Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եթե ռուսական կողմը պարտություն կրեց ուկրաինական ճակատում, ապա այդ պարտությունը անմիջականորեն անդրադառնալու է Հայաստանի վրա. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը՝ անդրադառնալով Ռուսաստան-Արևմուտք հնարավոր ռազմական բախմանը:
Ինչպիսի՞ դրսևորում կունենա նշյալ բախումը Այսրկովկասում։ Քաղաքագետի կարծիքը հետևյալն է. «Եթե ռուսական կողմը պարտություն կրեց, ապա, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» կանցնի թուրքական կողմին։ Սա չափազանց վտանգավոր իրավիճակ է. մեզ համար ավելի դրական կլինի, եթե բախում չլինի։ Եթե Ռուսաստանը պարտվի, արդյունքում կստանանք թուլացած Ռուսաստան, կստեղծվի իրավիճակ, երբ Թուրքիայի գործընկեր Արևմուտքը կկարողանա Ռուսաստանին պարտադրել իր քաղաքական կամքը, իսկ դա էլ անմիջականորեն ազդելու է այս տարածաշրջանի վրա։ Մինսկի խմբի համանախագահների ֆորմատն էլ ընդհանրապես կփլուզվի, և այստեղ ոչ միայն կոմունիկացիաների վերահսկման խնդիրն է լինելու, այլև Արցախում ռուս խաղաղապահների խնդիրն է բարձրաձայնվելու, ինչպես նաև հայերի ֆիզիկական հայաթափման։ Հայաստանի երկու հանրապետությունների շահերից է բխում այն, որ Ռուսաստանը կարողանա ոչ միայն մինիմալ կորուստներով դուրս գալ ուկրաինական ճգնաժամից, այլև կարողանա Դոնբասի և Լուգանսկի վերաբերյալ Մինսկում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչել»,- ասաց քաղաքագետը։
Ըստ Բենիամին Մաթևոսյանի` ռուսական կողմը ելնում է այն թեզից, ըստ որի՝ քանի դեռ ուկրաինական ճգնաժամը չի ավարտվել, իրենք ինչ-որ հանգուցալուծման չեն հասել, Ռուսաստանին պետք չէ, որ այս տարածաշրջանում նոր պատերազմ լինի։
«Ռուսները հասկանում են, որ հայ-թուրքական հարաբերություններում վերջնանպատակն Անդրկովկասում ռուսական գործոնի իսպառ ոչնչացումն է. թուրքերը շահագրգռված չեն ՀՀ-ի հետ սահման բացելու հարցում, որպեսզի Բռնակոթ գյուղի Վաչիկը, որը ընտրել է Ն. Փաշինյանին, լավ ապրի։ Թուրքիան շահագրգռված է նրանով, որ ռուսական ներկայությունը վերացնեն թե՛ ՀՀ-ից և թե՛ Արցախից։ Ռուսաստանն ստեղծված իրավիճակում փորձում է քաղել իր շահը, նույն «Զանգեզուրի միջանցքի» վերահսկողությունը, ըստ ամենայնի, անցնելու է ռուսական կողմին։ Մենք պետք է մի բան հասկանանք. այս գործընթացում հայկական կողմն ակտիվ ներգրավվել է, քանի որ այստեղ կոնկրետ հաշվարկ կա։ Իսկ հաշվարկը հետևյալն է` թե՛ Ռուսաստանը և թե՛ Արևմուտքը Հայաստանում կարող են մեկ այլ գործընկեր գտնել, որի հետ կարող են արդյունավետ աշխատել։ Թուրքիան և Ադրբեջանը միակ պետություններն են, որոնք Ն.Փաշինյանի հետ պատրաստ են աշխատել. ավելի Նիկոլ, քան Նիկոլ Փաշինյանն է, ո՛չ Թուրքիան, ո՛չ Ադրբեջանը չեն գտնի։ Սրանից ելնելով է, որ Փաշինյանը, հասկանալով թե՛ Թուրքիայի, թե՛ Ադրբեջանի շահերը, փորձում է ինչ-որ ակտիվ գործընթացներ իրականացնել»,- ասաց բանախոսը։
Քաղաքագետը հիշեցնում է` Թուրքիայի և Ադրբեջանի համար Հայաստանի գոյությունը Այսրկովկասում անընդունելի է։
«Եթե այս երկու պետությունները հասնեն իրենց նպատակին, ապա հաջորդ քայլը լինելու է ոչ միայն ռուսական ռազմական ներկայությունը տարածաշրջանից դուրս մղելը, այլև հայկական պետականությունը ոչնչացնելը։ Եթե Փաշինյանին թվում է, թե թուրքերն իրեն պահելու են, որ ինքը լավ ապրի, Ռուսաստանից կարողանա հեռանալ և այլն, ապա՝ ո՛չ, իրեն պահելու են այնքան ժամանակ, մինչև կարողանան իրեն էլ, Հայաստանն էլ ոչնչացնել»,- ասաց Բ. Մաթևոսյանը։
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ընդառաջ շրջանառվող այն լուրերին, թե հնարավոր է ռուսական ռազմաբազան դուրս բերվի ՀՀ-ից, քաղաքագետի կարծիքով, եթե ռուսական ռազմաբազան դուրս բերվի ՀՀ-ից, ապա կվերածվենք նոր Սիրիայի։
«Եթե ռուսական ռազմաբազան այստեղ չլիներ, ապա հայկական պետականությունը ընդհանրապես գոյություն չէր ունենա։ Հենց ռուսական բազան այստեղ չեղավ, կոչնչանա այն միակ փրկօղակը, որը ներկայումս հայկական բանակի հետ մեզ թույլ է տալիս չվերածվել Սիրիայի։ Ռուսական ռազմաբազան թույլ է տալիս Հայաստանին չվերածվել Սիրիայի և թույլ չի տալիս թուրքական զորքերի մուտքը ՀՀ սուվերեն տարածք»,- եզրափակեց Բենիամին Մաթևոսյանը։
Լենա Կարապետյան