կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-11-27 13:20
Քաղաքական

Իշխող վարչախումբն ամեն ինչ անում է՝ ընտրությունների լեգիտիմությունը ստվերելու համար. Շահնազարյան

Իշխող վարչախումբն ամեն ինչ անում է՝ ընտրությունների լեգիտիմությունը ստվերելու համար. Շահնազարյան

Արտահերթ ընտրություններով որևէ լավ բան չի լինելու, քանի որ չի հաստատվելու ներքաղաքական կայունություն: Երկրորդ՝ ընտրությունների արդյունքները ներկայացնելու են այդ պահի հասարակության  քաղաքական խճանկարը, որը երեք ամիս հետո բոլորովին այլ է լինելու: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀՀԿ նախընտրական ցուցակով առաջադրված Դավիթ Շահնազարյանը:

Ըստ նրա` խաղաղ հեղափոխությունը Նիկոլ Փաշինյանի շնորհք չէր: «Իշխող վարչախումբն ու նրա պարագլուխն անընդհատ հայտարարում են, որ թավշյա հեղափոխություն են արել, բայց դա նրանց պատճառով չի եղել, այլ եղել է բացառապես նախկին իշխանությունների որոշումը: Այս քայլը հարգանքի է արժանի, եթե որևէ մեկը կարծում է, որ իշխանություններն այնքան թույլ էին, որ չէին կարող  ուժ կիրառել, ապա չարաչար սխալվում են»,- նշեց Շահնազարյանը:

Նա ակնարկեց, որ ՀՀԿ-ի մասնակցությունն ընտրություններին լեգիտիմություն է հաղորդում, քանի որ չկա այլ ընդդիմություն, բոլորը հեղափոխական են: «Իշխող վարչախումբը և նրա ղեկավարն ամեն ինչ անում են՝ ստվերելու համար ընտրությունների լեգիտիմությունը: Տեղի է ունենում վարչական ռեսուրսի աննախադեպ կիրառում: Կրկնում եմ՝ դեկտեմբերի 9-ին մենք արձանագրելու ենք հասարակական տրամադրություններն այդ օրվա դրությամբ»,- ասաց բանախոսը:

Շահնազարյանը պնդեց, որ, երբ ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեց միջազգային չափանիշները, որոնք անտեսվում էին, դրանից հետո միայն Նիկոլ Փաշինյանը արձակուրդ է վերցրել:

Քաղաքական գործչի կարծիքով՝ Փաշինյանը քաղաքական պայքարի ընդունակ չէ, նա զբաղված է միայն  հակաքարոզչությամբ: «Այն օրը, երբ այդ սև փիարը թուլանա կամ դադարեցվի, նշանակում է, որ իշխանությունները և պարագլուխը հստակ հասկացել են, որ մեծամասնություն ունենալու խնդիր ունեն»,- ասաց նա:

Շահնազարյանին հիշեցրեցին, որ ՀՀԿ-ն արժանապատվությունից խոսելու  տեղ չունի, քանի որ տարիներ շարունակ թալանել է  երկիրը: Նա արձագանքեց. «ՀՀԿ-ն է, որ պիտի խոսի արժանապատվությունից: ՀՀ-ում առաջին անգամ իշխող քաղաքական ուժն ընդունել է իր սխալները և չի խուսափում պատասխանատվությունից»:

Հակադարձմանը՝  այդ դեպքում  ՀՀԿ-ն իր  քարոզարշավի առաջին օրն ինչո՞ւ  ժողովրդի հետ չի անցկացրել՝ մարզում կամ քաղաքում, ինչպես Նիկոլ Փաշինյանը, այլ այն նշել է մասնավոր  միջոցառմամբ, և  որ նախկին իշխանությունների սխալները չպետք է մոռանալ,  Շահնազարյանը պատասխանեց՝ ՀՀԿ-ի մեծագույն  սխալը եղել է այն, որ կտրված է եղել իրականությունից,  իսկ լավ քայլը նրա վարած արտաքին քաղաքականությունն է եղել: Ավելին՝ այսօրվա քաղաքացիական սեկտորը կայացել է վերջին 10 տարում: