Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պետական համակարգն այլևս չի ենթարկվում Նիկոլ Փաշինյանին՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը դեպի Ազգային ժողով քայլերթի ժամանակ լրագրողների հետ զրույցում:
«Փաշինյանն այդ համակարգում որևէ հենարան չունի, քանի որ պետական համակարգը զզված է նրանից և սպասում է հարմար առիթի՝ օր առաջ Փաշինյանից ազատվելու»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանն աջակիցներ չունի, և դա փաստ է՝ արձանագրեց Վանեցյանը։
«Մեզ համար կա մեկ նպատակ՝ երկիրը փրկել պարտված Նիկոլ Փաշինյանից և հաղթահարել առկա դժվարությունները: Առանց խտրականության՝ բոլոր միջոցները, հեռացնելու նրան, մենք համադրելու ենք՝ և՛ դրսի ճնշում, և՛ պատգամավորների հետ աշխատանք»,-ասաց նա։
Վանեցյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն ունի մեկ գործիք՝ իր բոլոր արածներն ու չարածները բարդել այս կամ այն մարդու վրա, մինչդեռ կա մեկ մեղավոր և այդ մեղավորը Նիկոլ Փաշինյանն է:
«Ի՞նչ է նշանակում՝ նախկինները ծախեցին Արցախը․ մենք 2,5 տարի առաջ ունեցել ենք ազատագրված Արցախ, մարտունակ բանակ, իսկ Փաշինյանի գալուց հետո ունենք Արցախի շուրջ 75 տոկոսի կորուստ և գրեթե ոչնչացված անվտանգային համակարգ: Մեղավորը պետք է պատասխանատվություն կրի և օր առաջ հեռանա»,-ասաց նա:
Թե ով կլինի վարչապետ, նշեց նա, ընթացքում կորոշեն:
««Հայրենիքի փրկության շարժումն» ունի իր միասնական թեկնածուն՝ Վազգեն Մանուկյանը: Կարեւոր է, որ կա կոնսենսուս նույն ԲՀԿ-ի եւ «Լուսավոր Հայաստանի» հետ, այսինքն ԱԺ-ում ներկայացված կուսակցությունների հետ, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա: Թե այնուհետեւ քվեարկությունը ոնց կլինի, ցույց կտա ժամանակը: Ես չեմ կարծում, որ այդ հարցի շուրջ համաձայնության չգան ԼՀԿ-ն ու մնացած խմբակցությունները»,-ասաց Արթուր Վանեցյանը:
Հարցին՝ Նիկոլ Փաշինյանը եւս պատրաստվում է արտահերթ ընտրությունների, այդ համատեքստում կարո՞ղ է Արարատ Միրզոյանն ընդունելի թեկնածու լինել, Վանեցյանն ասաց՝ նա մնացել է իր նախկին մանիպուլյատիվ դաշտում եւ մշտապես փորձում է մարդկանց խաբել:
«Որոշում չկայացնելը պատերազմի օրերին բերեց արհավիրքի: Եթե Նիկոլ Փաշինյանը կարողանար որոշում կայացնել եւ պատերազմի 3-4-րդ օրը կանգնեցնել պատերազմը, մենք կունենայինք քիչ զոհեր, քիչ կորցրած տարածքներ: Եթե նա որոշում կայացներ հոկտեմբերի 19-20-ին, մենք էլի կունենայինք ավելի քիչ զոհեր, ավելի քիչ կորցրած տարածքներ: Հիմա Նիկոլ Փաշինյանը մինչեւ որոշում կայացնի, որ պետք է հեռանա, մենք կունենանք անդառնալի հետեւանքներ մեր ներքին կյանքում»,-ասաց Արթուր Վանեցյանը:
Ավելի վաղ ներկայացրել էինք Արծվիկ Մինասյանի խոսքը։