|
Փոխարժեքներ
07 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 370 |
| EUR | ⚊ | € 436.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.934 |
| GBP | ⚊ | £ 504.57 |
| GEL | ⚊ | ₾ 137.79 |
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի բոլոր 5 խմբակցությունները միակամ «Արցախի օկուպացված տարածքների մասին» օրենքի նախագիծ են մշակում։ Այն դեռեւս լրամշակման փուլում է։ Ի՞նչ իրավական պահանջներ են սահմանվում այս նախագծով, արդյո՞ք այն համաձայնեցված է Հայաստանի իշխանությունների հետ, եւ ո՞րն է լինելու գործընթացի վերջնարդյունքը։
Արցախի խորհրդարանի ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության անդամ Մետաքսե Հակոբյանը Yerkir.am-ի հետ զրույցում շեշտեց՝ այս օրինագիծն առաջին հերթին «մեսիջ» է եվրոպական այն կազմակերպություններն եւ կառույցներին, որոնք, առանց հայկական կողմի հետ համաձայնեցնելու, ցանկանում են ներդրումներ կատարել Արցախի՝ թշնամու կողմից օկուպացված բնակավայրերում։
«Արդեն մեկ տարուց ավել է, ինչ եռակողմ հայտարարությունը կա, եւ ագրեսոր Ադրբեջանի նախագահն անընդատ գլուխ է գովում, թե միջազգային կազմակերպություններ եւ կառույցներ կան, որոնք ցանկանում են ներդրումներ անել կամ արդեն անում են: Դրանք այն տարածքներն են, որոնք օկուպացրել է թշնամին, եւ ներդրումներ անելուց առաջ միջազգային հանրությունը պետք է լավ մտածի, քանի որ մենք երբեւէ չենք համակերպվելու մեր հայրենիքի ամբողջական կորստի հետ: Իրավական առումով՝ այդ գործողությունները, որ կկատարվեն մեր հայրենիքի օկուպացված մասում, կլինեն առ ոչինչ, եւ որեւէ իրավական հիմք չեն ունենա, եթե դրանք նախապես համաձայնեցված չլինեն հայկական կողմի հետ»,- մանրամասնեց Հակոբյանը։
«Արցախի օկուպացված տարածքների մասին» օրինագիծը հստակ շեշտադրում էր ունենալու նաեւ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կենսական հարցերի առումով։ Պատգամավորը շեշոեց՝ մարդու իրավունքների տեսանկյունից, կոպտագույն խախտումներ են տեղի ունեցել 2020թ․ Արցախյան պատերազմից հետո՝ խախտվել է նրանց՝ ապրելու իրավունքը, արցախահայությանը բռնի տեղահանել են իրենց բնակավայրերից։
«Օկուպացված տարածքներում բնակված, բռնի տեղահանված մարդկանց իրավունքների պաշտպանությունը պետք է լիակատար իրականացվի, որովետեւ խախտվել է նրանց՝ ապրելու իրավունքը: Այդ մարդկանց բռնի տեղահանել են իրենց բնակավայրերից, եւ նրանք այսօր ապրելու որեւէ տեղ չունեն: Սրանք շատ կարեւոր հարցեր են, որոնց պետք է իրավական ուժ տրվեր: Այս օրենքով հնարավոր կլինի դա անել»,- ընդգծեց նա:
Հակոբյանը շեշտեց՝ «Արդարություն» խմբակցությունում քննարկվել է բռնազավթված հայկական այն տարածքների եւ բնակավայրերի ճակատագիրը, որոնք թշնամու կողմից օկուպացվել էին մինչեւ 2020 թ․ Արցախյան պատերազմը։
«Մենք խմբակցությունում քննարկել ենք, օրինակ, հետեւյալը՝ բռնազավթված տարածքներ ասելով՝ նկատի ունենք միայն 2020 թվականի պատերազմի արդյունքում մեր հայրենիքի օկուպացված տարածքները, թե՞ նաեւ պիտի ավելացվեն այն տարածքները, որոնք թշնամին բռնազավթել է 1990-ականների պատերազմի արդյունքում։ Դրանք են՝ Շահումյանի շրջանը՝ Գետաշեն ենթաշրջանով, համայնքներով ու բնակելի տարածքներով, Մարտակերտը բնակելի տարածքներ եւ համայնքներ ունի, Մարտունուց կան բռնազավթված տարածենք»,- մանրամասնեց նա:
Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը Արցախի հարցում, ինչպես նաեւ ծրագրային մոտեցումները, որոնցում գրեթե բացակայում է «Արցախի Հանրապետություն» եզրույթը, կասկածի տեղիք են տալիս՝ արդյո՞ք իշխող վարչախումբը օրենքի նախագծի շուրջ միակարծիք է։
«Բնականաբար, նրանք չեն կարող համակարծիք լինել եւ ընդունել նման օրինագիծ: Մենք ականատես եղանք Հայաստանի խորհրդարանի ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորների կողմից հնչեցված բազմաթիվ առաջարկներին՝ Արցախի Հանրապետության հետ կապված, որոնք որեւէ կերպ չընդունվեցին իշխող ուժի կողմից, հակառակը՝ երբեմն ծաղրանքի էին ենթարկվում: Չեմ կարծում, որ այս նախագիծը Հայաստանի իշխանությունների սրտով է, եւ նույնիսկ վստահ չեմ, որ չեն խանգարի: Դաշտում տարբեր վայ քաղաքագետների ենք հանդիպում, որոնք վերլուծություններ են անում, եւ այդպիսի մի վայ քաղաքագետ էլ Արցախում ունեն ներդրած, որն ամեն կերպ փորձում է օրենսդիր մարմնի նման նախաձեռնությունների վրա ցեխ շպրտել»,- ասաց նա:
Հարցին՝ գործընթացից ի՞նչ ակնկալիք ունեք, վերջնարդյունքը ի՞նչ պետք է լինի, պատգամավորը պատասխանեց․ «Վերջնարդյունքի մասին վաղ է խոսել, որովհետեւ այնպես է հիմա ամեն ինչ ձեւափոխվել, որ կանխատեսելը դժվար է: Շատ արագ են իրադարձությունները փոխվում, եւ միանշանակ կարծիք հայտնել կդժվարանամ: Այդուհանդերձ, մենք պետք է ունենայինք մի օրենք, որով կկարգավորեինք խնդիրների այն մասը, որն առաջացավ մեր հայրենիքի զգալի մասի բռնազավթումից հետո»։
Ի դեպ, սա այն բացառիկ նախագիծն է, որի շուրջ միաձայն համաձայնություն կա Արցախի խորհրդարանաի բոլոր քաղաքական ուժերի միջեւ։
Լիանա Սարգսյան