Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը առաջարկում է Հայաստանի կրթական, գիտական, մշակութային եւ մարզական բոլոր կազմակերպությունների, ինչպես նաեւ պետության եւ համայնքի կողմից հիմնադրված բոլոր իրավաբանական անձանց համար սահմանել պետական դրոշի գործածման պարտականություն:
«Պետական խորհրդանիշերից դրոշը ամենատարածվածն է, և ականատես ենք լինում, որ, օրինակ, Վրաստանում, Թուրքիայում, Հունաստանում, ԱՄՆ-ում յուրաքանչյուր քայլափոխի տվյալ պետության դրոշն է: Սա նաև հանրության, հատկապես՝ երիտասարդության, երեխաների շրջանում պետության խորհրդանիշերի հանդեպ հարգանքի վկայություն է: Հայաստանում, իհարկե, գործում է պետական դրոշի մասին օրենք, բայց այս նախաձեռնությամբ առաջարկվում է ընդլայնել դրոշի գործածման տարածքները»,- ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց Աղվան Վարդանյանը:
Պատգամավորի խոսքով` նախագծերի փաթեթով լուծվում է նաեւ մեկ այլ կարեւոր հարց՝ կապված «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքի գործնական կիրարկումն ապահովող օրենսդրական հիմքերի ձեւավորման հետ:
«Խնդիրն այն է, որ «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքի 10-րդ հոդվածով սահմանվում է՝ «սույն օրենքի պահանջների խախտումը առաջացնում է պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով», սակայն օրենքով սահմանված պահանջների խախտման համար որեւէ օրենքով պատասխանատվություն սահմանված չէ: Նշեմ նաեւ, որ Քրեական օրենսգրքի 331-րդ հոդվածով սահմանված պատասխանատվությունը կապված է պետական խորհրդանիշերը, այդ թվում՝ պետական դրոշն անարգելու հետ եւ չի վերաբերում «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքի պահանջների խախտմանը: Այդ կապակցությամբ առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքի պահանջների որոշակի խախտումների համար սահմանել վարչական պատասխանատվություն»,- ասաց Վարդանյանը:
Հաշվի առնելով օրենքն ընդունելու դեպքում Հայաստանի Հանրապետության դրոշներ ձեռք բերելու անհրաժեշտությունը, օրենքի ուժի մեջ մտնելու համար սահմանվել է եռամսյա ժամկետ: