Փոխարժեքներ
02 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.41 |
EUR | ⚊ | € 441.28 |
RUB | ⚊ | ₽ 4.7127 |
GBP | ⚊ | £ 517.6 |
GEL | ⚊ | ₾ 141.78 |
Հայաստանի կառավարությունը պայմանագիր է կնքել ամերիկյան Mercury Public Affairs լոբբիստական և հանրային կապերի կազմակերպության հետ, որը նախկինում ներկայացրել է Թուրքիայի դեսպանատունը Վաշինգտոնում։ ԱՄՆ արդարադատության նախարարության Օտարերկրյա գործակալների գրանցման մասին օրենքի (FARA) հիման վրա ներկայացված հաշվետվության համաձայն՝ Հայաստանի դեսպանատան հետ համագործակցությունը սկսել է 2025 թ. ապրիլի 1-ին։
Ըստ պայմանագրի պայմանների՝ Mercury ընկերությունը ամսական կստանա 50,000 ԱՄՆ դոլար՝ խորհրդատվական ծառայություններ մատուցելու համար։ Դրանց շրջանակում ներառված է նաև Հայաստանի՝ որպես Հարավային Կովկասում Միացյալ Նահանգների տարածաշրջանային և գլոբալ շահերի կարևոր գործընկեր, ռազմավարական և աշխարհաքաղաքական նշանակության ներկայացումն ու առաջխաղացումը։
Mercury-ն 2018-ից մինչեւ 2020 թ. հոկտեմբերն աշխատել է Թուրքիայի դեսպանատան հետ, սակայն Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ հայ-ամերիկյան համայնքի ուժեղ հակազդեցության արդյունքում լուծարել է պայմանագիրը։ Այդ ընթացքում Թուրքիան բացահայտ աջակցում էր Ադրբեջանին՝ տրամադրելով անօդաչու թռչող սարքեր, քաղաքական աջակցություն և նույնիսկ սիրիացի վարձկաններ։ Ընկերությունը շարունակել է համագործակցել նաև Թուրքիա–ԱՄՆ Բիզնես խորհրդի (TAIK) հետ մինչև 2022 թ. հունվարը։ Վերջինս գործում է Թուրքիայի Արտաքին տնտեսական հարաբերությունների խորհրդի (DEIK) հովանու ներքո։ Mercury-ի պայմանագրի դադարեցումից հետո DEIK-ը սկսեց աշխատել Actum ընկերության հետ, որը հիմնադրել էին Mercury-ի նախկին խորհրդատուները։
2023 թվականին 301-ը հաղորդել էր, որ «Սասնա Ծռեր»-ի հետ կապ ունեցող Ազգային ժողովրդավարական դաշինքը ներկայացվում էր The Livingston Group լոբբիստական ընկերության կողմից, որն առավել հայտնի է իր կապերով և բազմամիլիոնանոց ֆինանսավորմամբ՝ ստացված Թուրքիայի և Ադրբեջանի կառավարություններից։
Աղբյուրը՝ 301-ի