կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-24 14:08
Հասարակություն

Սահմանադրական բարեփոխումների խորհրդի կազմում միջազգային կազմակերպությունների 2 ներկայացուցիչ կընդգրկվի

Սահմանադրական բարեփոխումների խորհրդի կազմում միջազգային կազմակերպությունների 2 ներկայացուցիչ կընդգրկվի

Սահմանադրական բարեփոխումների խորհրդի կազմում միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների թեկնածության հայտեր ներկայացնելու վերաբերյալ

ՀՀ վարչապետի 2021 թվականի դեկտեմբերի 17-ի N 1442-Ա որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) մեկնարկել է սահմանադրական բարեփոխումների խորհրդի (այսուհետ՝ Խորհուրդ) ստեղծման գործընթացը:

Ըստ վերոնշյալ որոշման՝ ստեղծվելիք Խորհրդի կազմում որպես լրացուցիչ անդամ խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են ընդգրկվել նաև Հայաստանի Հանրապետությունում գործունեություն ծավալող միջազգային կազմակերպությունների երկու ներկայացուցիչ: Այս մասին տեղեկանում ենք Արդարադատության նախարարությունից:

Ղեկավարվելով վերոնշյալով՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը (այսուհետ՝ Նախարարություն) հայտնում է, որ Խորհրդի կազմում ընդգրկվելու նպատակով հայտերը կարող են ներկայացվել Նախարարություն՝ մինչև 2022թ. հունվարի 10-ը:

Որոշմանը համապատասխան՝ հայտ կարող են ներկայացնել այն միջազգային կազմակերպությունները, որոնք՝

ա. գործում են մարդու իրավունքների պաշտպանության, իրավունքի գերակայության, ժողովրդավարական համակարգի ամրապնդման, օրենսդրության կատարելագործման, դատաիրավական համակարգի զարգացման ոլորտներում, և

բ. ներկայացուցիչ առաջադրելու պահին նախորդող առնվազն 5 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում անընդմեջ գործունեություն են ծավալել վերոնշյալ ոլորտներում:

Հայտին կից ներկայացվում են այն փաստաթղթերը (տեղեկություննեը), որոնք հավաստում են սույն հայտարարության 1-ին կետով նշված պահանջներին (չափանիշներին) հայտ ներկայացնողի համապատասխանությունը: Հայտ ներկայացնողը հայտում նշում է այն թեկնածուին, որին առաջարկվում է ընդգրկել Խորհրդում որպես Հայտ ներկայացողի ներկայացուցիչ, և ներկայացնում է իր ներկայացուցչի վերաբերյալ տվյալները (անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն), կենսագրությունը (curriculum vitae):

Հայտը և կից ներկայացվող փաստաթղթերը (այսուհետ՝ փաստաթղթեր) կարող են հանձնվել առձեռն, ուղարկվել փոստով կամ ներկայացվել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ հաստատված կամ ստորագրված և լուսապատճենված:

Փաստաթղթերն ընդունելու նպատակով Նախարարությունը վարում է համապատասխան գրանցամատյան, որում նշվում են հայտ ներկայացնողի վերաբերյալ հայտով ներկայացված տեղեկությունները և փաստաթղթերի քանակը:

Փոստով ուղարկված փաստաթղթերը համարվում են ժամկետում ներկայացված, եթե դրանք հանձնվել են փոստ՝ մինչև հայտարարությունում նշված ժամկետի ավարտը:

Փոստով և էլեկտրոնային եղանակով ուղարկված փաստաթղթերի ստացման վերաբերյալ հայտ ներկայացնողը ծանուցվում է փաստաթղթերն ստանալուն հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում՝ իր կողմից ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեով:

Նախարարությունը թեկնածուների ընտրությունը կատարում է հայտեր ներկայացնելու վերջնաժամկետը լրանալուց ոչ ուշ, քան 10 աշխատանքային օրվա ընթացքում և ապահովում է թեկնածուների ընտրության արդյունքների մասին տեղեկատվության տեղադրումը Նախարարության պաշտոնական www.moj.am կայքում: