|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Հայաստանի Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանի հրամանագրով Դավիթ Առաքելյանը նշանակվել է Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար․
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ և 145-րդ հոդվածների 1-ին մասերը, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ մասը.
Դավիթ Առաքելյանին նշանակել Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար»։
Հիշեցնենք՝ հունվարի 23-ին հանրապետության նախագահի հրաժարականի հրապարակումից հետո աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել նաև ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը:
Ալեն Սիմոնյանը ՀՀ նախագահի պաշտոնը ժամանակավորապես ստանձնել է երեկ և կշարունակի պաշտոնավարել մինչև նախագահի նոր ընտրությունները:
Հիշեցնենք, որ հունվարի 23-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրապարակայնորեն հրաժարական է տվել` պատճառաբանելով, որ նախագահը չունի անհրաժեշտ գործիքներ՝ երկրի և ազգի համար ներկայիս բարդ ժամանակներում ազդելու ներքին և արտաքին քաղաքականության արմատական գործընթացների վրա։
ՀՀ Սահմանադրության 126-րդ հոդված-ի համաձայն՝ նախագահի պաշտոնանկության, լիազորությունների կատարման անհնարինության, հրաժարականի կամ մահվան դեպքերում Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալուց ոչ շուտ, քան քսանհինգ, և ոչ ուշ, քան երեսունհինգ օր հետո անցկացվում է Հանրապետության նախագահի արտահերթ ընտրություն:
Հավելենք նաև, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը ՀՀ նախագահի թեկնածու կառաջադրի նախկինում Լևոն Տեր-Պետրոսյանի խորհրդական, այժմ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանին: