կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-20 11:56
Հասարակություն

Ոստիկանության պետի ընտանիքի անդամի մեքենան տարվել է հատուկ պահպանվող տարածք. Փաշինյանը գոհունակություն հայտնեց

Ոստիկանության պետի ընտանիքի անդամի մեքենան տարվել է հատուկ պահպանվող տարածք. Փաշինյանը գոհունակություն հայտնեց

2018-ի ոչ բռնի, թավշյա, ժողովրդավարական հեղափոխությունից հետո մեզ համար սկզբունքային հարց է եղել Հայաստանում ժողովրդավարական իրավակարգի հաստատումը․ այսօր՝ հունվարի 20-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այդ ճանապարհին մեզ համար կարեւորագույն բարեփոխումներից մեկը եղել է պարեկային ոստիկանության հիմնադրումը: Ընդ որում՝ այդ պրոցեսը բավականին դժվար ընթացավ ձեզ հայտնի պատճառներով: Վրա հասավ կովիդը, հետո վրա հասավ պատերազմը, հետո՝ ներքաղաքական ճգնաժամ, եւ մենք շատ բարդ պայմաններում 2021-ի հուլիսին որոշում կայացրեցինք մեկնարկել գործընթացը, թեեւ այն լիարժեք մեկնարկային գործընթացում չէր:

Արդեն շուրջ 6 ամիս ՀՀ-ում գործում է պարեկային ոստիկանություն: Բացի այն, որ պարեկային ոստիկանության շուրջ բավական դրական մթնոլորտ է ստեղծվել, մենք ՀՀ ոստիկանապետի հետ աշխատանքային վերջին հանդիպման ժամանակ ամփոփել ենք միջանկյալ արդյունքները, եւ կարծում եմ՝ դրանք արժանի են հրապարակման: Մասնավորապես՝ մենք աշխատանքը համեմատել ենք ՃՈ-ի առաջին սպայական գումարտակի աշխատանքի հետ, որը Երեւանի ՃՈ-ն է: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոցը ոչ սթափ վարելու ոլորտում, նախորդ համեմատելի ժամանակաշրջանում, 565 նման արձանագրություն է կազմվել, պարեկային ոստիկանության կողմից՝ 1917, աճը՝ 3.5 անգամ:

Հաշվառման համարանիշի հետ կապված արձանագրություններ՝ նախկինում ՃՈ-ի կողմից 953 արձանագրություն է կազմվել, պարեկային ոստիկանության կողմից՝ 3435, աճը՝ 3,5 անգամ:

Գերձայնային ազդանշաններով կամ փարոսիկներով երթեւեկելու համար արձանագրություններ՝ նախկինում 2 արձանագրություն է եղել, պարեկային ոստիկանության կողմից՝ 15, աճը՝ 7 անգամ:

Առանց վարորդական վկայականի մեքենա վարելու արձանագրություններ՝ նախկինում կազմվել է 924 արձանագրություն, պարեկային ոստիկանության կողմից՝ 4674 դեպք, աճը՝ 5 անգամ:

Մայթով երթեւեկելու կամ կայանելու համար՝ նախկինում արձանագրվել է 60 դեպք, պարեկային ոստիկանության կողմից՝ 571 դեպք, աճը՝ 9,5 անգամ:

ԱՊՊԱ չունենալու համար նախկինում կազմվել է 614 արձանագրություն, պարեկային ոստիկանության կողմից՝ 5476 դեպք, աճը՝ 9 անգամ»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ խոսքը հուլիս-հունվար ժամանակաշրջանի մասին է:

Վարչապետը էլի մի շարք թվեր ներկայացրեց, այդ թվում՝ ոչ ճանապարհային կանոնների խախտումների մասին:

«Քավ լիցի, մեր դրական արձագանքը նրա մասին չէ, որ մեր քաղաքացիների նկատմամբ այսքան տուգանքներ են կիրառվել։ Մեր դրական արձագանքն այն մասին է, որ, մեր համոզմամբ, ձևավորվել է կարգուկանոն, օրենքի նկատմամբ հարգանք ձևավորելու որոշակի ինստիտուտ։ Պարեկային ոստիկանության գործունեության 7 ամսվա ընթացքում վարչական պատասխանատվության են ենթարկվել պաշտոնյաներ․ ես ռանգը նկատի ունեմ, որ երրորդ հանրապետության պատմության ընթացքում ոչ մի դեպք չունենք, որ այդ մակարդակի պաշտոնյաներ, նրանց ընտանիքի անդամներ ենթարկվեն վարչական պատասխանատվության»,- ասաց Փաշինյանը։

Որպես օրինակ՝ վարչապետը նշեց, թե ոստիկանության պետի ընտանիքի անդամի մեքենան տարվել է հատուկ պահպանվող տարածք։

«Սա շատ հիշարժան փաստ է, համապատասխան տուգանքը վճարվել է Ոստիկանության պետի ընտանիքի անդամի կողմից»,- ասաց Փաշինյանը։