կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-03 11:53
Հասարակություն

«Ջերմուկ Գրուպ» եւ «Ռոյալ Գլաս Գրուպ» ընկերություններն ազատվեցին մաքսատուրքից. ինչ ներդրումներ են կատարվելու

«Ջերմուկ Գրուպ» եւ «Ռոյալ Գլաս Գրուպ» ընկերություններն ազատվեցին մաքսատուրքից. ինչ ներդրումներ են կատարվելու

Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 3-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսատուրքից ազատեց «ՌՈՅԱԼ ԳԼԱՍ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ  «ՌՈՅԱԼ ԳԼԱՍ ԳՐՈՒՊ» ընկերության կողմից ներմուծվող մրգատու ծառերի տնկիները նախատեսվում է գործող այգիների  հարակից տարածքում մեկ երկու տարիների ընթացքում հիմնել ևս շուրջ 20 հա պտղատու այգիներ:

Այգիների ընդլայնման արդյունքում կգրանցվի արտահանման ծավալների աճ և արտահանման շուկաներում ավելի մրցունակ կդառնա արտադրանքի գինը: Արտահանման ծավալների ընդլայնումը կնպաստի արտահանման շուկաներում հայկական խնձորի և ընդհանրապես հայկական արտադրանքի դիրքի ամրապնդմանը, կայուն մատակարարման ապահովմանը և արտադրանքի նկատմամբ վստահության ավելացմանը: Մրգերի մեծ ծավալով արտադրությունը հնարավորություն կտա ավելի մատչելի դարձնել խնձորի  գինը տեղական շուկայում, ինչպես նաև մեղմել դրանց գների սեզոնային տատանումները:

Արդեն իսկ իրականացվել է 807 մլն դրամի ներդրում։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 300 մլն դրամի ներդրում՝ պտղատու այգիներ հիմնելու նպատակով։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակումստեղծել 10 նոր աշխատատեղ` մինչև 140,000 դրամ միջին աշխատավարձով։

Ծրագրով նախատեսված արտադրանքի 50%-80%-ը նախատեսվում է արտահանել:

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է  50 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 2․5մլն դրամ:

Կառավարությունը մեկ այլ որոշմամբ նմանատիպ արտոնություն տրվեց նաեւ «ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ» փակ բաժնետիրական ընկերությանը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ» ընկերության կողմից ներմուծվող հումքը օգտագործվելու է պոլիէթիլային ջերմակցման թաղանթի արտադրության համար (ք․ Ջերմուկ)։ Արդեն իսկ իրականացվել է 70․7 մլն դրամի ներդրում ջերմակցված թաղանթ փաթեթավորող սարքի ձեռքբերման համար։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 3․9 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 3 նոր աշխատատեղ` մինչև 285,000 դրամ միջին աշխատավարձով։

Ծրագրով նախատեսված արտադրանքի 80%-ը և ավելին նախատեսվում է արտահանել ԱՄՆ, ԱՄԷ, ԵՄ, Վրաստան  և այլ երկրներ:

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 3․8 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 249․6 մլն դրամ: