Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փետրվարի 7-ին ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման ցուցանիշները 2021 թ., ըստ այդմ՝ ՀՀ սահմանային անցակետերով իրականացված մուտքերի ու ելքերի գրանցումների հաշվեկշիռը կազմել է -43.874, ընդ որում՝ ՀՀ փաստաթղթերով (ՀՀ քաղաքացիներ կամ կացության փաստաթղթերով)՝ -73.571։ Միայն «Զվարթնոց» օդանավակայանի գրանցումների հաշվեկշիռը կազմել է -17.446, բայց ՀՀ փաստաթղթերով՝ -62.317, իսկ Գյումրիից՝ համապատասխանաբար -14.036 և -15.323։ Այսպիսով՝ թեպետ դեկտեմբերին հաշվեկշռի բացասական տարբերության նվազմանը, հակառեկորդների միտումը պահպանվում է։ Սրանք, ըստ էության, ուղևորաշրջանառության ցուցանիշներն են, որ մեր պետական այրերը 2018 թ․ վերջին համարում էին միգրացիային նույնական։ Միգրացիոն մնացորդը պաշտոնական նախնական գնահատմամբ -4.200 է, ինչը չի հաստատվում Ռուսաստանի Դաշնության պետական վիճակագրության դաշնային ծառայության` դեռևս դեկտեմբերի վերջին հրապարակած ՌԴ սոցիալ-տնտեսական դրության վերաբերյալ ընթացիկ վիճակագրությամբ, որի համաձայն՝ 2021 թ․ հունվար-հոկտեմբերին ՀՀ-ՌԴ միգրացիոն հաշվեկշիռը Հայաստանի համար կազմել է -35.318։ Միայն սեպտեմբեր-հոկտեմբերին հաշվեկշիռը եղել է մոտ -10.000:
Միաժամանակ պետք է նկատի ունենալ, որ 2021 թ. ՀՀ կացության կարգավիճակ են ստացել 3.813 անձինք, այդ թվում` Հնդկաստանի 1.017, ՌԴ 766 և Իրանի 494 քաղաքացիներ։ Ի դեպ, վավեր հատուկ կացության կարգավիճակ ունեցող Սիրիայի քաղաքացիների թիվն ընդամենը 1.084 է։
Մեթոդապես նկատի պետք է ունենալ նաև ՀՀ բնակավայրերի հասցեներով կատարված բնակչության տեղաշարժերի վարչական հաշվառումների ցուցանիշները, որ, օրինակ, Սյունիքի մարզում կազմել է -1․387, Տավուշում՝ -628, Վայոց ձորում՝ -589, Գեղարքունիքում՝ -477, Շիրակում՝ -415, Լոռում՝ -118։
Մշտական բնակչության հաշվարկի համար միգրացիայի տվյալները ենթարկվում են վերագնահատման՝ հաշվետու ժամանակաշրջանին նախորդող տարվա՝ տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված հետազոտության արդյունքներով ձևավորված, միգրացիոն գործընթացներն արտացոլող ամփոփ տվյալների հիման վրա՝ հաշվի առնելով այն, որ հաշվառման կանգնելու և հաշվառումից դուրս գրվելու գործառույթները կախված են քաղաքացինների կամքից, հետևաբար վարչական գրանցումներն էլ միգրացիոն տեղաշարժերի ամբողջական պատկերը չեն արտացոլում: Հետագայում, ըստ վերագնահատված ցուցանիշների, ներգաղթյալ են համարվում այն անձինք, ովքեր ՀՀ են ժամանել բնակություն հաստատելու նպատակով, իսկ արտագաղթած՝ անձինք, ովքեր մեկնել են ՀՀ-ից մեկ այլ երկիր՝ բնակություն հաստատելու համար: Միգրացիայի մնացորդը հաշվարկվում է որպես այդ ցուցանիշների տարբերություն:
Միքայել Մալխասյան
ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի դոցենտ, պ.գ.թ., ժողովրդագրագետ