կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-28 21:09
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զուտ հայկական մոդելի բանակ է պետք․ Կարեն Հովհաննիսյան

Բանակին չպետք է վերաբերվել միայն ելակով կամ զինվորների ներքնազգեստներով, բանակը պետություն է պետության ներսում՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը Հայոց բանակի կազմավորման 30-ամյակի օրը։

Գործող իշխանությունը ևս, նրա համոզմամբ, շատ մեծ խնդիրներ առաջացրեց բանակի համար, այլ ոչ թե լուծեց նախկինից եկած խնդիրները։

«Ոչ մասնագիտորեն մոտենալու պատճառով մենք շատ մեծ խնդիրների առջև կանգնեցինք։ Դրա վառ ապացույցը նաև ոչ ճիշտ սպառազինությունն էր, այսինքն, մենք գնացինք հնչեղ սպառազինության վրա, այլ ոչ թե ճիշտ սպառազինության, որը համահունչ պետք է լիներ այսօրվա մարտահրավերներին»,-ասաց Կարեն Հովհաննիսյանը։

Նա կարծում  է՝ բանակում հարկավոր են նոր  մոտեցումներով գործողություններ։

«Բանակի այն մոդելը, որը գոյություն ունի, չհաջողված մոդել է և պետք է մենք գնանք հայկական  բանակի մոդելով․ դա պետք է լինի բացառապես հայկական, այլ ոչ թե մի քիչ վերցրած ռուսականից, մի քիչ ֆրանսիակնից և այլն։ Դա պետք է լինի մեր մենթալիտետին մոտիկ և հարիր»,-ասաց նա։

Հայկական մենթալիետին մոտիկ՝ ասելով, Կարեն Հովհաննիսյանը նկատի ունի, որ հայ ազգը պետք է ապրի երկու կյանքով՝ ռազմական և քաղաքացիական։ Նա առաջարկում է, որ երբ աշակերտը 12-րդ դասարանն ավարտում է՝ անկախ սեռից, ինչպես ընտրում է քաղաքացիական մասնագիտություն, այնպես էլ ընտրի ռազմական մասնագիտություն։ Նա կարևոր է համարում, որ մեր սպաները բարձրագույն կրթություն ստանան աշխարհի լավագույն ինստիտուտներում։ Բանակը պետք է զինվի ճիշտ սպառազինությամբ, ասում է փորձագետը, բարձրտեխնոլոգիական սարքավորումներ պետք է ներդնել բանակում։ Նաև կարևոր  համարում, որ ռազմական հոգեբանությանը շատ մեծ տեղ տրվի․ հայկական ռազմապարեր, ոգեշնչող տեքստեր, ինչպես նաև զինծառայողներին խոսակցական ադրբեջաներենի և թուրքերենի ուսուցում։

«Պետք է ունենանք բանակի մի մոդել, որը ապահովագրված լինի անձնային հարաբերություններից, օրինակ, հասնենք նրան, որ ԳՇ պետ չնշանակվի իշխանության կողմից, այլ հենց շտաբից՝ այնպես, ինչպես ընտրում են կաթողիկոսին․ եթե այստեղից սկսենք, կհասնենք նրան, որ այլևս անձնային հարաբերություններով պայմանավորված այս կամ այն սպան չի լքի Զինված ուժերը»,-ասաց Կարեն Հովհաննիսյանը։

«Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերը, որոնք ևս գործող իշխանությունները դադարեցրել են, ռազմական փորձագետի համոզմամբ, ամենահաջողված ծրագրերն էին, լավ կլիներ՝ շարունակվեին։ Իսկ «Ազգ-բանակի» մասին ասաց, որ մենք այնպիսի տարածաշրջանում ենք ապրում, որ մեզանից յուրաքանչյուրը պետք է լինի բանակի անդամ։

Աննա Բալյան

Մանրամասն՝ տեսնյութում․