությունը։ Հետևաբար, այդ շոուին մասնակցելու որևէ իմաստ մենք չենք տեսնում»,-ասաց Արթուր Խաչատրյանը։

Նա, սակայն, ընդգծեց, որ իրենք, դրանով հանդերձ, երբեք հետ չեն կանգնի մտադրությունից բացահայտել պատերազմի ծագման պատճառները, պատերազմի վարման ընթացքում արձանագրված թերությունները, ինչպես նաև հետպատերազմյան զարգացումները՝ օրինակ, Խծաբերդը և Հին Թաղերը ինչո՞ւ հանձնվեցին, ինչո՞ւ քայլ չձեռնարկվեց դրանք հետ բերելու, ինչո՞ւ հանկարծ մեր զորքերը հետ քաշվեցին այն դիրքերից, որտեղ գտնվում էին նոյեմբերի 9-ի կեսգիշերի դրությամբ։

«Այս հանձնաժողովն այդ գործիքակազմը մեզ չի տալիս՝ փոխարենը իշխանությունն աճպարարություն է անում, ասում է՝ պատասխանատու ենք, բայց մեղավոր չենք։ Որովհետև պատասխանատվությունն անխուսափելի է՝ իրենք են երկրի ղեկավարը, չեն կարող ասել՝ պատասխանատու է Չինգիզ Խանը, բայց փոխարենը մեղավորությունից փորձում են խուսափել՝ մեղադրելով բոլորին։ Ընդ որում, մեղադրելում են բոլորին և, միևնույն ժամանակ, անհասցե։ Իրենք ասում են՝ բանակը թալանել են, և փորձում են պարտությունը դրանով հիմնավորել։ Բայց նախկին զինվորական դատախազը՝ Գագիկ Ջհանգիրյանը, իրենց ամենավստահելի մարդն է, պիտի զինվորական դատախազը մի որևէ հանցագործություն բացահայտած լիներ, բայց եթե անգամ եղել է հանցագործություն՝ իրենք չեն բացահայտում, որպեսզի այ սենց անդեմ, անհասցե մեղադրեն, և սրանով կարողանան մեղադրել բոլորին»,-ասաց Արթուր Խաչատրյանը։

Նա հիշեցրեց, որ բանակի թալանի գործը, որ հիմա քննության մեջ է, Փաշինյանի նշանակած Պաշտպանության նախարարի հետ է կապված։ Բայց անգամ այս դեպքում, քանի դեռ դատարանի վճիռ չկա, չենք կարող ասել, որ հիմա քննությունով անցնող զինվորական և քաղաքացիական անձանցից որևէ մեկը մեղավոր է։

Արթուր Խաչատրյանը չբացառեց, որ իշխանությունը այս հանձնաժողովն օգտագործի որպես ևս մեկ գործիչ՝ այլախոհներին հետապնդելու։ Նա հնարավոր համարեց նաև նախորդ երկու նախագահներին հարցաքննության կանչելը, քանի որ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին կանչել էին Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով, և շահարկում էին 400 հա-ը՝ 4 քառ կմ-ը, մինչդեռ գործող իշխանությունը վերջին պատերազմում կորցրել է 10 հազար քառ կմ՝ 2 500 անգամ ավելի շատ։

Արթուր Խաչատյանը նաև հականշական համարեց, որ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցն առայսօր չեն հրապարակել, քանի որ, նրա ենթադրությամբ, չեն կարողացել գտնել այն, ինչ ցանկացել են գտնել։

Նշենք, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում ընդգրկված են «Քաղաքացիական պայմանագրից»՝ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի 11 անդամները, գերակշիռ մեծամասնությունը՝ 7-ը, իշխանական ՔՊ-ի անդամներ են, ընդդիմադիր «Հայաստանը» 3 անդամ ունի, «Պատիվ ունեմը»՝ 1։ Հանձնաժողովի լիազորությունների ժամկետ սահմանվել  է 6 ամիս, բայց Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ անհրաժեշտության դեպքում հանձնաժողովը իրավասու է ժամկետը ևս 6 ամսով  ավելացնելու:

Աննա Բալյան