Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօրվա պես հիշում եմ՝ Շախմատի տան մոտ գտնվող այգում Հրաչ Տասնապետյանի և Հրայր Մարուխյանի հետ երկար զրուցելուց հետո եկանք այն համոզման, որ լավ կլինի ՀՅԴ-ի Հայաստանում վերաբացման մասին հայտարարի ոչ դաշնակցականը՝ ՍԻՄ-ի նախագահ Հրանտ Խաչատրյանը․ Yerkir.am-ի հետ հարցազրույցում 1990 թ-ի օգոստոսյան դեպքերը վերհիշեց Դաշնակցության՝ ՀՀ-ում վերաբացման գործընթացի մասնակից, այն ժամանակ ԳԽ անդամ, այժմ՝ ՀՅԴ Լոռու մարզային կառույցի անդամ Ռաֆիկ Ղազինյանը, որը մասնակցում էր ՀՅԴ հիմնադրման 131-ամյակի միջոցառմանը Երևանի «Դվին հոլլ» համալիրում։
«Հրանտի եղբայրը դաշնակցական էր։ Եվ Հրանտ Խաչատրյանը Գերագույն խորհրդում հայտարարեց, որ Դաշնակցությունը հայտարարում է իր ներկայության մասին Հայաստանում։ Այդ ժամանակ ԳԽ պատգամավորական ֆրակցիայում Մեխակ Գաբրիելյանը, ես, Տիգրան Կյուրեղյանը, Նորայր Մանասերյանն էինք՝ Թաթուլ Մանասերյանի հայրը։ Ի դեպ, Նորայր Մանասերյանի հայրը նույնպես եղել էր 1918-20 թթ ՀՀ կառավարության և խորհրդարանի անդամ։ Դա 1990 թ-ի օգոստոսի 8-ն էր»,-ասաց նա։
Ռաֆիկ Ղազինյանը, սակայն, հստակեցրեց, որ սա չի նշանակում, թե այդ օրվանից է Դաշնակցությունը գործել․ դաշնակցական տարբեր խմբեր, գործիչներ 1989 թ-ի դեկտեմբերից գործում էին Արցախում, շատերը 89 թ-ի վերջերին, շատերն 90 թ-ին արդեն տվել էին կուսակցական երդումներ։
Երևանում միակ գրասենյակը գտնվում էր «Պլանի գլխին»՝ դեպի Նորք գնացող ճանապարհի սկզբի շենքում նկուղային երկու փոքր սենյակներ էին, և կոչվում էր ոչ թե ՀՅԴ գրասենյակ, այլ ՄՏԿ՝ Մամուլի և տեղեկատվության կենտրոն։
«Այդ ՄՏԿ-ն իրենից ներկայացնում էր, այսօրվա պես հիշում եմ, կար 2 կոմպյուտեր, որոնց վրա մեր աղջիկներն աշխատում էին՝ Սփյուռքից եկած մեր ընկերներն օգնում էին։ Այնտեղ 1990 թ-ի աշնանը տեղի ունեցավ Դաշնակցության առաջին շրջանային ժողովը և Կենտրոնական Կոմիտեն առաջին անգամ այնտեղ ընտրվեց։ Զարմանալիորեն, այդ օրը Մեղրյան Շահենի հետ նույն գործն էինք անում, բայց շատերը չգիտեին, որ Մեղրյան Շահենը դաշնակցական է, Արթուր Մկրտչյանը դաշնակցական է։ Ցավով եմ այս անունները տալիս, որովհետև մեծ մասն այսօր չկան»,-պատմեց Ռաֆիկ Ղազինյանը։
Հենց այդտեղ էլ կամավորներն էին գրանցվում, որ ճակատ մեկնեն։ Ասում է՝ ԳԽ նիստն ավատվում էր ժամը 6-ին, 6։30 իրենք արդեն ՄՏԿ-ում էին՝ դա իրենց հավաքատեղին էր։
«Ես ուրախ եմ, որ դաշնակցական եմ, որովհետև եթե դաշնակցական չլինեի՝ չէի ճանաչի Մեղրյան Շահենին, նրա ընկերը չէի լինի, Արթուր Մկրտչյանին չէի ճանաչի, Պետոյին, Կարոտին, Ասկոլկային, Վարդաններին՝ Բախշյան և Դուշման, մեկը մյուսից սուրբ տղաներ, և այդ բոլորի հավաքատեղին ՄՏԿ-ն էր։ Նաև «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության երիտասարդներն էին գալիս»,-ասաց նա։
Մասնագիտությամբ բժիշկ-իրավաբան Ռաֆիկ Ղազինյանը ընկերների զոհվելու լուրերին չհամակերպվելով՝ սկսեց երգեր ու բանաստեղծություններ ձոնել նրանց։
Շահեն Մեղրյանի հիշատակին գրված երգը Սահակ Սահակյանի երաժշտությամբ ու նրա կատարմամբ հնչեց։ Ռաֆիկ Ղազինյանը գրեց նաև «Լուսինը ալ կարմիր է հագել» երգը՝ Կաքավաձորցի Վահե Բաղդասարյանի հիշատակին, գրեց Շահումյանի եղնիկներին նվիրված երգը, որոնց համար նույնպես երաժշտություն գրեց Սահակ Սահակյանը և երգեց։ Ռաֆիկ Ղազինյանը այլ ազատամարտիկ ընկերների հիշատակը ևս երգով հավերժացրեց։
Ռաֆիկ Ղազինյանն ասում է՝ այն օրերի մեր սերունդը մտածում էր, որ Արցախը մեր տրամպլինն է՝ հետագայում Մուշը, Անին, Կարսը, Վանը, Արդահանն ազատագրելու համար, մինչդեռ, նրա խոսքով, այսօր անտարբեր նայում են՝ ինչպես է բզկտվում հայրենիքը և ոչ միայն Արցախն է կուչ եկել, այլ նաև Հայաստանի Հանրապետությունը
Նա երիտասարդներին կոչ արեց նայել մեր հերոսներին, որովհետև Հայաստանում չկա մի շեն, որտեղից հերոս չունենանք։
«Ես հիմա պիտի ասեմ թուրքերին՝ շատ մեղք են իրենք, նրանք մեզ սպես սեղմեցին, իսկ սեղմելուց ալմաստ են դառնում, ու ալմաստի կայծկլտոցը վաղը ոչ միայն Ադրբեջանի, այլ Թուրքիայի հերն է անիծելու»,-ասաց նա։
Այնպես որ, Ռաֆիկ Ղազինյանը երիտասարդներին մաղթում է, որ ոգին տեղը լինի։
Աննա Բալյան
Այլ մանրամասներ՝ տեսանյութում․