Երկրում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին Ղազախստանի նախագահը հայտարարել է, որ ՀԱՊԿ գործընկերներին դիմելը կօգնի հաղթահարել ահաբեկչական սպառնալիքը:
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ դիմել է ՀԱՊԿ-ի պետությունների ղեկավարներին ՝ խնդրելով աջակցել Ղազախստանին «ահաբեկչական սպառնալիքի» հաղթահարման հարցում:
Նա նշել է, որ «ահաբեկչական խմբավորումները» հսկողության տակ են վերցնում երկրի ենթակառուցվածքները։
«Իրականում սա այլևս միայն սպառնալիք չէ, սա պետության ամբողջականության խաթարում է, եւ ամենակարևորը ՝ հարձակում մեր քաղաքացիների վրա, որոնք խնդրում են ինձ, որպես պետության ղեկավար, շտապ կարգով օգնություն ցուցաբերել նրանց» - նշել է Ղազախստանի նախագահը:
Նա հավելել է, որ Ղազախստանում բողոքի ակցիաները պետք է դիտարկել որպես ագրեսիայի տարածում, ուստի ՀԱՊԿ-ին դիմելը տեղին և ժամանակին է համարում:
Հիշեցնենք, որ նոր տարվա առաջին օրերին Ղազախստանի Մանգիստաուի մարզի (նավթարդյունահանող տարածաշրջան երկրի արևմուտքում) Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները դուրս են եկել հանրահավաքների՝ բողոքելով հեղուկացված նավթային գազի գների կրկնակի աճի դեմ:
Երկրի Էներգետիկայի նախարարությունը պարզաբանել է, որ հունվարի 1-ից գազի գինը ձևավորվում է էլեկտրոնային բորսային աճուրդում՝ առաջարկի և պահանջարկի հիման վրա:
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հանձնարարել է իրավիճակը քննարկելու համար կառավարական հանձնաժողով ձևավորել։ Հունվարի 4-ին նախագահ Տոկաևն իր տեսաուղերձում կոչ էր արել իր հայրենակիցներին «խոհեմություն դրսևորել և չտրվել ներսից և դրսից իրականացվող սադրանքներին»։
Նա ընդգծել էր, որ քաղաքացիական ու ռազմական գերատեսչությունների վրա հարձակվելու կոչերն անօրինական են ու կարող են իրավական հետևանքների հանգեցնել։
Այսօր հայտնի դարձավ, որ Ալմաթիում ցուցարարներն արդեն գրավել են քաղաքային վարչակազմի շենքը։ Հարձակման փորձ է կատարվել նաև Ակտոբեում։
Կառավարությունը հրաժարական է ներկայացրել, իսկ երկրի նախագահ Կասիմ Ժոմարտ –Տոկաևը վարչապետի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վստահել է Ալիխան Սմաիլովին։
Հունվարի 5-ից 19-ը Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում արտակարգ դրություն է մտցվել: