կարևոր
1378 դիտում, 3 շաբաթ առաջ - 2024-12-16 16:04
Քաղաքական

Թուրքիայի քաղաքականությունը շատ ավելի լայն է, քան զուտ պանթյուրքիզմը. Կարեն Վրթանեսյանի արձագանքը՝ ՀՅԴ խորհրդաժողովին

Թուրքիայի քաղաքականությունը շատ ավելի լայն է, քան զուտ պանթյուրքիզմը. Կարեն Վրթանեսյանի արձագանքը՝ ՀՅԴ խորհրդաժողովին

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին միջոցառումից (շաբաթ օրն էր, ՀՅԴ-ն էր կազմակերպել) մի թեմայի անդրադառնամ. մեր քաղաքագիտական շրջանակներում պանթյուրքիզմի ընկալումներին։

Այս հարցում ես համակարծիք եմ Կիրո Մանոյանին, որ ոչ թե Թուրքիայի ծավալապաշտական ագրեսիվ քաղաքականությունն է բխում պանթյուրքիզմից, այլ պանթյուրքիզմն է բխում Թուրքիայի ագրեսիվ ծավալապաշտական քաղականությունից։

Պանթյուրքիզմը գործիք է։ Ավելի ճիշտ՝ գործիքներից միայն մեկը։

Տեսե՛ք...

Երբ պետք է ազդել հետխորհրդային տարածքի, Իրանի և Իրաքի թյուրքալեզու բնակչության վրա, թուրքերն օգտագործում են պանթյուրքիստական և մասամբ էլ պանթուրանիստական գաղափարները։

Երբ պետք է աշխատել սունիների հետ (ոչ միայն թյուրքախոս), միանգամից հիշում են Օսմանյան կայսրությունն ու խալիֆաթը, սուլթանին։

Ընդհանրապես մուսուլմանների հետ աշխատելիս էլ առաջ են մղում պանիսլամական գաղափարները, միաժամանակ Եվրոպային և ԱՄՆ-ին ներկայանալով որպես չափավոր իսլամի կողմնակիցներ (ինչը սակայն չէր խանգարում Էրդողանին աջակցելու Սիրիայում գործող ծայրահեղական խմբավորումներին)։

Իսկ Թուրքիայից Եվրոպա գաղթած թուրքերի հետ Էրդողանն աշխատում է ոչ միայն սունիական, այլև պահպանողական օրակարգերով (ավանդական ընտանիք ևն)։

Պահպանողականության, ինչպես նաև հակարևմտականության և եվրասիականության գաղափարները շահագործելով թուրքերն աշխատում են նաև Ռուսաստանի հետ, Դուգինի պես շառլատանների միջոցով։

Հակարևմտականության (անտիկոլոնիալիզմի փաթեթավորմամբ) գաղափարներով Թուրքիան աշխատում է նաև Աֆրիկայում։

Ի դեպ, երբ Էրդողանը նոր էր եկել իշխանության և զբաղված էր բանակը ջախջախելով, նա եվրոպական աջակցությունն ունենալու համար ներկայանում էր որպես ժողովրդավարության ջատագով։

Ինչու եմ այս ամենը թվարկում. փաստ է, որ պանթյուրքիզմը Թուրքիայի գործիքներից մեկն է միայն և հաստատ իր քաղաքականության առանցքը չէ։

Իշխանությունը պահելու համար, եթե պետք լինի, Էրդողանը կոմունիստ էլ կդառնա։ Ինչպես մի պահ Քեմալն էր հայ-հայա բոլշևիկ դառնում...

Մի խոսքով, ասածս հետևյալն է. Թուրքիայի այսօրվա քաղաքականությունը շատ-շատ-շատ ավելի լայն է ու բազմաչափ, քան զուտ պանթյուրքիզմը»։